«Հրապարակ». Լարսում՝ խնդիրներ. Ռուսաստանը հասկացնում է՝ Ամերիկան գալու է քեզ ճանապա՞րհ տա

«Հրապարակ». Լարսում՝ խնդիրներ. Ռուսաստանը հասկացնում է՝ Ամերիկան գալու է քեզ ճանապա՞րհ տա

Լարսում դարձյալ բեռնատարների կուտակումներ են։ Տնտեսվարողները դժգոհում են, որ ռուսական կողմը չափազանց դանդաղ է բաց թողնում մեքենաները, հայկականները՝ առավել եւս։ Դրա հետեւանքով սկսել են նորից մեծ կորուստներ կրել, օրերով Լարսում հերթ կանգնել, ապա ապրանքը, որը պիտի Ռուսաստան հասներ, հետ բերել եւ այստեղ ոչնչացնել։

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Աշոտ Հակոբյանը, ով ծաղիկների արտահանմամբ է զբաղվում, երեկ Ֆեյսբուքում ահազանգ էր հնչեցրել` ուղղված կառավարությանը․ «Ալոոոոո՜ ՜ ՜ ....Որեւէ մեկը տեղյակ չի՞, որ արդեն 20 օր է՝ Լարսի անցակետը գրեթե անանցանելի է, որ միայն մեկ օրում տասնյակ բեռնատարներ՝ բարձված Հայաստանում արտադրված եւ ՌԴ արտահանվող ձկներով, պոմիդորով, ծաղիկներով, ճանապարհից հետ են վերադառնում, եւ էդ բարիքները թափելու ենթակա են, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարած մեր գործարարներն անորոշության մեջ են»։ Հակոբյանը դեռ հունիսին էր ահազանգել Լարսում տիրող վիճակի մասին՝ ներկայացնելով լուսանկարներ, թե ինչպես է ոչնչացնում թոշնած ծաղիկները։ Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ այն ժամանակ ճանապարհը ծանրաբեռնված էր, քանի որ Թուրքիայից եւ այլ երկրներից բեռները ծովով չէին գալիս, գալիս՝ Հայաստանով էին անցնում: Ռուսաստանը լուծեց հարցը` հիմա Նովոռոսիյսկի նավահանգստով են ապրանքները տեղափոխում։

«Հիմա ճանապարհի ծանրաբեռնվածություն չկա, եղանակային պայմանների խնդիր չկա, բայց քանի որ ռուսական կողմը մաքսակետում օրական մաքսիմում 20-30 մեքենա է թողնում, որ անցնեն, դրա համար էլ մեծ կուտակումներ են առաջացել։ Վրացիներն առանց հերթի անցնում են, մեր մեքենաները մնում են։ Մեր վարորդներն էլ ահազանգում են, որ սա ակնհայտ քաղաքական խնդիր է հայերի նկատմամբ, որը կապված է երեւի այս բանակցությունների, Սոչիում սպասվող հանդիպման հետ»,- ասաց Հակոբյանը։

- Այսինքն՝ կարծում եք, որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքակա՞ն։

- Տեխնիկական խնդիր չկա, ոչ էլ բեռների քանակն է Հայաստանից ավելացել, նույն մարդիկ նույն ապրանքն արտահանում են։ Ուրիշ տեղից մեքենաներն էլ առաջվա նման չեն գալիս անցնում։ Ընդամենը ռուսական կողմը շատ դանդաղ է սպասարկում, սկզբից ասացին՝ իբր Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված՝ պիտի ռենտգեն սարքով անցկացնեն, դրա համար է երկար տեւում, բայց ոչ մի սարք էլ դրված չէ, ոչ էլ էդպես մանրամասն ստուգում են։ Ընդամենը շատ դանդաղ են ձեւակերպում՝ օրը 25 մեքենա։ Էն ժամանակ օրը 500 եւ ավելի մեքենա էին ձեւակերպում։ Վարորդներն էլ զանգում են, թե՝ թողնում ենք հետ գանք, էս ապրանքն արդեն թափելու է, գնորդն էլ էնտեղ է դժգոհում, թե էլ ինչի՞ս է պետք, եթե պիտի գա հասնի, ես թափեմ։ Մենք էլ հետ ենք բերում, էստեղ ենք թափում։

- Իսկ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չե՞ն խնդրի մասին։

- Գիտեն, դրա համար էի գրել՝ ալոոո՜, որեւէ մեկը ձայն չի՞ հանում էս խնդրի մասին։

- Ես հիշում եմ` նախարարն այն ժամանակ ասում էր՝ իրենք վրացական կողմի հետ բանակցել են, որ Հայաստանից շուտ փչացող մթերքներն արտահերթ անցնեն։

- Էն ժամանակ ծանրաբեռնվածություն կար, իսկ հիմա ցանկացած բեռ՝ փչացող կլինի, թե չփչացող, տարանջատում չկա՝ գնացեք կանգնեք հերթ, ու շատ կոպիտ ձեւով վրացական մեքենաները բերում կանգնեցնում են հայկական մեքենաների դիմաց։ Երեկ գազի ցիստեռններով 2 վրացական մեքենա բերել քաշել են մեր ավտոյի դիմաց ու ասել՝ դու մնա, թող իրենք անցնեն։ Սա ակնհայտ Ռուսաստանի կողմից մեր՝ հայերի դեմ է ուղղված։ Կարծում եմ՝ ենթատեքստն այն է, որ ամերիկացիներն էստեղ աշխուժացել են, Ռուսաստանն ուզում է ասել՝ Ամերիկան գալու է քեզ ճանապա՞րհ տա։ Լավ, եկան էդ քո արեւմտյան ուժերը, եկան հանեցին քեզ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, վերջում քեզ ճանապա՞րհ է տալու, որտեղո՞վ ես գնալու, օդո՞վ։

- Ոմանք նկատել են, որ ամեն անգամ, երբ ՀՀ ղեկավարը, անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ, մեկնում էր Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման, դրանից մի քանի օր առաջ ռուսական կողմը խստացնում էր Լարսում հայկական մեքենաների անցումը, որ ստիպի ինչ-ինչ զիջումների գնալ։

- Դե, սա իրենց ազդեցության գոտին է, հիմա սրտներին չի նստում, որ ամերիկացիները եկել բզբզում են, որ բան փոխեն` եղանակ ստեղծեն, ռուսը դուրս գա էս տարածքից։ Երեկ պարզ չասա՞ց Պուտինը, որ ուզո՞ւմ եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել, եկեք արեւմտյան տարբերակը ստորագրեք։ Դրանից հետո էլ կարդացի Փաշինյանի հրապարակումը Թվիթերում, որ մենք համաձայնել ենք Ռուսաստանի տարբերակին։ Հիմա հույս ունենանք, որ ամսի 31-ից պիտի բացվի, եթե Ռուսաստանի տարբերակն ընդունվելու է եւ աշխատելու է։