Ռուսաստանը հո՞ղ է նախապատրաստում

Ռուսաստանը հո՞ղ է նախապատրաստում

BBC-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ փորձագիտական գնահատականների վերլուծությունը թույլ է տալիս մի եզրակացություն անել՝ ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության դնելու հավանականությունը որոշակի շրջանակների մղում է հեռուն գնացող կանխատեսումների, որոնք հիմնականում զուգահեռվում են քրդական հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշմանը եւ բերում տպավորության, թե Հայաստանը Մերձավոր Արեւելքի «եռացող կաաթսայում պետք է ձեւակերպի եւ սպասարկի սեփական շահերը»:

Ի՞նչ է նկատի առնվում՝ մնում է անորոշ: Փոխարենը մամուլում տեղ է գտնում այսպիսի ձեւակերպում՝ «չնայած ապրիլյան հեղափոխությանը, Հայաստանը շարունակում է ռազմավարական գործընկերությունն Ռուսաստանի հետ»: Դա հնչում է կշտամբանքի պես, եւ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը դիտարկվում է որպես վերջին քառորդդարյա արտաքին քաղաքական ուղեգծի դրսեւորում:

Գործ ունենք չափազանց վտանգավոր իրավիճակի հետ: Այս եզրահանգմանն է մղում ռուսաստանյան մամուլում բացահայտորեն գեներացվող այն քարոզչակաղապարը, որ Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգներն ակտուալացնում են ոչ միայն քրդական, այլեւ հայկական հարցը:

Տպավորություն է, որ Ռուսաստանն այդ քարոզչությամբ հող է նախապատրաստում, որպեսզի Հարավային Կովկասում համերաշխվի թուրք-ադրբեջանական դաշինքին՝ դրանից ենթադրվող «կարգավորումներով» հանդերձ: Գործնական քաղաքականության ռեժիմում Հայաստանը ոչ մի շահ Մերձավոր Արեւելքում չի կարող սպասարկել, բայցի Սիրիայի հայության անվտանգությունից: Տեսական մակարդակում գեներացվող գաղափարները, որոնք երբեմն շոշափում են անգամ Վիլսոնի իրավարար վճռի ռեինկառնացիան, կարող են օգտագործվել Հայաստանի դեմ: Ռուսաստանի համար ներկայիս իրավիճակը գրեթե ճակատագրականի ընկալում ունի: Իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու ճանապարհին Մոսկվան զգացմունքների չի տրվում եւ չի տրվելու: «Հայկական հարցի» ամերիկյան արծարծումներն ակնհայտորեն նյարդայնացնում են Ռուսաստանին: Այնքան, որ վերահիշյալ մեկնաբանության հեղինակը գրեթե ծաղրական հարցադրում է անում. «Կհնչի՞ հայկական դուդուկը մերձավորարեւելյան նվագախմբում»:

Ռուսաստանը, կարծես, զգուշացնում է: Հայկական դիվանագիտությունից ջանքեր են պանաջվում՝ պարզություն մտցնելու այդ շատ սկզբունքային հարցում: Իսկ մեզ մոտ ոմանք արտգործնախարարի հրաժարականի պահանջ են հասունացնում: