Պետք է թռչել անհայտ ուղղությամբ սուրացող այս գնացքից ու նստել այն գնացքը, որը մեզ է պետք

Պետք է թռչել անհայտ ուղղությամբ սուրացող այս գնացքից ու նստել այն գնացքը, որը մեզ է պետք

Հարցազրույց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ Արամ Մայիլյանի հետ

- Հայ-ռուսական հարաբերությունները դարձել են վերջին շրջանի ամենաքննարկվող թեման Հայաստանում: Ոմանք գուժում են հայ-ռուսական հարաբերությունների ավարտը, ոմանք՝ Հայաստանի ինքնիշխանության ավարտը այդ հարաբերությունների ներկա կախյալության դեպքում: Նոր Հայաստանի իշխանությունն ազատագրե՞ց Հայաստանը հայ-ռուսական անհավասար բարեկամությունից: 

- Հայ-ռուսական հարաբերությունները, անգամ խորհրդային ժամանակներում, միանշանակ եւ խաղաղ ու հարթ չէին, թեպետ հայ ժողովրդի մեծամասնությունն անվերապահորեն ընդունել էր ռուսական գերիշխանությունը, եւ թվում էր, թե այդ գերիշխանությունը քարացած քաղաքական դոգմա է դարձել ու հարատեւելու է: 

 Այն հանգամանքը, որ այսօր մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների վիճակից, նշանակում է, որ հանրության մեջ քաղաքական ընկալումների փոփոխության դրական միտումներ կան: Այժմ այդ հարաբերությունները դառնում են հարաբերություններ երկու պետությունների միջեւ՝ իր վայրիվերումներով ու թնջուկներով: Այդ ամենով հանդերձ, պատմականորեն ձեւավորված մոտեցումը ռուսական կողմից՝ Հայաստանը հավերժ հպատակ պետություն տեսնելու, իսկ հայերի մի մասի կողմից՝ Ռուսաստանը դիտարկել որպես Հայաստանի տեր, դեռ բավականին կենսունակ է: Ըստ այդմ՝ հայ ժողովրդի մի մասի, ինչպես նաեւ ռուսական կողմի համար ինքնուրույնության աննշան իսկ դրսեւորումը համարվում է հաստատված կանոնի անթույլատրելի խախտում: Իրականում հայ ժողովուրդն ընդամենը ինքնուրույնության որոշ նշույլներ է ցույց տալիս, ինչը նյարդայնացնում է ՌԴ իշխանությանը, որն էլ վկայակոչում է տարբեր ազդեցության գործոններ՝ ռուսական զինամթերքի մատակարարումից մինչեւ Ռուսաստանում ապաստանած հայ ժողովրդի հոծ զանգվածի առկայությունը: 

Հայ-ռուսական հարաբերությունները կան ու կլինեն, ողջ հարցն այն է, թե հայերն ինչ դեր են ստանձնում այդ հարաբերություններում, որոնց որակն ավելի շատ պայմանավորված է հայկական կողմի քաղաքական վարքագծով: Այդ առումով ՀՀ ներկա իշխանությունը՝ չնայած հեղափոխական ծագմանը, որեւէ հեղափոխական փոփոխություն չի իրականացրել: 

- Հայ-ռուսական հարաբերությունների թեմայով տարբեր գործիչներ հանդես եկան. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի կոմկուսը, ԱԺՄ նախագահ, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որոնք պաշտպանում էին ռուսական գործոնը Հայաստանում: Վ. Մանուկյանը մինչեւ անգամ հայտարարեց, թե Հայաստանն ուզում են կտրել Ռուսաստանից: Ձեզ համար անսպասելի՞ էր նրա այդ արձագանքը: Ընդհանրապես, 1996-ից ի վեր Հայաստանի ընդդիմությունը միշտ եղել է ընդգծված ռուսամետ: Ինչո՞ւ: 

- Մեր իրականության մեջ շատ թե քիչ հայտնի յուրաքանչյուր մարդ փորձում է դատողություններ անել բարդ քաղաքական խնդիրների մասին: Հիշում եմ, որ մեկ անգամ Ծառուկյանն իմաստուն միտք էր արտահայտել: Երբ հարցրել էին, թե ինչու չի օգնում գիտության ոլորտին, նա պատասխանել էր, թե ինքն օգնում է այն ոլորտին, որից հասկանում է: Ես կցանկանայի, որ նա նույն իմաստնությունը ցուցաբերեր նաեւ քաղաքականության նկատմամբ, հատկապես՝ արտաքին քաղաքականության դեպքում: Կումունիստական կուսակցությունը յոթ երգ գիտի՝ յոթն էլ Ռուսաստանի մասին: Այդ մասին ավելորդ եմ համարում խոսելը: 

Ինձ համար ցավալի է Վազգեն Մանուկյանի մոտեցումը: Չեմ կարծում, որ նա հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը, միտումներն այնքան խոր վերլուծության ենթարկած չլինի, որ չհասկանա իր ասածի անհեթեթությունը: Հայաստանը կկտրվի Ռուսաստանից թե ոչ՝ պատմական գործընթացների արդյունք կլինի: Ռուսաստանը եղել եւ մնում է կայսրություն: Ռուսաստանի ղեկավարության մի մասը դեռ չի մոռացել նախկին մեծ կայսրությունը ու ամեն գնով փորձում է իր ազդեցության տարածքները եւ միջոցները պահպանել: Այդ ազդեցության միջոցները տարբեր են: Հայաստանի դեպքում հայի ռուսամոլությունն է, զենքի ու զինամթերքի վաճառքը, թուրքից վտանգի ահագնության ու հայի խեղճության գաղափարի սերմանումն ու ուռճացումը, հայկական հոծ համայնքի առկայությունը Ռուսաստանում: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է երկու ապրանքի վրա՝ զենք եւ գազ: Եթե Մանուկյանը նկատի ունի զենք-զինամթերքի ձեռքբերումը, որի դադարեցումը կարող է վնասել մեզ, ապա պետք է նկատել, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն այնպիսին է, որ եթե այսօր պետք լինի զենք վաճառել մոնղոլ-թաթարներին, կվաճառի առանց երկմտանքի: Նա նման քայլ արել է արդեն՝ իր մրցակից Թուրքիային զինելով: 
Եթե Հայաստանն ուզում է ունենալ զարգացած հասարակություն, տնտեսություն, պետական կառուցվածք, ապա ստիպված կլինի կապերն ավելի սերտացնել զարգացած երկրների հետ՝ Արեւմուտքում եւ Արեւելքում, Հյուսիսում եւ Հարավում: Պետք է թռչել ներկայիս՝ անհայտ ուղղությամբ սուրացող այս գնացքից ու նստել այն գնացքը, որը մեզ է պետք:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի պետությունը կախվածություն, ենթակայություն քարոզող յուրաքանչյուր հայտարարություն պետք դիտի որպես հայոց պետականության դեմ ուղղված քայլ, որը պետք է ստանա շատ կոշտ պատասխան նախեւառաջ հայոց պետականության պահապանների՝ իշխանությունների կողմից: Դա է ամրագրված մեր Անկախության հռչակագրում: 

- Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը նախկինների կառավարման օրոք համաձայնեցվում էր Մոսկվայի հետ: Այսօր Հայաստանն ինքնուրո՞ւյն է ձեւավորում իր արտաքին քաղաքական օրակարգը: Ընդհանրապես, հեղափոխական կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, արտաքին հարցերում շատ հանդարտ է թվում. դա վստահությո՞ւն է, դիվանագիտությո՞ւն, թե՞ չիմացություն: 

- Ընդհանրապես, ամբողջովին անկախ արտաքին քաղաքական գոյություն լինել չի կարող: Միշտ էլ Մոսկվան մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա: Կախված տվյալ պահի քաղաքական ղեկավարությունից՝ այդ գործոնն այս կամ այն չափով առկա է եղել: Դա պայմանավորված է նաեւ Հայաստանի ներքաղաքական կացությամբ: Տվյալ պահի իշխանությունը միշտ փորձել է ռուսական գործոնն օգտագործել ներքին ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: 
Ներկայիս իշխանությունների հանդարտ, ես կասեի՝ ճահճացած վարքը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ վերնախավը պարզապես չունի արտաքին քաղաքականության որեւէ ուղենիշ, չափանիշ: Այդ պատճառով էլ նախորդ իշխանությունների որդեգրած ռուսական կողմնորոշումը հընթացս շարունակվում է իր հանդարտ հունով: Եվ երկրորդը՝ իշխանությունները քաղաքական մտքի մակարդակն այնքան են իջեցրել, որ ներքին գզվռտոցները գերակայում են լուրջ աշխարհայացքային մոտեցումների եւ արտաքին քաղաքականության հանդեպ: Սա տխուր, չափազանց տխուր իրավիճակ է: Հայաստանը միշտ էլ փորձել է ցույց տալ, թե հավասարակշռված դիրք է զբաղեցնում Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում, բայց անընդհատ հայտնվել է ռուսական ճամբարում: Դա անտաղանդ դերասանի խաղ է, որը ծափերի չի արժանացել եւ չի արժանանում: 

- Համաճարակի օրերին «Քաղաքական լիգան» Կարսի պայմանագիրը չեղարկելու հարցով ստորագրություն կազմակերպեց: Ինչո՞ւ համաճարակի օրերին նման նախաձեռնությամբ հանդես եկաք: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ չեղարկման գործընթացը: Ի վերջո, դա պետական մակարդակով պետք է իրականացվի. հասարակական-քաղաքական մակարդակով իրավաքաղաքական արդյունք կունենա՞: Իշխանություններին դիմե՞լ եք այդ հարցով:

- Մեր հայտարարությունը պայմանավորված էր պայմանագրի ստորագրման առաջիկա մեկդարյա տարելիցով: Պարզապես դա համընկավ համավարակի առաջին օրերի հետ, երբ անհայտ էր, թե ինչ է սպասվում: Չնայած դրան՝ այն լայն արձագանք գտավ Հայաստանում եւ Սփյուռքում՝ քաղաքականապես գիտակից մարդկանց շրջանում, ու թափ էր ստանում: Ցավոք, համավարակի տարածումը խանգարեց այդ ընթացքը: Հավաքներ, հանդիպումներ, քննարկումներ հնարավոր չեղավ կազմակերպել: Եվ ահա, այսօր կես տարի է մնացել ռուս-թուրքական հակահայ Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարելիցին, իսկ հարցը պատշաճ մակարդակով չի բարձրացվել: Բայց ժամանակը չի սպասում: Վաղը մենք կկանգնենք այն փաստի առջեւ, որ մեր խնդիրը կլուծեն ուրիշները ու ինչպես իրենց է ձեռնտու՝ անարգելով հայ ժողովրդին: Կյուրացնեն մեր պատմական կենսական տարածքները, կտնօրինեն մեր ապագան: 

Պայմանագրի մասին խոսում են տարբեր հասարակական-քաղաքական խմբեր, բայց դրա էստաֆետը պետք է ստանձնեն իշխանությունները: Հասարակական խմբերի խնդիրն այս փուլում հարցին պաշտոնական բնույթ հաղորդել տալն է: Թեպետ կարծում եմ, որ իշխանությունները սարսափում են պայմանագրի չեղարկման մասին խոսելուց, էլ ուր մնաց, որ նրանք միջազգային ատյաններում հարցը բարձրացնեն: Նրանց ամբոխահաճո գործելակերպն ու քաղքենի մտածելակերպը նման լուրջ խնդիրը չեն կարող ընկալել: Իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներում ոչ մի խոսք այդ ազգային հիմնախնդրի մասին: 

Սակայն պետք է իշխանություններին ստիպել, որ սկսեն Կարսի պայմանագրի չեղարկման գործընթացը: Սա պետք է դառնա խնդրին հետամուտ ուժերի գործունեության ծրագիրը: Չեղարկման հարցը պետք է օրակարգային դարձնել խորհրդարանում՝ խմբակցություններում, հանձնաժողովներում եւ լիագումար նիստում: Հայոց պետությունը պետք է հստակ մերժի պայմանագրի դրույթները: Սա պատմական պահ է, ու գաղափարը կարող է դառնալ ազգային միավորման առանցք: Մեզ նոր ժամանակներ ու նոր մարտահրավերներ են սպասվում: Եթե այսօր մենք այս հարցը չբարձրացնենք, նոր սերունդը կօտարանա թե՛ այդ, թե՛ ազգային մյուս խնդիրներից: 

Գաղափարը կսկսի իրականանալ այն դեպքում, եթե այն դառնա լայն զանգվածների սեփականությունը: Այդ դեպքում իշխանությունները կկանգնեն «կամ-կամ»-ի առջեւ՝ կա՛մ հանձնել իշխանությունը, կա՛մ չեղարկել պայմանագիրը: