Իսկ Փաշինյանին սահմանադրություն պե՞տք է

Իսկ Փաշինյանին սահմանադրություն պե՞տք է

Մինչ օրս ոչ մի ցեղապետ սահմանադրության մասին չի մտածել, մտքով էլ չի անցկացրել հորինել մի բան, որ կսահմանափակեր իր իրավունքները: Ինչո՞ւ պետք է Փաշինյանը մտածի, եթե, միեւնույն է, ինքը չի ենթարկվելու այդ փաստաթղթով սահմանված կարգուկանոնին: Կարող եք ասել՝ դա հարգանքի տուրք է ժողովրդավարությանը, կարգ է, ժողովրդավարական երկիրը պետք է սահմանադրություն ունենա, այն էլ՝ հանրաքվեով ընդունված ու լեգիտիմ: Այո, բայց դա հարցի ձեւական կողմն է, իսկ բովանդակության առումով Փաշինյանի սահմանադրությունը կարող է լինել մի դատարկ թուղթ, որի կենտրոնում գրված է մեկ տող. «Սահմանադրությունը ես եմ»: Եթե Փաշինյանը կարողանա այսպիսի թուղթ անցկացնել հանրաքվեով, ուրեմն՝ կեցցե ինքը, բայց ես մտածում եմ, որ Հայաստանում դա հնարավոր չէ:

Եվ ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք: Թերահավատներն ասում են․ դե հիմա՝ մի բան էր, ասաց: Ինքս էլ այդպես եմ մտածում, որովհետեւ, նախ՝ չեմ հավատում Փաշինյանի որեւէ խոսքի, եւ, ապա՝  Փաշինյանն ու իր թիմը չունեն այն ինտելեկտը, որ նոր սահմանադրություն գրեն: Կարելի է, իհարկե, թարգմանել որեւէ երկրի սահմանադրություն, մի քիչ դզել-փչել, երկրի անունը փոխել ու ներկայացնել: Բայց դա ելք չէ, որովհետեւ սահմանադրությունը սոսկ օրենքների ժողովածու չէ: Այն պետք է արտահայտի, թե ինչ է ցանկանում տվյալ երկրի ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը, որքան հասկանում եմ, չի կարող ցանկանալ այն, ինչ կցանկանար գերմանացին, դանիացին կամ ամերիկացին: Գուցե Փաշինյանը փորձի սահմանադրության նման մի բան ստանալ մեր ունեցած սահմանադրություններից, բայց հազիվ թե հնարավոր լինի մեկ փաստաթղթում համատեղել նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգերը:

Ամենահեշտը սպիտակ էջի վրա «Սահմանադրությունը ես եմ» գրելն է: Կմնա հանրաքեով անցկացնելը, բայց դա Փաշինյանի համար տեխնիկայի հարց է: Նրան տվեք մի փոքրիկ հնարավորություն, եւ նա դա կանի, որովհետեւ շատ է ցանկանում միապետ հռչակվել: Այստեղից էլ հարց է ծագում՝ իսկ միապետի ինչի՞ն է պետք նոր սահմանադրությունը, մանավանդ եթե կարելի է տրորել, ոտնահարել, վարկաբեկել գործող սահմանադրությունն ու ժամանակի հետ մոռանալ դրա մասին: Օրինակ, այսօր Հայաստանը նմա՞ն է խորհրդարանական կառավարմամբ երկրի: Իհարկե՝ ոչ, որովհետեւ Փաշինյանն այնպես է այլանդակել ամեն ինչ, որ խորհրդարանն ամենավերջին տեղում է իշխանության հիերարխիայում: Մինչեւ հեղափոխությունն էլ մի բան չէր, բայց այն ժամանակ գոնե հույս կար, որ անցումային շրջանում ամեն ինչ կընկնի իր տեղը, եւ սուպերվարչապետական համակարգն աստիճանաբար կհավասարակշռվի ինչպես խորհրդարանով, այնպես էլ իշխանության մյուս անկախ օղակներով՝ դատական իշխանություն, նախագահի ինստիտուտ եւ այլն: Մինչդեռ Փաշինյանն այսօր ամեն ինչ վերցրել է իր ձեռքն ու դեռ խոսում է նոր սահմանադրության մասին՝ ծիծաղեցնելով, ես կասեի, բոլորին:

Բայց Փաշինյանը մեծ ցանկություն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մնալ իր սահմանադրությամբ, ինչպես դա արել են իր նախորդները՝ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Նիկոլի սահմանադրություն՝ վա՞տ է հնչում: Ոչ, իհարկե, բայց հազիվ թե կարելի լինի պատկերացնել մի այնպիսի փաստաթուղթ, որով հնարավոր է Նիկոլին հեռացնել իշխանությունից: Մարդուն այսքան քննադատում են, ասում՝ հեռացիր, մի քանդիր, սոցցանցերում ընդհուպ հայհոյում են, բայց նա կառչած է աթոռին եւ վերջ: Հնարավո՞ր է, որ մարդու այդ տեսակն իր դեմ, իր իշխանությունը սահմանափակող (ժամկետը նկատի ունեմ) փաստաթուղթ ընդունի: Տարբերակ չկա: Եվ ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը խոսում նոր սահմանադրության մասին: Չմոռանանք, որ բոլորովին վերջերս ձախողեց սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էր սեփականացնել դատական իշխանությունը՝ փոխելով ՍԴ կազմը։ Փաշինյանին արդարացում էր պետք այդ ձախողման համար, եւ նա արդարացումը գտավ նոր սահմանադրություն ունենալու մասին հայտարարությամբ: Այդ հայտարարությունը նրան, կարծես, ապահովագրում է ՍԴ շուրջ ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի համար պատասխանատվությունից:

Վաղը հենց այդպես էլ կմեկնաբանեն՝ գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ ՍԴ-ի շուրջ այսպիսի բաներ կատարվեցին եւ առաջացրին այս ճգնաժամը: Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանին նոր սահմանադրություն պետք չէ, քանի որ նրա համար անարխիան է կարգուկանոնի մայրը, կարող է ծայր առնել մի տեւական գործընթաց, որ կկոչվի նոր սահմանադրության տարբերակի(ների) համաժողովրդական քննարկում: Ու հենց այս պրոցեսում կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը: Փաշինյան Նիկոլին ո՞վ չի ճանաչում: Նա ե՞րբ է որեւէ գործ ավարտին հասցրել, որ այս մեկը հասցնի: