Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է

Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է

Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության։

Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։

Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր», ուղի։

Եվ դա իրականում Հայաստանի փաստացի չգոյությանը հասնելն է, ինչը Բաքվի և Անկարայի համար ինքնաբերաբար կնշանակի ռուսական ազդեցության ոչ միայն չեզոքացում, այլ նաև ամբողջական բացառում։

Ուստի, չեմ դադարելու պնդել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հարաբերվելիս միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է»,- գրել է նա։