Դեգերումներ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ

Դեգերումներ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ

2018 թվականի ապրիլյան իրադարձություններից եւ վարչապետ կարգվելուց հետո Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ դնում է Հայաստանի չորրորդ հանրապետության սկիզբը: Թե ինչպես էր պատկերացնում երրորդ հանրապետության գոյության պարագայում չորրորդին սկիզբ դնելը՝ ես ասել չեմ կարող: Ենթադրում եմ, որ ինքը եւս չգիտեր, քանի որ այդ հարցին ավելի մանրամասնորեն այլեւս չվերադարձավ: Ենթադրաբար, 4-րդ հանրապետությունն իր հռչակած երեւութական «ժողովրդավարության բաստիոնն» էր լինելու: Բայց քանի որ այն չէր կարող ձեւավորվել իրականության մեջ, ապա հենց դրան էլ «ականատես եղանք»՝ «բաստիոնը» չկայացավ: Ի հեճուկս հանրապետությունը բարեփոխումների ենթարկելու ակնկալիքների՝ անսպասելիորեն տեղի ունեցավ վատթարը՝ դրվեց 3-րդ հանրապետության վախճանի սկիզբը:

Դա ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության եւ Արցախի կարգավիճակային կորստի պայմաններում: 3-րդ հանրապետության վախճանի գործընթացը շարունակվեց հետպատերազմյան շրջանում ադրբեջանական նկրտումների եւ դրանց դրսեւորման՝ սահմանային տարածքների զավթումներին պատասխան չտալու (մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ը) տեսքով: Դեռեւս մարդկանց հիշողությունից չեն ջնջվել լճափի (Սեւ լճի), անմարդաբնակ սարերի համար կռիվ չանելու՝ Փաշինյանի կամ նրա ստորադասների հայրենամերժ խոսքերը: Էլ չասած Արցախի ճակատագիրը ռուսներին, իսկ ռուսների գնալուց հետո ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ իշխանավորների «դատողությունները»: 

Հայ ժողովրդի եւ, ընդհանրապես, մարդկային պատմության եւ դրա օրինաչափությունների չիմացության արդյունք են Արեւմուտքի եւ Հյուսիսի միջեւ Նիկոլի իշխանության դեգերումները: Որովհետեւ մի օր նման դեգերումները բերելու են, լավագույն դեպքում, լուրջ ճգնաժամի: Վատագույն դեպքում կարող է ավարտին հասցվել 3-րդ հանրապետության վախճանի գործընթացը: 

Ներկայացնեմ հիմնավորումը. 44-օրյա պատերազմը ՌԴ նախագահի միջամտության շնորհիվ կանգնեցնելուց հետո ՀԱՊԿ-ի դեմ արշավանքը, որքանով էլ իրենց կարծիքով հիմնավորված լինի, առաջացնում է Ռուսաստանի համապատասխան վերաբերմունքը: Արցախի անվտանգության ապահովումն արդեն ամբողջովին ռուսական կողմին հանձնելով՝ այդ իշխանությունը փորձում է նույնն անել Հայաստանի Հանրապետության առումով, բայց՝ հակառակ ուղղվածությամբ: Երկու-երեք ամիս եվրոպական այցերի ու եվրոպական չինովնիկների միջնորդության արդյունքում դրվեց Ադրբեջանի հետ պայմանագրային փաստաթղթի նախապատրաստության հարցը: Այդ գործընթացի արանքում ՌԴ նախագահը հրավիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Սոչի՝ քննարկելու խաղաղության հաստատման ռուսական տարբերակը: Որի դեպքում Արցախի ճակատագիրը ոչ թե հանձնվում է Ադրբեջանի հայեցողությանը, այլ ռուսական խաղաղապահների հովանավորության ներքո թողնվում է ապագային:

Ընդունելով հրավերը եւ ՌԴ մեկնելով՝ Փաշինյան Նիկոլը թվիթերյան իր էջում գրում է, որ ինքը դեռեւս սեպտեմբերի սկզբին համաձայնել է Ռուսաստանի կողմից առաջարկված բազային սկզբունքներին: Մնում է զարմանալ, թե ինչպես է ստացվել, որ համաձայնելով ռուսական տարբերակին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այնուամենայնիվ, առաջնորդվել է արեւմտյան առաջարկներով: