Դա հանրային հեռուստատեսություն չէ` հակահանրային է, պալատական ինչ-որ մեկի քմահաճույքով ապրող լրատվամիջոց

Դա հանրային հեռուստատեսություն չէ` հակահանրային է, պալատական ինչ-որ մեկի քմահաճույքով ապրող լրատվամիջոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: «67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը: Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:

Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում: Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել: Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը: 2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը: Հեռուստատեսության հարգելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում: Բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե սմարթֆոնի էկրանին» , - ասել է Փաշինյանը: 

Եւ նման ուղերձներ հղում են այն օրերին, երբ եթերազրկել են երկու անկախ` իշխանությունների կողմից չկառավարվող հեռուստաընկերություններ. Հ2-ը եւ «Երկիր Մեդիան»:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեռուստաընկերությունները ցենզուրայի չեն ենթարկվում ասում է, որ դա իրականությանը չի համապատասխանում: Գրականագետի խոսքով` այն լրատվամիջոցները, որոնք հայտնվում են փաշինյանական ավտորիտար խոշորացույցի տակ, անգամ ընդդիմադիր չեն, պարզապես օբյեկտիվ են և հայ ժողովրդին են ներկայացնում այն ողբերգությունները, որոնց միջով անցնում ենք. 

«Իրավիճակն այնքան պարզունակ է, որ ոչ խելք է պետք, ոչ էլ կրթություն, ոչ էլ անգամ Հայաստանի սահմաններից ներս ապրել` հասկանալու համար, որ հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնք անգամ մեկ քննադատական խոսք են ասել այս բռնապետական խունտայի դեմ, փակվել են, կամ կանգնել են փակման վտանգի առաջ: Այդ Փաշինյան կոչեցյալը մի գործիք է գտել, որը դատարանի որոշմամբ հանցագործ է և այդ գործիքի միջոցով լռեցնում է ազատ խոսքը: ՀՌՀ է կոչվում, ինչ է կոչվում, դրա կիսագրագետ ղեկավարը, անգամ անունը չեմ հիշում, ուղեղս չեմ ծանրաբեռնում: Հանրային սփռում ունեցող «Երկիր մեդիան», Հ2-ը զրկվեցին սփռումից: Դե ի՞նչ սպասես մի մարդուց, ով ժողովրդավարության անվան տակ զոհված զինծառայողների ծնողներին` բերետավորների ձեռքով կալանավորում է: Ազատ, առանց ցենզուրայի մամուլը մեր աչքի առաջ է: Որտե՞ղ է «Երկիր մեդիայի», Հ2-ի հանրապետական սփռման հնարավորությունը: Այսօր հետապնդման տակ է 5-րդ ալիքը: Ես անգամ այս հեռուստաընկերություններին չեմ անվանում ընդդիմադիր, նրանք անգամ ընդդիմադիր չեն, պարզապես օբյեկտիվ ներկայացնում են Հայաստանում տեղի ունեցող ողջ ողբերգությունը: Նրանք ընդամենն ահազանգում են, որ Հայաստանը կործանվում է: Ես չեմ զարմանում, որ այդ մարդը նման ստեր է խոսում: Նա ամեն օր ժողովրդին ստելու, ծաղրելու նոր ռեկորդներ է սահմանում, ես նրա ոչ մի ասածից չեմ զարմանում: Հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ չի եղել մի հայ, կամ նույնիսկ օտարազգի գործիչ, ով այսքան շատ կարհամարհեր հայ ժողովրդին», - ասում է Սրապիոնյանը: 

Հանրային հեռուստաընկերությունն ի՞նչ վիճակում է այսօր, ըստ Ձեզ, օբյեկտի՞վ է արդյոք ժողովրդի հարկերից սնվող լրատվամիջոցը, որքանով է այն ծառայում հանրությանը:

Մեր զրուցակիցն ասում է. 

«Հանրային հեռուստաընկերությունն ամեն օր բռնաբարում է հայոց լեզուն, բռնաբարում է հայ միտքը, ապուշացման դոզաներ ներարկելով սեփական ժողովրդի մտածողության մեջ: Հասկանալի է, թե այդ հեռուստաալիքը` միակը, որը սփռվում է ողջ ՀՀ-ում, այն էլ` իմ հարկերի հաշվին, դա հանրային չէ, դա հակահանրային է, պալատական ինչ-որ մեկի քմահաճույքով ապրող լրատվամիջոց: «Հայկական ժամանակ» կոչվող թերթի նման մի ընտանիքին պատկանող գործիք, ուրիշ ոչինչ….»:

Սակայն Հ1-ը մշտապես` բոլոր ժամանակներում է եղել իշխանության ձեռքին գործիք: Սերժ Սրապիոնյանն ասում է.

«Հանրայինը եղել է իշխանական, կա այդտեղ ճշմարտության մաս, սակայն այդ նույն Հ1-ը առաջ այլ ձևով էր աշխատում, քննադատում էր իշխանություններին, վերլուծական ծրագրերով էր հանդես գալիս: Առաջ «Կենտրոն» հեռուստաընկերություն կար, որի դիմագիծը փոխել տվեցին, «Շանթ» կար, «Արմենիա» կար, նայեք առաջ ինչպես էին աշխատում, ինչպիսի հաղորդումներ էին եթեր հեռարձակվում և համեմատեք այսօրվա հետ: Մատերի ծայրերը սերիալներից վերև այսօր չեն բարձրացնում, իսկ սերիալները հայ ժողովրդի կործանման հիմնական բաղադրիչներից է: Հենց այդ սերիալները մեր ժողովրդի ուղեղը քամեցին», - եզրափակեց գրականագետը: