Իմ անունը Հասմիկ է

Իմ անունը Հասմիկ է

Արզումանյան Հասմիկ Սմբատի, 1985թ․ ...

Ինձ թվում է՝ սխալ եմ տեսնում։ Նորից վերադառնում եմ տողի սկիզբ ու տառերը հատ առ հատ կարդում։ Ամեն ինչ ճիշտ է՝ Հասմիկ։ Ենթագիտակցությունս տղամարդու անուն էր սպասում... 

Առաջնագծում զոհվածների ցուցակը ջրի տակ շունչը պահելու վերջին վայրկյանների նման մի բան է՝ անտանելի երկար։ Ամեն անունի հետ թթվածինը սկսում է սպառվել: Օդը չի հերիքում։ 

Հիմա ես բերանս ու քիթս պինդ փակել եմ, ինձ թվում է՝ եթե շնչեմ, կուլ տվածս օդից կխեղդվեմ։ Տողերը սեղմվել-մնացել են աչքերիս ու ուղեղիս արանքում, անունները հայրանուններին են խառնվել, թվերը խցկվել են տառերի արանքում։ 

Եթե Փարիզում ապրեր, նրան կասեին Ժասմին՝ աշխարհի ամենամեղմ թեյի, ամենանուրբ ծաղկի ու ամենաքնքուշ կանացի անունով: 

Երկուսների, զրոների, մեկերի սարսափեցնող կոմբինացիաների արանքում ամեն նոր անունի հետ առաջին տողն է նորից-անընդհատ մտնում ու մնում։ 

Տեսնե՞ս ինչ էր անում էնտեղ, ո՞րն էր իր գործը...

Պատերազմը կնոջ դեմք չունի...

Սուտ է։ Փաստորեն։ Բելառուս Սվետլանան դա ինձնից առաջ ու ինձնից լավ գիտեր։

Պատերազմը կարող է նաեւ կնոջ դեմքով լինել եւ այն էլ՝ ցուցակի հենց սկզբում՝ գլխագրի նման։

Փորձում եմ Հասմիկի դեմքը պատկերացնել։ 35 տարեկան… 

Շոկոլադ սիրո՞ւմ էր... Կսիրեր։ Ո՞ր մի կինը շոկոլադ չի սիրում։ Ո՞ր մի կինը գոնե մի տեսակի ծաղիկ չի սիրում։ Ո՞ր մի կինը չի սիրում... Ո՞վ է ինձնից առաջ կարդացել այս անունը...

Վախենում եմ դիմագծեր ու դրվագներ պատկերացնելուց, սարսափում եմ: Ատում եմ բարձրակրունկները։ Հենց նոր։ Դրանք հագնելու ամենալավ տարիքը 30-ից հետո է, հատկապես պարելիս այնքան սիրուն են նայվում, առավել եւս, եթե կա մեկը, ով կպտտի քեզ, հետո ամուր կպահի մեջքդ, որ չսայթաքես։ Կանայք միշտ սիրում են հենվել հուսալի ուսի։ 

Իսկ նա՞: Զարմանալի է՝ չի փախել, չի թաքնվել։ Ոչ մի տղամարդու թիկունքում։

Երբեւէ պատկերացրե՞լ է, որ իր անունը կլինի բոլոր քաջերից առաջ՝ ամենասկզբում։

Հասմիկն այնքան սիրուն անուն է՝ խիզախությունն անասելի փխրուն ու գայթակղիչ դարձնող։

Սիրելիս, ո՞ւր ես։ Երբ կրակոցները դադարեն, փոխարենը հնչի Nirvana-ի «All apologies»-ը, ու կանայք նորից բարձրակրունկներ հագնեն, հայտնվիր (ֆրեզիաներով), հրավիրիր ինձ պարելու, պտտիր՝ ինչքան կարող ես երկար, ես պարել շատ եմ սիրում (եւ դառը շոկոլադ)։ Հետո պինդ պահիր, լա՞վ, ես մի քիչ թույլիկ եմ։ 

Իսկ մինչ այդ՝ իմ անունը նույնպես Հասմիկ է։

Արմինե ՕԼԵՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ