Արամ Պաչյան. Հիշելով կարդացողին

Արամ Պաչյան. Հիշելով կարդացողին

#գրքերը - վաղուց են նվաճել մեզ: Ասես աշխարհում միայն մի գիրք կա: Պիեռ Մենարից վարակված մի հեղինակ, որ գրել է բոլոր ոճերով: Գրել է ամեն ինչի մասին: Եվ շարունակ գրում է այն, ինչ վաղուց գրել է: Եվ ոչ ոք չի կարողանում կանգնեցնել նրան: Եվ ոչ ոք ի զորու չէ չլսել այն նույն պատմությունը, որն այնքան էլ նույնը չէ: Այդուհանդերձ,  բոլորը գիտեն - նույնն է: Այդ մեր անհրաժեշտությունն է - որ նույն պատմությունն այնքան էլ նույնը չլինի: Եվ որ նույն ոճն այնքան էլ նույնը չլինի: Մենք այն դարձնում ենք ոչ այնքան նույնը՝ շատ ժամանակ ընթերցողից աննկատելիորեն վերածվելով հեղինակի, ուր մեր ես-ն այլեւս մերը չէ, այն արդեն պատկանում է հերոսներին, երկատված հեղինակների հազարադեմ ես-երին, որոնց հնարավոր չէ տարորոշել, որոնցից հնարավոր չէ հրաժարվել: Մինչդեռ մեր ես-ը նույն ես-ն է: Բայց այնքան էլ նույնը չէ: Թեպետ, ինչ խոսք՝ նույնն է: Սակայն նույնը ուրիշն է: Ես ուզում էի ասել՝ ուրիշը նույնն է: Ինչպես տեսնում եք, լեզուն խորամանկող գործիք է:

#շշուկներ- շշուկներ նոր իրականության, պանդեմիայից հետո նոր վարքաբանության, նոր աշխարհի, մոլորակի հանդեպ մարդու վերաբերմունքի վերանայման անհրաժեշտության շուրջ: Դեֆոյի վեպն ասում է՝ (որերո՞րդ աղետից հետո չենք լսել սա): Որքան վախ, խուճապ ու շփոթմունք, այնքան էլ անհեթեթ մեռնելու, նաեւ քեզ, ուրիշին փորձանքի մեջ տեսնելու, ուրիշին փորձանքից ազատելու ոգեւորություն, աշխարհին վրա հասած դժբախտության մասն ու մասնակից լինելու վարակակիր երջանկություն: Հացի կարիքի հանգույն փորձանքը, մահվան վտանգը հաղթահարելու անհրաժեշտություն: 

#հանրութային փորձությունը - փորձության հանրութային ընկալումը, նույն ախտանիշներով տառապելու կոլեկտիվացումը - կոկորդի ցավ, թոքաբորբ, հազ, տաքություն - հիմա արդեն առասպելվել են սրանք, իսկ հետո դարձել անհատականություններ, ասես խոսքն անձանց մասին է՝ իրարից խիստ տարբեր խառնվածքներով ճակատագրերի: 
շատ երիտասարդների հոգիներում մխիթարական հույսը՝ «Հավանականությունը քիչ է, կորոնավիրուսից դժվար թե մեռնենք, վարակը վերաբերում է ու դիպչում միայն տարեցներին, միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Երիտասարդ լինելու առավելությունն ու դրանով ախտը վերապրելու ամոթալի հույսը – որը, միեւնույն է, հույս է՝ գոնե ոչ բարձրաձայն - տնային աքսորյալիդ ահաբեկումից ծնվող ապաբարոյացած հույս - իսկ նա՝ այդ ապաբարոյացած հույսը, «կամք» անունով, քիմիայից սերված ամենամաքուր զգացումն է: Շատ լավ գիտես, թե ինչու:

#ֆիզիկական սեւեռումներ - սնունդ, հիգիենայի պարագաներ, խոհանոցի սեղանին ցիտրուսի կճեպ: 

#ձեռքի - վերադարձը: Ուրեմն ոչ թե Աստծո պատկերով, այլ ձեռքի պատկերով: Երբեք ժամ առ ժամ չէիր նայել ձեռքերիդ - մարդու երեսին նայելու նման - սուրճ ես եփում, նստում ես բազկաթոռին, նայում ձեռքերիդ՝ կասկածանքով, խղճահարությամբ, զզվանքով, վտանգահարի խեղված հայացքով: Հարյուր վաթսունութ հազար անգամ լվացվել ես, մեռելիդ մարմինը պատանել ալկոգելով, բայց, միեւնույն է, փորձում ես կռահել՝ հենց հիմա մանրէն ճկույթի՞դ է նստած, թե՞ ցուցամատիդ: Տեսնես ի՞նչ է մտածում մանրէն, ինչպիսի՞ն ես նրան թվում:

#կպչունություն - լուրերի սպառում, հազար ու մի վախի զարթոնք, գիտական հոդվածների ընթերցում, սնոտիապաշտական, կրոնական, ապոկալիպտիկ զգացումների սրում, շտապօգնության առերեւույթ սիրենաներ, հեքիմների, աստղագուշակների, բանսարկուների, խարդախների, աղանդավորների, աստվածամերժների, մեսիականների, մանրումեծ խաբեբաների վերադարձ: Դեֆոն «Ժանտախտի տարվա օրագրում» վստահեցնում է․ «Հանգիստ նրանք կանհետանան: Եվ, իհարկե, նրանք անհետացան համաճարակից ընդամենը մեկ ամիս անց՝ բոլորն անխտիր»:

#կորոնավիրուսը - հրում առ մշակույթ, արվեստային արարք: Առաջին օնլայն համավարակը: Մի պահ 1665 թվականի Լոնդոնի ժանտախտը լրիվ օնլայն պատկերացրու: Դեֆոն - դար հետո՝ Մանձոնին - դար հետո՝ Կամյուն - 14-օրյա տնային մեկուսացման մեջ: Դեֆոն արկածային վեպ կգրեր, սոցիալական ցանցերում քայլարածներին կքլնգեր: Մանձոնին սիրով կխախտեր կարանտինը, սիրով դուրս կգար փողոց ու սիրով կձերբակալվեր: Կամյուն ուղիղ չորս օր հետո ինքնասպան կլիներ, հավանաբար, փողոցի լռությունն ընդհատելու համար՝ նախընտրելով պատուհանը: 

#վերընթերցեցի Կամյուի «Ժանտախտը» - վերջնավարտին՝ մի տեղ, Տարուն ու բժիշկ Ռիոն որոշում են գիշերով լողալ մութ ծովի մեջ: Մտնում են ջուրը, լողում են ու ասես լվանում աշխարհի կարգը, նրա տառապանքն ու հաճույքը՝ ազատագրվելով գոյության մասին տքնող՝ գոյության գիտակցումից, որը չկարեկցեց նրանց ու չհուսադրեց եւ ոչ մի վայրկյան: 

«Եթե աշխարհի կարգը մահն է, գուցե Աստծո համար ավելի լավ կլիներ, որ իրեն չհավատային եւ միահամուռ ուժերով պայքարեին մահվան դեմ՝ չհառելով հայացքն առ երկինք, որտեղ նա լռում է… Կարող եմ պատկերացնել՝ ինչ կարող է լինել ժանտախտը ձեզ համար։ - Այո,- ասաց Ռիոն,- մի անվերջանալի պարտություն»:

#Covid 19 - միեւնույն է՝ հիշեցրեց Աստծո գոյության մասին եւ գուժեց նրա բացակայությունը: Թութակեց նիհիլիստին՝ «Աստված մեռած է»: Դարձյալ բարկության, հեգնանքի, ծաղրուծանակի արժանացրեց նրան: Աստծուն դիմեց բժշկվելու, փրկվելու, մեղքերի ներման աղոթքներով: Երբեմն Covid 19-ից բացի, Աստծուն դիմեցին նաեւ աթեիստները, ագնոստիկները, պուրիտանները, դիմեցին ուլտրաձախերը (դե, իսկ աջերը դիմելիս միշտ էլ Աստծուն են դիմում): Ասացին․ «Համավարակն Աստված է ուղարկել, որովհետեւ արդար է նրա պատիժը»: Հետո Covid 19-ը կաթեցրեց, թե սա Աստծո օրհնությունն է - քավարանը: Դա էլ անցավ: Ուղղակի հիվանդություն էր: 

#Իտալիայի համար - նեղ անձնական գաղտնիք, որ կոչվում է Ծով: Մոտենում ենք Վենետիկին փրկչի ոտնաթաթերի մեղմությամբ, հրաշագործ մեռելաքայլերով` տրվելով կապտականաչ կոհակների տատանումներին: Վազել բաց կապույտ գույնով ողողված կամրջի թեւին, կանգնել կենտրոնում, հենվել արմունկների վրա ու նայել պալացոների պատերը մերսող Գրանդ կանալեի երակին, որտեղ լողում են փրփուրներ ցայտող վապորետոները եւ ճոճվում կուռնոս քթիկներով սեւափայլ գոնդոլները` աշխարհի ամենաանհանգիստ դագաղները: Մտնում ենք չգիտես ուր՝ շենքից շենք կապված լվացքի պարաններից ճերմակ սավաններ, մոխրե, առանց բիբերի մի հրեշտակ: Ետ ենք դառնում. կալլեներ, հռոմեական տոգաների կնճիռներով քրիստոսներ, աղավնու մի փետուր, ստվերների ստվերներ: Խոտի պես ալիքվում է Վենետիկը: Պատրաստվում ես քնելու, սավանով ծածկում ես մարմինդ, ավելի ճիշտ՝ մարմինդ ծածկվում է քաղցր, մի փոքր սրտխփոց առաջացնող ջրիմուռների ու ծովից սահող մառախուղի շերտով: Ասես ջրանցքի պատերից մեկի խոռոչներում թավ մամուռի մեջ պառկած ձկնիկ լինես: Իսկ քնել չի ստացվում: Արեւի տաք երակը թափանցել է պատուհանից ներս: Քնաթաթախ գոնդոլները ճեմում են շրթունքներիդ ծալքերում, եւ հանկարծ եկեղեցիների զանգերն են Վենետիկի ղողանջում` լեզվակներից պոկված անտեսություն հոգիների պես, մարմնին ու գիտակցությանը տառապանքի չափ երջանկություն պարգեւող թախիծներ, զարկեր փափուկ հեռացումներով՝ որպես գեղեցկության հավիտենությունը փաստող բյուրեղներ:

#աղոթք դիմակի համար
37 տարի առաջ 
ծննդյանդ օրը 
դու հեռացար կյանքից 
ու չես ծնվելու 37 տարի հետո, 
դու ո՛չ «հերոս» եղար, ո՛չ «փոքր մարդ»,
աղամանի գդալով մի պուտ ջուր տվեցիր տատիդ,
վերջին ուժերով շնորհակալ էր անում,
37 տարի է հարցնում ես՝
«Ի՞նչ ես ուզում անես, տատ», 
դու, որ ընդամենը
լուսասյան տակ ընկած դիմակ ես,
աշխարհում պանդեմիա,
հօգուտ հոգու մեջ պանդեմիա,
մարմինդ տեղով մեկ պանդեմիա,
ու դու ցատկոտում ես լուսասյան տակ ընկած դիմակիդ վրայով,
փողոցները չափում, մի երկու դալան թրեւ ես գալիս, 
նրա համար մթերային խանութից հալվա ես առնում, 
վերադառնում ցատկոտելու,
գիշեր առ գիշեր 
գունատ առ գունատ
լույս առ լույս 

#երկուստեք կյանքի ձգտում - կորոնավիրուսը չի ուզում ոչնչանալ, եւ մենք չենք ուզում ոչնչանալ: Ինչ-որ մեկը պիտի զիջի: Միշտ էլ ինչ-որ մեկը զիջել է: Ասես ուրիշի պայքարը լինի, ուրիշի բանսարկություն: Բետոնե ողջամտությամբ անգամ չի լքում այն զգացումը, որ համաճարակի ու մարդու միջեւ կա եւս մեկը, երրորդ խաղացողը, երրորդի ստվերը, նրա երեւակայական շունչը: Պարզ է՝ երրորդի հայտնության համար բավական է եւ այն, որ կարծում ես ու հորինում նրա ուրվականը: Տես, նույն վայրկյանին կազմուպատրաստ կանգնած է:

 

#ես_տանն_եմ_լինելու

#աշխարհը_տանն_ա

#տունը_աշխարհ_ա

#տանը_մտածեք

#բժիշկներ_ապրեք

#գարուն_ա

#լավանալու_ենք

#հիշելով_կարդացողին

#օրագրություն

#կորոնավիրուսից_առաջ_եւ_հետո 

#վավերագրելով_ներկան                                                                                               

 

«Հիշելով կարդացողին» հասանելի է նաեւ ֆեյսբուքում 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ