Մեկնել էին մեկ պահանջով՝ բարձրաձայնելու գերիների վերադարձի հարցը

Մեկնել էին մեկ պահանջով՝ բարձրաձայնելու գերիների վերադարձի հարցը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, մի քանի օր է՝ փոթորկել է հայ հանրությանը։ Հանդիպման եւ պատվիրակությունների կազմի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին նախ ռուսական մամուլում, հետո՝ նաեւ մեզ մոտ։  

Հայկական կողմից պատվիրակության կազմում էին Երեւանի տիկնիկային թատրոնի գեղղեկավար Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը եւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ադրբեջանական կողմից եւս 4 հոգի են ներկայացված եղել․ 3 համալսարանների (կոնսերվատորիայի, ճարտարապետաշինարարական եւ օտար լեզուների) ռեկտորներ եւ մեկ կինոգործիչ։

Ի դեպ, երկու կողմից էլ կազմն առաջարկել է ռուսական կողմը, իսկ գործընթացի մոդերատորը եղել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն: Ու քանի որ հանդիպման մասին տեղեկությունը մամուլում հայտնվեց ավելի ուշ եւ առանց հստակ մանրամասների, թե ինչու են մեկնել Մոսկվա, որն է եղել հանդիպման օրակարգը, ինչ հարցեր են շոշափել մեր ներկայացուցիչները, հանրությունը խաչին գամեց պատվիրակության անդամներին՝ նրանց որակելով դավաճաններ, ովքեր ադրբեջանցիների հետ ծածուկ Մոսկվայում խաղաղության դարաշրջան են բացում։   

Նախօրեին Հայաստան վերադարձած պատվիրակության անդամներից հետաքրքրվեցինք, թե ինչու են գնացել այդ հանդիպմանը, ինչ սպասելիքներ ունեին, եւ արդյո՞ք արդարացան դրանք։  

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկխոսությունից խուսափելը համարում է թուլության եւ խեղճության նշան։ Ավելին՝ կարծում է, որ բոլոր խնդիրները պետք է բարձրացվեն հենց մեր կողմից եւ ոչ թե միջնորդների։ «Մենք ասացինք՝ եթե խոսում ենք վստահության մասին, պետք է արվեն գործնական քայլեր, այդ տեսանկյունից մեր էքզիստենցիալ հարցը գերիների խնդիրն է։ Ասացինք, որ անհնարին է շարունակել հանդիպումները նույնիսկ ուրիշ ֆորմատներով, եթե այս հանդիպումը կոնկրետ չունենա արդյունք, ընդ որում արդյունքը պետք է լինի հումանիստական՝ գերիների հարցը։ Ասացինք՝ դիմում ենք ձեզ, որպեսզի ձեր պետության առաջ բարձրաձայնեք այդ հարցը, որովհետեւ ձեզ է ուղարկել ձեր պետությունը։ Իրենք էլ ասացին, որ համոզված եղեք՝ բոլոր գերիները կվերադառնան»,-պատմեց Բաբայանը։

Ի պատասխան հայկական պատվիրակության բարձրաձայնած՝ գերիների վերադարձի պահանջի, ադրբեջանցիներն էլ նշել են իրենց հուզող խնդիրը՝ կապված ականապատ դաշտերի հետ, նշելով, որ Հայաստանի կողմից հանձնված քարտեզներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, եւ այս ընթացքում մոտ 200 հոգի զոհվել ու վիրավորվել է։ «Մենք դիմեցինք նաեւ Մ․ Շվիդկոյին, ասացինք, որ միջնորդն իր վրա որոշակի պարտավորություններ պետք է վերցնի ոչ միայն մի սեղանի շուրջ երկխոսություն ծավալելու համար, այլ նաեւ նպաստի, որ այդ արդյունքը լինի, հակառակ դեպքում հանդիպումը դառնում է անիմաստ ու ձեւական, որի կարիքը բացարձակապես չունենք»։

Բաբայանն ասաց՝ հիմա երկու կողմերն էլ հետեւում են, թե հանդիպման հետ կապված՝ ինչ է գրվում հարեւան երկրի մամուլում․ «Արդեն կարդացել եմ որոշ հոդվածներ, իրենք կոռեկտ ձեւով ներկայացրել են հանդիպումը ու նաեւ մեր պահանջը՝ գերիների վերադարձը։ Ես շատ լավ գիտեի, որ երբ մենք գնանք այդ հանդիպմանը, այստեղ սկսելու են հարձակումները, բայց այդ ամենը երկրորդական է, որովհետեւ ես պատրաստ եմ ամեն ինչի՝ հանուն մեր երեխաների վերադարձի»։

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասում է, որ իրենց պահանջն այդ հանդիպումից մեկն էր՝ բարձաձայնել մեր գերիների վերադարձի հարցը․ «Ես գնացել էի մեր երեխաների համար, որովհետեւ իմ թոռնիկը, որ պատերազմի ժամանակ ծառայում էր Հադրութում, մահից պրծավ, այդ օրերին ես անգամ հույս չունեի, որ իմ թոռը, տղաները կվերադառնան, ու անընդհատ պատկերացնում էի, որ գերի կընկնեն։ Ու հիմա նույն ձեւով սարսափած եմ մեր գերիների՝ Ադրբեջանում գտնվելուց, որովհետեւ գիտեմ, թե ինչ կարող են անել նրանց հետ։ Այդ երեխաները նույն իմ թոռնիկներն են, որոնք գերի են ընկել, եւ ոչ ոք լրջորեն նրանցով չի զբաղվում, որովհետեւ մե՛կ դիվերսանտ են համարում, մե՛կ՝ լրտես, մե՛կ՝ դասալիք, ինչը շատ վիրավորական է։ Ես կյանքս էլ կտամ այդ երեխաների համար»։

2-օրյա հանդիպումներից հետո Մ․ Շվիդկոն խոստացել է, որ գերիների հարցը դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի։ «Մեր հստակ դիրքորոշումն այն էր, որ ոչինչ չենք կարող ձեզ հետ խոսել, մինչեւ երեխաներն ազատ չլինեն, ոչ մի հայ ձեզ հետ երկխոսելու ոչ մի եզր չի գտնի, մինչեւ բոլոր գերիները չազատվեն։ Նրանք էլ խոսեցին իրենց զոհերից, որ վերջին տարում ականապատ դաշտերի վրա 200 զինվոր է զոհվել, բայց ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նրանց պատասխանեց, որ մեր հոգում հազարավոր ականապատ դաշտեր կան, որոնք իրենք դրել են տարբեր առիթներով՝ տարբեր տեղերում,- ասում է ռեժիսորն ու նկատում, որ իրենց խոսքը սառը ցնցուղի էֆեկտ է ունեցել։- Գուցե կարծում էին, որ գալու ենք խեղճացած, վախեցած, բայց մենք կիրթ եւ համարձակ ձեւով դրեցինք մեր պահանջը։ Ես նրանց ասացի՝ երեւի չգիտեք ինչ եք արել մեզ հետ, իմ ֆիլմերից մեկը՝ «Վերադարձ ավետյաց երկիրը», սկսվում է հենց սումգայիթյան ջարդերով, դա ոչ ոք չի մոռացել, ես տվեցի իմ 2 ֆիլմերը նրանց եւ ասացի՝ նայեք, նշելով, որ ուզում եմ նայեմ նաեւ ձեր ֆիլմերը, որոնք ոչ թե ատելություն են առաջացնում ու քարոզում, այլ մտահոգություն պատերազմի հանդեպ»։

Անդրադառնալով այստեղի արձագանքներին՝ ռեժիսորը նկատեց․ «Կան մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմին, կորցրել են երեխա, գիտեն դրա սարսափելիությունը եւ հասկանում են մեր գործի կարեւորությունը, որովհետեւ սրանով մի հույս էլ է ավելանում, որ երեխաները կազատվեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մի բան, որով երբեք չեմ զբաղվել, ունեն չարություն կամ պատվերներ, բայց այս թշնամությունը տարբեր կուսակցությունների, կլանների միջեւ կործանում է Հայաստանը, որովհետեւ բոլորի մոտ կա մորթելու, վառելու, ջարդելու ցանկություն»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւս իր էջում անդրադարձել է այս հանդիպմանը՝ հիշեցնելով, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են ե՛ւ 2004-ին, ե՛ւ 2006-ին, ե՛ւ 2008-ին:
«Ես խոսել եմ որպես բժիշկ, պատմել եմ զինվորի տան մասին, որը ստեղծել է համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են զինվորի տանը հենց ադրբեջանցու պատճառով… Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղակատվություն, այդ իսկ նպատակով առաջարկել ենք բժիշկների խմբի գործուղում գերիների մոտ… Շուրջ մեկ տարի միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ՝ օգնել մեր երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Հավելեմ, որ ամիսներ առաջ այդ հարցով անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին… Եվ վերջում ես՝ որպես բժիշկ, արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե՛ հանդիպման ժամանակ եւ թե՛ հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին: Այս հանդիպումը հնարավորություն էր՝ այդ նպատակին հասնելու, ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք...»,- մասնավորապես նշել էր նա։

Ի վերջո, ինչո՞ւ այս հանդիպումն այսքան փոթորիկ բարձրացրեց մի բաժակ ջրում, ինչո՞ւ, օրինակ, մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի տված ասուլիսն այսքան աղմուկ չբարձրացրեց, որքան այս հանդիպումը, ինչո՞ւ մեր հանրությունը չի վիրավորվում, երբ երկրի առաջին դեմքն Արցախն անվանում է ԼՂ ինքնավար մարզ, խոսում այդ «մարզում» ապրած ադրբեջանցիների իրավունքների մասին եւ մոռանում մեր գերիների գոյության մասին, դեռ մի բան էլ դատուդատաստանով սպառնում նրանց, որոնց նախընտրական շրջանում հերոսացնում էր։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ասուլիսից հանրության ուշադրությունը շեղող այս հանդիպումն առիթ էր, որպեսզի թնամու, դավաճանի պիտակը հասարակությունն իր ձեռքով վերցնի ու փակցնի 4 մտավորականի վրա, ովքեր, ի տարբերություն պետության ղեկավարի, համարձակություն են դրսեւորել թշնամու պատվիրակության հետ խոսել նախապայմանների լեզվով՝ պահանջել ազատ արձակել գերիներին։

Կարելի է նաեւ դատավորի կեցվածքով պնդել, թե միամտություն է կարծել, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, բայց ո՞վ չի անի ամեն հնարավոր ու անհնար բան, երբ խոսքը մեր գերեվարված տղաների, եղբայրների մասին է։ Զարմանալի է նաեւ, որ մինչ օրս որեւէ գերատեսչություն հաղորդագրություն չի տարածել, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում, չի պաշտպանել Մոսկվա մեկնած անձանց։ Մնում է արձանագրել, որ երկրում տիրող քաոսը ձեռնտու է բոլորին, որովհետեւ իրար սկսեցին վարկաբեկել ու անվանարկել նաեւ մտավորականները։ Օրինակ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը պատվիրակներին անվանել էր Նիկոլի «հետեւում» գտնվող «մշակութային էլիտա»՝ մոռանալով, որ 3 տարի առաջ, Նիկոլի թավիշից ոգեւորված, նախարարության շենքի դիմաց ինքն էլ պահանջում էր Ամիրյանի հրաժարականը։ Ի դեպ, նրա գրառման տակ մի օգտատեր կոչ էր արել․ «Մոսկովյան հյուրանոցի նույն համարում․․․ գիշերը քնած ժամանակ Ադրբեջանի մշակույթի գործիչները դրանց մորթեին՝ պրծնեինք»։

Ահա, այսպիսի սաֆարովներ ծնեց հեղափոխությունը մի երկրում, որի իրավապահ մարմիններն անմեղ ստատուսների համար մարդկանց են բերման ենթարկում, իսկ բռնության կոչերի վրա՝ աչք փակում։ 4 հոգանոց պատվիրակության կազմը հունից հանել էր նաեւ «Ձայն հայրենյաց» շարժմանը, որն այսօրինակ բնորոշումներ էր տվել նրանց՝ «տիկնիկավար-խամաճիկը», «շինիչ Արմենը», «ծիրանահամ ռեժիսորը»․․․։ Ավաղ ու ցավոք, այս մեկ տարվա ընթացքում 400 հոգուց ավելի համախոհ ունեցող «Ձայն հայրենյաց» մտավորականության ձայնը լսելի չեղավ անգամ սեփական երկրում, եւ փոխանակ մեկտեղելու ջանքերը, լծվել են իրար վրա ցեխ շպրտելու գործին, մի բան, ինչը ձեռնտու է հատկապես թուրքին։