Ինչ է՝ ասֆալտին պիտի փռես, որ նո՞ր ասֆալտ փռեն

Ինչ է՝ ասֆալտին պիտի փռես, որ նո՞ր ասֆալտ փռեն

Երեւան-Սպիտակ։ Սպիտակ-Երեւանը մեր տան ճամփան է: Ճանապարհը միայն ֆունկցիա կատարող չէ: Ճանապարհն ապրելակերպ է, գեղեցիկի էլեմենտ, նույնիսկ, ինչ-որ տեղ, երկրի դեմքն է:

Դուք էլ նկատած կլինեք, որ տասնամյակներ շարունակ, ամեն տարի՝ գարնան գլուխ, Հայաստանի ճանապարհներն ասֆալտապատում են, իսկ հաջորդ տարի զբաղվում են կարկատելով: Այս տարի ամռան սկզբներին Երեւան-Սպիտակ-Վանաձոր ճանապարհին եռուզեռ էր: Ուզում եմ անկեղծ լինել: Մտածեցի՝ միթե նորից, այսպես կոչված, փող լվանալու գործոնն սկսվեց: Երեկ Սպիտակից Երեւան գալիս համոզվեցի, որ չարաչար սխալվել եմ: Ասեմ, թե ինչու:

Տասնամյակներ շարունակ գնում-գալիս եմ, սակայն այս անգամ նման բարձրորակ աշխատանք ես չէի տեսել: Այ, այստեղ կարելի է ասել, որ, իսկապես, իրավիճակ է փոխվել։ Ու մտածում ես, որ լավին պիտի լավ ասել, վատին՝ վատ։ Մի բան, որը մեզանում այսօր գրեթե բացակայում է։ Անկեղծ ասած՝ մտքումս տալիս-առնում եմ, թե ինչու պիտի ասվի՝ ասֆալտին փռեմ, որ նոր բարձրորակ ասֆալտ փռեն։

ՀԳ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհերի հիմնական պատճառը նաեւ ճանապարհների խցանումն էր: Վերականգնողական աշխատանքների ժամանակ որոշվեց Ջրաշեն գյուղի մոտից, Սպիտակ քաղաքը շրջանցող, դեպի Վանաձոր տանող նոր ճանապարհ կառուցել: Նույնիսկ Ջրաշեն գյուղի պռնկից ճանապարհի շինարարական աշխատանքներին սկիզբ դրվեց: Հրաշալի նախագիծ էր։ Մի ճանապարհը, որ Ջրաշենի մեջքի լեռներով, Կաթնաջուր գյուղով Երեւանը Գյումրիի հետ էր կապում, իսկ մյուս մասը՝ Ջրաշենից, Փամբակի լեռների ստորոտով Երեւանը Վանաձորի հետ։ Առաջինն իրականացվեց, իսկ երկրորդ ճանապարհի սկիզբը դրվեց ու այդպես էլ չշարունակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ գործածության մեջ մտավ «Մեր տունը մենք պիտի կառուցենք» կարգախոսը, եւ ճանապարհ բացող շինարարներին Հայաստանից քշեցինք։ Հիմա եթե առաջիկա մեկ-երկու տարիներին էլ Սպիտակը շրջանցող Երեւան-Վանաձոր ճանապարհն իրականություն դառնա, ես կասեմ, որ իսկապես իրավիճակ է փոխվել։

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ