Արտահերթ ընտրություններն անխուսափելի են․ Վարդան Աթաբեկյան

Արտահերթ ընտրություններն անխուսափելի են․ Վարդան Աթաբեկյան

Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է։ Չնայած Հայատանի ներսում ու շուրջ ստեղված ծանր վիճակին իմքայլականները չեն հրաժարվում վարչախպետի աթոռից, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում ցանկանում իրենց վարչապետին պահել՝ հնարավոր ընտրությունները նրա օրոք անցկացնելու համար։

Իմքայլականներն իրենց վարչապետի աթոռի հետ մեկուսացումն ավելի ընդգծվեց այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին ՀՀ Զինված ուժերը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, կոչ արեցին թողնել վարչապետի աթոռը։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ։

- Պարո՛ն Աթաբեկյան, անկախ պագամավորներով փետրվարի 27-ին հանդիպել էիք նախագահի հետ, ի՞նչ տպավորություններ ստացաք հանդիպումից, ի՞նչ ասացիք նախագահին։ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո նախագահն ինչպե՞ս է գործում։

- Դե, նախագահի հետ, որ հանդիպել ենք, մտահոգությունս եմ ասել։ Ինձ թվում է, ըստ այդ մտահոգության և նաև իր մտավախություններից ելնելով՝ ինքն այդ քայլն արեց, չստորագրեց [Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը]։ Ու դրանից հետո չգիտեմ՝ ինչու է իր մոտ փոխվել մտադրությունը։

- Այսինքն՝ նախագահի հետագա որոշումները Ձեզ համար խնդրահարո՞ւյց էին։

- Հետագա որոշումներին չեմ մասնակցել, չգիտեմ՝ ինչու է այդպես եղել, բայց այն հանդիպումից հետո, որ որոշում է կայացրել, խելամիտ էր։ Նորմալ եմ համարում։ Հաջորդիվ՝ ի՞նչ փոփոխություններ են կատարվել, տեղյակ չեմ, որ կարողանամ մեկնաբանել։

- ԳՇ-ն էլ պահանջեց Փաշինյանի հրաժարականը, մարտի 13-ին նախագահը հանդիպեց թե՛ Փաշինյանի, թե՛ Լիլիթ Մակունցի, թե՛ Էդմոն Մարուքյանի հետ, առանցքային թեման եղել է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այսքանը, որ դիտարկենք, հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունների անցկացումը, թե՞ որոշ ժամանակ հետո «Իմ քայլը» կասի, որ «հասարակության մեջ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա»։

- Ինչպես հասկանում եմ, արտահերթ ընտրությունները գնալով անխուսափելի են դառնում։ Ուղղակի ֆորմատը, ժամանակը, բնույթն ինչպիսի՞ն կլինի, ինձ թվում է՝ քննարկումներ են հիմա ընթանում, այդ խմորումներն են գնում տարբեր ֆորմատներով։ Բայց ինձ թվում է՝ բոլորին հասկանալի է, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։

- Այս ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, Դուք ի՞նչ պայմաններում համաձայն կլինեիք արտահերթ ընտրությունների։

- Անկեղծ ասեմ, այս պահի դրությամբ ինձ համար պայմաններն այդքան էական չեն։ Չգիտեմ՝ վերջն ինչ հանգուցալուծման կգան, բայց հնարավորինս շուտ պետք է արտահերթ ընտրություններ անել, որովհետև այս խառը վիճակի մեջ ժողովրդի լուրջ զանգվածներ գնալով հիասթափվում են։ Ու հնարավոր է՝ վաղն ընտրություններ անենք, ու մարդիկ, հիասթափությունից ելնելով, չմասնակցեն։

-  Նաև ուզում ենք հասկանալ՝ նախագահից էլ ի՞նչ էիք ակնկալում, պարո՛ն Աթաբեկյան, որ, ըստ Ձեզ, չի արել նա։

- Որևէ լուրջ ակնկալելու բան չունեի, որովհետև երկրորդ անգամ որ ուղարկեց վարչապետը, ինչ հիմնավորում դրեց, ինչ փոփոխություններ եղան, չգիտեմ, որ կարողանամ ինչ-որ բան ակնկալել։ Այսինքն՝ եթե գոնե մի պրոցես ավել իմանայի, միգուցե ակնկալիքս կասեի։ Բայց չգիտեմ՝ ինչ է եղել։ Հնարավոր է, որ իր լիազորությունների շրջանակում է գործել ու որևէ ակնկալիք այդ պարագայում չես կարող ունենալ։

- Իսկ Դուք կմասնակցե՞ք ընտրությունների, և ո՞ւմ հետ եք հավանական համարում Ձեր համագործակցությունը։

- Այս պահի դրությամբ որևէ մեկի հետ չեմ համարում։ Ու եթե իրավիճակն այսպես գնաց, պարզապես չեմ մասնակցի։

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով․ «Եթե իրավիճակն այսպես գնաց»։

- Այսինքն՝ եթե նոր մտքեր, գաղափարներ երկրում չձևավորվեն, մնա այն, ինչը որ առաջարկում են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները։ Ես չեմ կարծում, որ կա որևէ ուժ, որի հետ ես կգնամ ընտրությունների, այս պահի դրությամբ։ Որևէ մեկի տեսլականը 100 տոկոսանոց չեմ կիսում, որ դրա մասին մտածեմ։ Չգիտես՝ վաղն ինչ կկատարվի։

- Անդրադառնանք սահմանային հարցերին։ Կարծես թե, իշխանություններն ադրբեջանա-թուրքական պահանջներն ընդունում են, դիրքեր են զիջում, տարածքներ են զիջում։ Այս իրավիճակի հետ կապված ի՞նչ գնահատականներ ունեք։ Եվ, ըստ Ձեզ, որո՞նք են պատճառները, որ իմքայլականները զիջողական դիրք են գրավել այսպիսի հարցերում։

- Երեք ամիս ժամկետը լրացավ, ու տեսա, որ գերիների կետը [Նոյեմբերյան եռակողմ հայտարարության 8-րդ կետ] չի կատարվում, տեսա, որ մեր կողմից որևէ գործողություն, քայլ չի կատարվում, մի քանի անգամ տարբեր հարթակներում այդ հարցը բարձրացրել եմ հանդիպումների ժամանակ, չի տրվել իմաստալից բացատրություն։ Մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչու են հետքայլ անում։ Երկու վարկած ենք կարող դիտարկել՝ մեկը պարտությունն է, մեկը՝ ինչ-որ նպատակաուղղված քայլեր են, որի վերջնակետը դեռ անհասկանալի է։

- Իմ քայլականները փորձո՞ւմ են այս ընթացքում ձեզ վրա ճնշում գործադրել կամ փորձո՞ւմ են Ձեզ հետ ինչ-որ շփումներ ստեղծել։

- Թե՛ ճնշումների, թե՛ շփումներ ստեղծելու փուլը մի քիչ անցել է արդեն։ Մի քանի ամիս նմանատիպ բան ես չեմ նկատում իմքայլականներից որևէ մեկի կողմից։