ВДНХ-ի հայկական տաղավարը նորացվում է. վիրտուալ թռիչք Հայաստանի վրայով

ВДНХ-ի հայկական տաղավարը նորացվում է. վիրտուալ թռիչք Հայաստանի վրայով

Վերջին 2 տարում Մոսկվայի քաղաքային իշխանությունը վերակառուցում է ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսը՝ լեգենդար ВДНХ-ն։ Նախագծի արժեքը մոտ 100 մլրդ ռուբլի է։ 
ВДНХ-ի հայկական տաղավարը եւս նորոգվում է։ 1800 քմ տարածքը, կարելի է ասել, սարքվում է զրոյից, եւ հույս կա, որ այցելուները՝ հայրենակիցներն ու հյուրերը, «Արմենիա» տաղավարի շենք մտնելով, արեւելյան շուկայի տպավորություն այլեւս չեն ստանա, այլ կհամակվեն հայկականության ոգով։

«Պետք է, որ այնտեղ մուտք գործողին թվա, թե ինքը մտնում է Հայաստան, Հայաստանի պատմության, ճարտարապետության ոգով է լցվում։ Պետք է անցկացվեն ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպվեն, այնտեղ շքեղ ակուստիկա է։ Իհարկե, Հայաստանից եկած ընկերություններին տարածք է տրամադրվելու, որ նրանք էլ այցելեն մեզ ու ցուցադրվեն։ «Արմենիա» տաղավարը նրանց համար ոտքի տեղ պետք է դառնա, որտեղից նրանք կշարժվեն առաջ ռուսական շուկայում»,- ասում է «Արմենիա» տաղավարի ղեկավար Արտյոմ Մուսայելյանը։

Առաջին դահլիճում տեղադրված են լինելու հայոց եկեղեցիների ու վանքերի մակետները, վերարտադրված են լինելու մեր տեսարժան վայրերը, երկրորդում ցուցադրվելու են նկարիչներ, քանդակագործներ, երրորդը դեգուստացիոն դահլիճ է լինելու, հատուկ 3D ակնոցների միջոցով մարդիկ հնարավորություն կունենան վիրտուալ թռիչք կատարել Երեւանի վրայով։ Երկրորդ հարկում էլ ռեստորանն ու կոնֆերենց դահլիճն են լինելու՝ ամբողջությամբ նորացված։

Մուսայելյանը չի նշում, թե ինչ միջոցներ են ծախսվելու տաղավարն ամբողջությամբ վերակառուցելու համար։ «Միայն դուռը, որն արդեն փոխել ենք, 30 հազար դոլարից ավելի է նստել։ Սա ճարտարապետական հուշարձան է եւ մեծ ծախսեր է պահանջում։ Նախագիծը ՌԴ-ում հայկական դեսպանատան, Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի, ВДНХ-ի ղեկավարության համագործակցության արդյունք է։ Ամեն քայլ մենք պետք է համաձայնեցնենք Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ։ Եթե ցանկացած այլ օբյեկտ կարելի է կառուցել ուղղակի վարպետներ հրավիրելով, ապա «Արմենիա» պավիլյոնի դեպքում անպայման պետք է աշխատեն ՌԴ-ում լիցենզավորված՝ Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում հավատարմագրված ընկերություններ, որոնք ունեն ճարտարապետական հուշարձանների հետ աշխատելու փորձ։ Սա, իհարկե, բարդացնում է աշխատանքը եւ ավելացնում է դրա գինը։ Վերականգնման, ռեստավրացիայի  ժամանակակից նախագիծը եւ դրա մեջ մտնող հարմարեցման նախագիծը ժամանակակից օգտագործման պահանջներին նույնպես թանկ է, հարյուր հազարավոր դոլարներ արժեն նման պրոյեկտները»,- նշում է «Արմենիա» տաղավարի ղեկավարը։ Մոսկվայի քաղաքային իշխանության պահանջով, հայկական տաղավարի նախագծի հիմքում պետք է լինի դրա 1953 թվականի տեսքը, երբ այն կառուցել են, եւ ոչ մի ավելորդություն թույլ տալ չի կարելի։ Ընդհանուր, ВДНХ-ն սկսել են կառուցել պատերազմից առաջ։ Տաղավարի ղեկավարին հիշեցրինք, որ մինչեւ վերակառուցման աշխատանքներ սկսելը այդտեղ աշխատող առեւտրականները, որոնք բաստուրմա-սուջուխ կամ հայկական հուշանվերներ էին վաճառում, տագնապում էին, թե իրենց դուրս կհանեն տարածքից։

«Ոչ մի նման բան չեղավ,- ասում է Արտյոմ Մուսայելյանը,- որպեսզի նման խոսակցություններ չլինեն, մենք անգամ շինարարության ընթացքում պավիլյոնը որոշեցինք չփակել։ Իրերը տեղափոխում ենք այս կողմ, այն կողմ, բայց մարդիկ շարունակում են այս պայմաններում էլ աշխատել։ Ուղղակի մշտական հաճախորդները պետք է իրենց խանութները տեսքի բերեն։ Դա է նրանց մասնակցությունը։ Ռեստորանն իր տարածքն է կարգի բերում, ոսկերիչները՝ իրենցը։ Մենք պայմանավորվածություն ունենք «Պեռնո Ռիկարի» հետ, որն այստեղ իր ցուցահանդեսը կբացի։ Դա մեր հայկական բրենդն է, մեր պատիվը։ Հայաստանում մենք եղանք կոնյակի գործարանում, այնտեղ տեսանք նրանց ցուցահանդեսը, որը գործում է գործարանի տարածքում, եւ աշխատելու ենք նման մի բան անել նաեւ մեզ մոտ»։ Իսկ տեղի վճարը չի՞ բարձրանա։ «Անվճար լիներ չի կարող, կան ահռելի ծախսեր՝ տարածքը կարգին պահելու ու վերանորոգելու համար, եւ այն չի կարող լինել բացարձակ ձրի։ Պետք է լինի անձնակազմ, որը պետք է աշխատավարձ ստանա, եւ այդ բոլոր ծախսերը մենք անում ենք մարդկանց վճարումների հաշվին։ Բայց գինը չի բարձրացել»։