Ծնունդով ջավախքցի ռուսաստանաբնակ հայերը իրենց խիստ վրդովմունքն են հայտնել ՌԴ Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանդեպ

Ծնունդով ջավախքցի ռուսաստանաբնակ հայերը իրենց խիստ վրդովմունքն են հայտնել  ՌԴ Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանդեպ

Ծնունդով ջավախքցի ռուսաստանաբնակ հայերը իրենց խիստ վրդովմունքն են հայտնել վանդալիզմի եւ անկրթության այն գործողության հանդեպ, որ իրականացվել է ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային Դումայի պատգամավորի կողմից, հիշեցնելով, որ քաղաքը հիմնադրվել է հենց հայերի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ փոխանակ պատգամավորը զբաղվի Արմավիր քաղաքի բնակիչներին հուզող խնդիրներով, որոշել է ինքնիրավչություն ցուցաբերել ու պայքարել հայ հերոսի հուշատախտակի դեմ։ Հայտարարության մեջ արձանագրված է, որ հարձակումն իրականացվել է Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գտնվող հուշարձանի հուշատախտակի հանդեպ եւ չի կարող անտարբեր թողնել հայերին՝ Ռուսաստանի բոլոր ծայրերից, նաեւ Հայաստանից, Եվրոպայից, Վրաստանից ու Ջավախքից։ «Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ պատերազմը պատմության դեմ վայելուչ արարք չէ եւ չի բերի որեւէ լավ բանի իրապես եղբայրական եւ դարերով միահյուսված արմատներ ունեցող Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների համար։ Մենք վճռականապես պահանջում ենք, որպեսզի մեղավորը կրի պատասխանատվություն։ Միաժամանակ խնդրում ենք մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ Սփյուռքին եւ ողջ քաղաքակիրթ հանրությանը լինել առավելագույնս զուսպ եւ չտրվել սադրանքներին»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ խոսքն այն միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Արմավիր քաղաքում, երբ քաղաքային Դումայի պատգամավորը սեւ ներկով ներկել է Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը։