«Մարդիկ կային, որ տոմսի համար պատրաստ էին վճարել ցանկացած գին, միայն թե տուն հասնեին». ականատեսը՝ «Դոմոդեդովոյից» 

«Մարդիկ կային, որ տոմսի համար պատրաստ էին վճարել ցանկացած գին, միայն թե տուն հասնեին». ականատեսը՝ «Դոմոդեդովոյից» 

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, քաղաքացիների ցակնությանն ընդառաջ գնալով, արդեն երկու օր է, թռիչքի սպասողների կողմից կազմված ցուցակն է հրապարակում՝ նախնական ու թարմացված տարբերակները: Դեսպանատունը հայտնում է, որ  ցուցակը կփոխանցվի այն ավիաընկերությանը, որն իրականացնելու է հաջորդ չվերթը Երևանի ուղղությամբ: Այս պահին 126 հոգի է նշված ցուցակում: Քաղաքացիները գրառումներ են կատարում, նշելով ցուցակներից դուրս մնացածների անունները, և դրանք ավելացվում են: ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հարթակը ակտիվ տեղեկատվական գործիք է դարձել: «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված քաղաքացիները խուճապային տրամադրություններ ունեն, կասկածներ էին հայտնում, որ տոմսերի վաճառքն արդարացի չի իրականացվում, որ ավիատոմսերի գները անհասկանալի բարձր են, հերթը չի պահպանվում: Ցուցակների հրապարակումով վերջ դրվեց այդ կասկածներին, բայց գլխավոր հարցը՝ երբ է լինելու հաջորդ ինքնաթիռը դեպի Երևան, այս պահին պատասխան չունի: 

«Այս պահի դրությամբ երկու չարտերային թռիչք է եղել, որոնք կազմակերպել է ՀՀ դեսպանատունը: Ամեն թռիչքում եղել է 220 ուղևոր: 440 հոգի եկել են: Այնտեղ մաքսիմալ ձևով աշխատում են, բայց քանի որ դիմողները շատ են, սկզբից կազմակերպում են տարեցներին, երեխաներին, կանանց, հետո նոր մյուսների թռիչքը», - պատմում է Արթուր Հակոբյանը, որը «Դոմոդեդովոյի» հայերից էր, մի քանի օրում ակտիվստ դարձած: Նա Մոսկվայից ժամանել է երկրորդ ինքնաթիռով: Մինչ այդ երեք օր գիշերել է ավտոմեքենայի մեջ: 2014 թվականից պարբերաբար  մեկնել էր Մոսկվա՝ արտագնա աշխատանքների: Վերջին շրջանում ապրել է Միտիշչի քաղաքում, աշխատել է ՌԴ մայրաքաղաքի խոշոր առևտրային կենտրոններից մեկում գտնվող վարսավիրանոցում: «Վարձով եմ ապրել, եթե ես ապրիլի 7-ի թռիչքով չթռչէի, գայի, 32 հազար ռուբլի պետք է վարձ տայի: Տան տերը ինձ մի շաբաթ ժամանակ էր տվել, որը արդեն լրանում էր: Բոլորի մոտ նույն խնդիրն է», - ներկայացնում է Արթուրը:

Նա պատմում է, որ «Դոմոդեդովոյում» օրեցօր  նոր  մարդիկ են հայտնվում Ռուսաստանի տարբեր շրջաններից ու քաղաքներից: Նրանց մեծամասնությունը բնակվել է գործատուների մոտ, որոնք կացարան ու սնունդ էին ապահովում: «Այնտեղ կան մարդիկ որոնք ամսական 32 հազար ռուբլի են ստանում՝ 180-200 հազար դրամ: Բացի դա, մարդկանց սննդի, մնալու տեղ են տալիս: Բայց եթե գործարանները փակված են, գործատուները չեն աշխատում, մարդիկ արդեն ոչ սնունդ են ստանում, ոչ մնալու տեղ ունեն, ոչ աշխատավարձ», - ասում է երիտասարդը: Ինքը գրանցված աշխատող է եղել: Գործատուն ահռելի գումար էր վճարում առևտրի կենտրոնում տարածք վարձակալելու համար՝ ամսական միլիոն ռուբլուց ավելի, ու հաշվարկել է, որ այլևս չի կարող բիզնես անել նախկին պայմաններով: Իրեն ու մյուսներին ասել է, որ այլևս չի կարող ոչ մի հարցով օգտակար լինի, ով կարող է իր գլխի ճարը թող տեսնի: Մոսկվայում սակայն ոչ բոլոր գեղեցկության սրահներն են փակել: Ապրիլի 8-ից աշխատելու էին միայն այն սալոնները, որոնք ունեն բժշկական թույլտվություն: Կարևոր է, որ բիզնեսը վերջնականապես չկանգնի ու որոշ չափով ապահովվի ծառայությունների սպառումը: 

«Առաջին թռիչքով չթռա, իմ փոխարեն մի կնոջ ուղարկեցի, որը միայնակ էր, խնամող չուներ: Այնտեղ շատերն էին իրենց տեղը զիջում, այնպես չէ, որ կռիվ էին անում՝ թե չէ, որ չէ, մենք անպայման պետք է գնանք: Կան մարդիկ, որոնք, իրոք, առաջին հերթին պետք է թռչեին Հայաստան, ու մինչև հիմա այնտեղ են: Բոլորին առաջարկում են տանել հյուրանոց, բայց նրանք չեն գնում, որովհետև մտածում են, որ ամեն պահի կարող է թռիչք հայտարարվել ու իրենք չեն հասցնի տոմս գնել: Վաճառքից մի քանի րոպե առաջ են  մարդիկ իմանում, որ տոմս կա: Իրավիճակն այն է, որ ժողովուրդը ընդհանուր պանիկայի մեջ է: Մարդիկ չեն հասկանում, թե ինչու Փաշինյանը չի կարողանում ինքնաթիռ վարձել ու իրենց տանել Հայաստան, ո՞րն է խնդիրը, որ չեն կարողանում կազմակերպել չարտերային չվերթներ բավարար չափով: Մարդիկ կային, որ տոմսի համար պատրաստ էին վճարել ոչ թե 14-16 հազար, այլ ավելի շատ, միայն թե տուն հասնեին»:  
Արթուր Հակոբյանը տեսնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունների տակ մարդիկ անկանոն գրառումներ են անում, «Վատս ապ» համակարգում խումբ է բացել, որտեղ կենտրոնացրել է թռիչքների մասին տեղեկատվությունը: «Նույնիսկ տպավորություն էր, թե ես եմ ամեն ինչ կազմակերպում, գիշերով զանգում, ասում էին՝ ախպեր ջան, ինձ մի հատ տոմս բրոնյա արա: Չեք պատկերացնում, թե ինչ վատ վիճակում  են: Տոմսերը որ վաճառվեցին, ինձանից հետո մի 100 հոգի էլ կար: Որոշեցինք ցուցակ կազմել, որ եթե նորից տոմս վաճառվի, առաջինը գոնե իրանք առնեն: Կեսը գնացին տուն, կեսը մնացին, ու հաջորդ օրը, երբ որ հայտարարվեց, որ տոմսեր կան, ով  որ մնացել էր աէրոպորտում, նոր ցուցակ կազմեցին»: Ինչպե՞ս ձեզ դիմավորեցին, ինչպե՞ս մտաք կարանտինի մեջ: «Հենց  օդանավակայանում մեզ դիմավորեցին, ավտոբուսներով մեր իրերը՝ առանձին, մեզ՝ առանձին բերեցին, եկանք հյուրանոց, տեղավորել են մի մասին Ամիրյանի վրայի «Փարիզ» հյուրանոցում, մյուս խումբը՝ Աղավնաձորում: Փակված ենք, նորմալ պայմաններ են, մենք խնդրեցինք նորից հաց բերեն, մարդիկ բերեցին, տվեցին»: Արթուրը շարունակում է կապ պաշտպանել մյուսների հետ: Համացանցի խմբի միջոցով տեղեկանում է, թե որտեղ են նրանք, ոնց են, ով ինչ վիճակում է: