Խայտառակ պատկեր

Խայտառակ պատկեր

Երբ փորձում ես ամբողջական գնահատական տալ 5 տարվա ընթացքում այս իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հուսահատեցնող պատկեր է գծագրվում: Մի մեծ մասով, անփորձ ու ապաշնորհ մարդիկ են հայտնվել բարձր պաշտոններին, այստեղից էլ՝ երաշխավորված ձախողումները: Հասկանալի է, որ գիտելիքի ու կառավարման որակների բազմաթիվ բացեր ունեն, եւ դրանում, մասամբ, իրենք մեղավոր չեն` չեն հասցրել բավարար գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերել, համապատասխան պայմաններ չեն եղել եւ այլն: Մյուս մասով` չար, անհանդուրժող, այլակարծությունը մերժող, ինքնուրույն ու կայացած մարդկանցից սարսափող են: Նաեւ դա է պատճառը, որ երկրում պաշտոնյաների նշանակման կադրային բանկը նեղացրել-հասցրել են գարիկսարգսյանների, գեւորգպապոյանների, վահագնալեքսանյանների մակարդակին:

Մարդը կա՛մ պրոֆեսիոնալ է, ասել կուզի` ունի սեփական կարծիք, եւ դա կարող է նաեւ չհամընկնել «առաջնորդի» կարծիքի հետ, կա՛մ Ռոմանոս Պետրոսյան է ու Արփի Դավոյան: Նաեւ սա է պատճառը, որ կառավարությունում ու խորհրդարանում անգույն, անդեմ կամակատարներ են նստած, «առաջնորդի» կամքը կատարելու չեմպիոններ, եւ այս պարագայում չի կարող երկիրը զարգանալ, եւ չեն կարող մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումներ գտնվել: Եվ դա է պատճառը, որ երկիրը կամաց վերածվում է ճահճի, իսկ պաշտոնյաները` փող փախցնող զոմբիների, որոնք ոչ թե իրենց վստահված տեղամասերում հաջողությունների են ձգտում, այլ ձգտում են չանել բաներ, որոնք կարող են արժանանալ «առաջնորդի» զայրույթին:

Պատկերն ամբողջանում է, երբ տեսնում ես, թե ինչպես են ինչ-որ բան անելու ունակ մարդիկ, որոնց ցանկացած երկրում ուղղակի փայփայում են, դուրս մղվում տարբեր ասպարեզներից, մերժվում, հայտնվում բանտերում եւ լուսանցքում: