Նա պետք է հեռանա

Նա պետք է հեռանա

Ինձ միշտ թվացել է, թե առողջապահության նախարար կոչվածն ընդհանրապե՛ս առողջապահության նախարար պիտի լինի` ֆիզիկական առողջության, հոգեկան առողջության, բարոյական, մտավոր… Թե որքանով է Արսեն Թորոսյան ՀՀ հպարտ քաղաքացին համապատասխանում նախարարի իմ պատկերացումներին, փորձեմ ներկայացնել` սկսելով, բնականաբար, ֆիզիկական առողջությունից:

Այս գծով նախարար Թորոսյանի աշխատանքի արդյունավետությունը լավագույնս արտացոլված է կորոնավիրուսի համավարակի «հայկական ժամանակագրության» մեջ, որը փաստում է, որ 32 հազարից ավելի հիվանդ կա, գրանցվել է մահվան 756 դեպք: Թորոսյանի աշխատանքային ապիկարության ցուցիչներից են նաեւ հարեւան Վրաստանի ցուցանիշները, որոնց հետ պարզ համեմատությունը նույնիսկ Թորոսյանին «դուրս» է գրում ոլորտից իբրեւ նախարարի: Նա մահացու ձախողել է իր գործը եւ պետք է հեռանա: 

Հպարտ քաղաքացի Արսեն Թորոսյանը ձախողել է նաեւ բնակչության հոգեկան առողջության պահպանման գործը: Նրա հակասական մտքերն ու դատողությունները, իրավիճակին անհամարժեք ցինիկ պահվածքը հուշում են` մարդն ինքն էլ խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ. նրա մոտ երբեմն-երբեմն մազոխիզմի եւ սադիզմի՝ անառողջ հերթագայությամբ բռնկումներ են լինում, եւ նա բացասական հոգեբանական ներգործության վտանգ է ներկայացնում հանրության համար: 
Թորոսյանը պարտություններ է գրանցել բնակչության բարոյական առողջության պահպանման գործում եւս: Համավարակի մահացու ֆոնին նրա հենց միայն ֆեյսբուքյան ուրախ քյալագոզությունները բավական են, որ պացիենտին դուրս գրենք նաեւ այդ բնագավառից: Նա պետք է հեռանա: Թորոսյանի մոտ, ամենայն հավանականությամբ, երկկողմանի մտաբորբ էլ կա. նա ի վիճակի չէ միջպետական հարաբերություններում գործընկերների հետ պահպանել կոռեկտ հաղորդակցման մշակույթը եւ իր դատարկաբանություններով վնասակար լարվածություն է ստեղծում վերջիններիս հետ: 

Ի հավելումն այս ամենի՝ Թորոսյան պաշտոնյան պետք է հեռանա, որովհետեւ հակադրվում է վարչապետի հռչակած ազգային անվտանգության դոկտրինին, որտեղ առանձնակի շեշտադրված է Հայ եկեղեցու դերը հայի ինքնությանը սպառնացող վտանգների չեզոքացման գործում: Ի դեպ, ի տարբերություն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետի ուղերձում հիշատակվում են Հայ առաքելական, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիները: Առողջապահության նախարարը չի պատկանում դրանցից որեւէ մեկի հետեւորդների թվին. նա աթեիստ է: «Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, միանշանակ դեմ եմ… Եկեղեցին բոլոր ժամանակներում արգելակել է գիտության եւ մշակույթի զարգացումը»: Եվ սա ասում է Հերացու անվան բժշկական համալսարանի երբեմնի ուսանողը, որը, ըստ ամենայնի, այնքան էլ լավ չի սովորել, հակառակ դեպքում Մխիթար Հերացու մասին գոնե կիմանար, որ վերջինս իր գիտաբժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու եւ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի հովանավորությամբ, կիմանար նաեւ, որ Հերացու հռչակավոր «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը գրվել է Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ (զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ): Բայց որտեղի՛ց այդ մասին իմանար սույն թերուսը, որը սոսկ աթեիստ չէ, այլեւ վերջինիս տգետ-նախահարձակ տեսակը` մարտնչո՛ղ աթեիստ, քանզի ունի աներեր համոզում, թե աթեիստները բարոյականության առումով «շատ դեպքերում գերազանցում են» հավատացյալներին: (Այս առումով չեմ կարող համաձայնել իմ գործընկեր Անուշ Դաշտենցի հետ, թե՝ աթեիստ Թորոսյանը «լավ է, որ գոնե պետական պաշտոնյայի կարգավիճակում իր հայացքները չի «պրոյեկտում» հարեւան` իր գործընկեր Արայիկ Հարությունյանի ոլորտ»: Ստորեւ այդ «պրոյեկտումից» մի օրինակ կբերեմ):

Մինչ այդ նշեմ, որ բացառիկ մեծամտությունը, թե աթեիստները «գերազանցում են հավատացյալներին» եւ «հասարակության ողջամիտ մասն են», արդեն իսկ պրոյեկտվել է իր իսկ` Արսեն Թորոսյան պաշտոնյայի գործողություններում: Հանրության այսքան անթաքույց տրոհումը ողջամիտ աթեիստների եւ «անողջամիտ» հավատացյալների՝ ուղղակի անարգանք է ողջ հանրությանը: «Աթեիստներն ուրիշ ոչնչով չեն տարբերվում մյուս համոզմունքներին հարող մարդկանցից, թերեւս միայն նրանով, որ… կուրորեն չեն հավատում չապացուցված բաների»,- մոտ 3 տարի առաջ մի առիթով իմաստախոսել է Թորոսյանը` այն ժամանակ դեռ նախարար չլինելով, նույնիսկ ողջամիտ պատրանք չունենալով, որ շուտով` ոչ այնքան ողջամիտ իրավիճակում եւ պայմաններում ինքը նախարար է դառնալու: Ուրեմն, ըստ նախարարի` հասարակության ոչ աթեիստ հատվածը «կուրորեն հավատում է չապացուցված բաների», իսկ վարչապետ Փաշինյանը միամտաբար կարծում է, թե հայի ինքնությունը պետք է պահպանի հենց ա՛յդ՝ «կույր» հատվածը: 
«Մի դեպք էլ եղավ դպրոցում,- աթեիստի իր պայծառ ջահելությունից հուշ է պատմել Թորոսյանը,- երբ որոշել էին հոգեւորական կանչել դասարան՝ աղոթելու համար: Ես նախօրոք իմացա դրա մասին, գնացի դպրոց եւ, կոպիտ ասած, ստիպված եղա ինքս զբաղվել դրանով: Դպրոցում խոստացան իմ երեխային չներգրավել այդ գործընթացում»: Այս մեջբերումն անում եմ` հիշեցնելու համար Արարատի մարզի դպրոցներից մեկը ԿԳ նախարար Ա. Հարությունյանի այցելության, այնտեղ հոգեւորականի հանդիպելու եւ վերջինիս դպրոցից վռնդելու մասին: Ահա՛ եւ խոստացված  «պրոյեկտումը», որը վկայում է՝ մենք ունենք առնվազն 2 նախարար, որոնք վարչապետի ռազմավարության հետ բանական եւ հոգեւոր անհաղթահարելի հակասություններ ունեն: 

Եզրափակենք․ Թորոսյանն առողջապահական բոլոր ոլորտները ձախողած պաշտոնյա է, իսկ զբաղեցրած պաշտոնին նրա ամենամեծ անհամարժեքությունն իր կուսակցական ու աշխատանքային ղեկավարի` Փաշինյանի հռչակած ազգային անվտանգության ռազմավարական ծրագրի կարեւորագույն սկզբունքներին չհամապատասխանելու, ավելի պարզ` հակասելու մեջ է: Նա մեծ խոչընդոտ է այդ ռազմավարության իրականացման ճանապարհին: 

Արսեն Թորոսյանի՝ որպես առողջապահության նախարարի պաշտոնավարումը հակասում է նաեւ Փաշինյանի՝ օրերս հրապարակած «Ազգային նպատակներին», դրանցից մասնավորապես` «հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության պահպանմանը եւ զարգացմանը», որը հիմնավորապես ենթադրում է ազգային եկեղեցի եւ հավատ, ինչը, սակայն, Թորոսյանի համար ծաղրելի եւ անընդունելի է:

Հետեւաբար` Թորոսյանը կենդանի հակասություն է հռչակված նպատակների հետ: Եվ նա պետք է հեռանա: