Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա

Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա

«Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա եւ պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը: Եվ սա՝ ի պատասխան «Վալդայ» ակումբի լիագումար նիստում Պուտինի հայտարարության, որով ՌԴ նախագահը՝ քիչ է ասել, թե ափի մեջ հրամցրեց այն իրավիճակը, որ Փաշինյանի կառավարությունը ստեղծել է 44-օրյա պատերազմով ու պատերազմից հետո: 

Իսկ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Հիմա դրված է խաղաղ կարգավորման հարցը: Մեր կարծիքով՝ դա, իհարկե, պետք է, ինչպես նաեւ՝ սահմանագծումն ու սահմանազատումը: Թե որ տարբերակը կընտրվի, դա հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք չենք ուզում եւ չենք պատրաստվում ինչ-որ բան թելադրել, պարտադրել Հայաստանին: Եթե ՀՀ ժողովուրդն ու այսօրվա իշխանությունն ուզում են ընտրել վաշինգտոնյան տարբերակը, որով Ղարաբաղն ամբողջապես ճանաչվում է ադրբեջանական, ապա՝ խնդրեմ: Մենք կաջակցենք հայկական կողմի ցանկացած ընտրություն: Եթե հայկական կողմը որոշի, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն, ապա դրանք եւս պետք է հաշվի առնվեն: Սակայն, անխոս, այդ պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Այս պայմանավորվածությունները պետք է նաեւ ընդունելի լինեն Ադրբեջանի համար: Սա, անշուշտ, շատ բարդ է: Սակայն Հայաստանը մեր դաշնակիցն է, ուստի մենք նախեւառաջ հաշվի կնստենք Հայաստանի առաջարկությունների հետ: Համենայնդեպս, որ տարբերակն էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք միայն կողմ ենք, բայց ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող ու չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»: ՌԴ նախագահը խոսել էր նաեւ մինչպատերազմական փուլում ՌԴ առաջարկների մասին՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները՝ պահելով Քելբաջարն ու Լաչինը՝ որպես հուսալի կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ, եւ շարունակել բանակցություններն Արցախի հարցով:

Պուտինի հայտարարությունները համադրելով Փաշինյանի գրառման հետ՝ կարելի է երկու հետեւություն անել․ ա) Փաշինյանը գժի տեղ է դնում Պուտինին եւ՝ բ) Փաշինյանը խոստովանում է, որ մեծ ուշացումով է սկսել աշխատել «Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա»՝ ընդամենը սեպտեմբերի սկզբից: 
Առաջին տարբերակը չենք քննարկի, թեեւ Նիկոլի պարագայում դա ամենահավանականն է: Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանը միայն 2022թ. սեպտեմբերի սկզբին ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման ռուսական կողմի առաջարկները: Նիկոլ Փաշինյանը, կարծես, իշխանության է եկել 2018թ. մայիսին՝ ԱԺ բոլոր ֆրակցիաներին խոստանալով, որ ոչ մի թիզ չի շեղվելու Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունից: Ինչո՞վ էր զբաղված Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը: Պատմությունն այդ մասին լռում է, իսկ Փաշինյանն էլ բավականաչափ պերճախոս չէ… Սկսել եմ իմ զրոյական կետից, ինչ պետք ա, էն էլ բանակցում եմ: Հետո 44 օր շարունակ պատերազմ էր: Այդ ընթացքում Պուտինը երկու անգամ առաջարկել է դադարեցնել կրակը: Փաշինյանը, սակայն, չի ընդունել այդ առաջարկները, եւ նրա այդ կամակորության արդյունքում մենք կորցրել ենք Շուշին: Կկորցնեինք նաեւ Ստեփանակերտը, եթե ռուսական խաղաղապահները չմտնեին Արցախ: Իսկ ի՞նչ էր մտածում Փաշինյանը ռուսական առաջարկների մասին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո: Խոսքը Քելբաջարն ու Լաչինն Ադրբեջանին վերադարձնելու մասին է, որոնք, ըստ Պուտինի, պետք է ծառայեին որպես հուսալի կապ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Ինչո՞ւ այդ շրջաններն անցան Ադրբեջանին՝ առանց Արցախի կարգավիճակի հարցը լուծելու: Թե բա՝ ես 25 հազար մարդու կյանք եմ փրկել… Սուտ: Դու 25 հազարանոց զորք տեսած կա՞ս կյանքումդ, գիտե՞ս գոնե, թե ինչ է նշանակում 25 հազարանոց զորք: Ռուսները 1500 մարդով մտան Արցախ՝ կորցնելով ընդամենը մեկ ուղղաթիռ:

2020թ. նոյեմբերի 9-ից մեկ տարի չանցած՝ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան Հայաստանում: Թյուրիմացաբար իշխանության ղեկին մնացած Փաշինյանը 2021թ. հունիսին, պետական լծակների գործադրմամբ, կրկին զավթեց իշխանությունը: Իր աթոռը պահելու համար նա ընտրություններից առաջ խոստումներ էր շռայլում սեփական ժողովրդին եւ «այո» ասում բոլոր միջազգային գործընկերներին: Ընտրություններից օրեր առաջ՝ մայիսին, Ադրբեջանի առաջին ներթափանցումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներկայացվեց որպես այդ երկրի հետ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների առաջին փուլ: Հետո մեջտեղ եկան խաղաղության խոստումները, որոնք էլ փուչիկի պես պայթեցին 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին՝ ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք լայնածավալ ներխուժմամբ: Եվ, ուրեմն, ինչո՞վ էր զբաղված Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում: Նա ընդունե՞լ էր արդյոք ռուսական կողմի առաջարկները, թե՞ Բրյուսելում ու Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի այլ տարբերակներ էր մշակում՝ հիմնված ադրբեջանական կողմի 5 առաջարկների վրա: Ի՞նչ էր անում Պրահայում Նիկոլը՝ Էրդողանի ու Ալիեւի ձեռքերը բռնած: Գուցե ռուսական առաջարկնե՞րն էր քննարկում նրանց հետ:

Սեպտեմբերի սկզբին, վերջապես, ռուսական կողմի առաջարկների վրա աշխատելու համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի կեսերին արգելափակում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան՝ նրան հայտարարելով անցանկալի անձ: Ավելի անհեթեթ վիճակ նույնիսկ դժվար է պատկերացնել: Իսկ Զատուլինը գուցե գալիս էր ռուսական կողմի առաջարկների հետ կապված ինչ-որ առաքելությամբ, ինչ-որ դիտարկումներ անելու, ինչ-որ ինֆորմացիա փոխանցելու… Վերցնում ու Ադրբեջանի հանգույն բլոկում ես նրան, որ ի՞նչ անես: Այն էլ՝ այն դեպքում, որ սեպտեմբերի սկզբին, եթե հավատանք գրածիդ, համաձայնել ես աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա: Վերջում էլ, թե բա՝ ես պատրաստ եմ դա հաստատել Սոչիում, տեսնենք՝ ռուսական կողմը կպաշտպանի՞ իր իսկ առաջարկները:

Ի՞նչ ասեմ, կապրենք՝ կտեսնենք: Դու դեռ հասիր Սոչի, հասկացիր, որ Արցախի հարցում ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա, հետո կխոսենք: