Ռուսաստանում չեն ուզում լսել գործող վարչապետի և Սերժ Սարգսյանի անունները

Ռուսաստանում չեն ուզում լսել գործող վարչապետի և Սերժ Սարգսյանի անունները

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ

Վերջին շրջանում ընդդիմադիր դաշտի լիդերների տարբեր անուններ են շրջանառվում, անգամ Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի տարբերակներն են քննարկվում։

- Տիգրան Սարգսյանի հնարավոր եւ առաջիկա դերակատարության մասին, որպես քաղաքագետ՝ անձամբ ի՞նչ տեսակետ ունեք։

- Քանի որ արդեն տեսանելի է, որ վարչապետի վարկանիշը բավականին անկում է ապրում, եւ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի շուտ հեռանա վարչապետի պաշտոնից, քան օրինական ընտրություններն են, բնական է, որ ռուսական կողմն այստեղ տարբեր մտածված արտահոսքեր է կազմակերպում, որպեսզի տեսնի Հայաստանի հասարակության քաղաքականապես ակտիվ մասի արձագանքը դրան։ Եվ դրա համար տարբեր անուններ են դրվում շրջանառության մեջ։ Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանի նկատմամբ շատ ավելի բացասական դիրքորոշում գոյություն ունի, քան Կարեն Կարապետյանի, եւ նրա անունի շրջանառությունն ընդամենը PR տեխնոլոգիաների շարքից է։ Այսինքն՝ ստուգել արձագանքը, ոչ թե ինչ-որ լուրջ հայտ ներկայացնելու գործընթաց։

- Սա նշանակում է, որ ՌԴ-ն այլեւս Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չի՞ տեսնում, թե՞ խոսքը 2023 թվականի մասին է։

- Ոչ, 2023 թվական չկա։ Դա նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս Փաշինյանին որպես Հայաստանի վարչապետ փաստացի չի ճանաչում։ Շատ ավելի վաղուց է ռուսական կողմը պատրաստվում Հայաստանում նոր, ավելի ընկալելի, ավելի կանխատեսելի իշխանություն ձեւավորել։  

- Իսկ այլ խաղացողներ ռուսական նախապատվությունների շրջանակներում, ենթադրենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, կա՞ն։

- Երբ մեկը փորձում է իշխանություն ձեւավորել, նա չի հենվում հների վրա, այլ հենվում է նորերի վրա։ Տիգրանը Սարգսյանը հին է, լավ մոռացված հինն է, երկրորդ նախագահի վրա խաղադրույք չի կարող տեղի ունենալ, բայց ոչ այն պատճառով, որ նա Ռուսաստանի համար ցանկալի չէ, ուղղակի, ամեն դեպքում, նա արդեն անցած թեկնածու է։ Ինչ վերաբերում է Ձեր ասած Սերժ Սարգսյանին, ապա բացառվում է, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի, որովհետեւ ինչպես գործող վարչապետն է մերժելի ռուսական կողմի համար, կրկնակի մերժելի է Սերժ Սարգսյանը, որովհետեւ երրորդ նախագահն էր, որ ռուսական կողմին, էսպես ասած, փաստի առաջ կանգնեցրեց՝ պսեւդոհեղափոխությամբ իշխանությունը Փաշինյանին հանձնելով։ Դրա համար Սերժ Սարգսյանի անունը Ռուսաստանում չեն ուզում լսել, եւ նա գերմերժելի թեկնածու է։ Նրանց համար մերժելիները երկուսն են՝ գործող վարչապետն ու Սերժ Սարգսյանը։

- Սակայն, եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի լեգիտիմության բարձր պաշար․․․

- Ներողություն, միանգամից ընդհատեմ՝ լեգիտիմության բարձր, ցածր, միջին պաշարը արտաքին քաղաքական խաղացողներից ոչ մեկին չի հետաքրքրում։ Ուզում ես ունեցիր լեգիտիմության 100, 110 տոկոս, 50 կամ 0, դա ոչ մեկին բացարձակ չի հետաքրքրում։
Քաղաքականության մեջ այդ լեգիտիմությունը ներքին PR կոմպանիայի համար է։ Ընդամենը այն է, որ Եվրախորհուրդը մի հատ նշեց, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ի ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ էին, ոչ ավել։ Ներքին օգտագործման բաները ռեալ պոլիտիկում նշանակություն չունեն։

- Ինչո՞ւ, նույն ռեալ պոլիտիկի տեսանկյունից Կարեն Կարապետյանը լավ թեկնածու էր, բայց 2018-ին հաղթեց Նիկոլ Փաշինյանը։

- 2018-ին ռուսական ծրագրերի մեջ էր մտնում, ամենայն հավանականությամբ, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը պետք է հանձներ Կարեն Կարապետյանին եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին․․․

- Այո, հենց դա եմ ասում։

- Բայց խնդիրն այն է, որ իշխանության հաշվով Սերժ Սարգսյանը լրիվ ուրիշ ծրագրեր ուներ։ Դրա համար չհանձնեց։ Նաեւ՝ ըստ ռուսական աղբյուրների, ինքն ուներ հանձնարարություն, թե ում պետք է հանձնի իշխանությունը։ Կարեն Կարապետյանն այդ անձնավորությունը չէր, որին նա պետք է հանձներ։ Նա պետք է հանձներ Փաշինյանին, ինչը եւ արեց։

- Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, վերջին շրջանում խիստ ակտիվ է, հարցազրույցներ է տալիս, գրառումներ է անում, կա կարծիք, որ նա քաղաքական կուսակցություն է ստեղծում։ Ձեր  ասածը վերաբերում է նաեւ Մինասյանի՞ն։

- Այո։ Եվ Միքայել Մինասյանն առանձին չէ, կա Միքայել Մինասյան-Սերժ Սարգսյան տանդեմ։ Երկրորդ․ Միքայել Մինասյանը չի ցանկանում տարանջատվել Սերժ Սարգսյանից, հակառակը՝ նա իր վերջին հարցազրույցում որոշակի մեսիջներ հղեց Նիկոլ Փաշինյանին՝ առ այն, որ չես կարողանում երկիր ղեկավարել, արի չեղյալ համարենք պայմանավորվածությունները՝ դու իշխանությունը հետ հանձնի։ Դրանից հետո էլ, եթե ուշադրություն դարձրիք, երրորդ նախագահի եղբոր վրա 250 միլիոն դրամի տույժ-տուգանք դրեց՝ քրեական գործ հարուցելով, ինչը նշանակում է, որ նա մերժեց Միքայել Մինասյանի՝ պայմանավորվածությունը չեղյալ հայտարարելու մասին առաջարկը։

- Ինչո՞ւ այս իրավիճակում քաղաքական կուսակցություններն ակտիվ չեն։ Առհասարակ, տպավորություն է, որ կուսակցությունները փակել են իրենց գրասենյակների դռներն ու տուն գնացել եւ իրենց հիշեցնել են տալիս միայն այն ժամանակ, երբ 4 ամիսը մեկ ինչ-որ եթերում հարցազրույց են տալիս։ Նկատի ունեմ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանին։

- Դա շատ հին պրոբլեմ է, երբ Հայաստանում կուսակցություններն իրենց կուսակցական գործունեությունը սահմանափակում են, ինչպես իրավացիորեն նշեցիք, այս կամ այն լրատվամիջոցի հարթակում հարցազրույց տալով եւ ընտրությունների ժամանակ քարոզարշավ իրականացնելով։ Կուսակցական ակտիվ գործունեություն իրականացնելու համար պետք է 2 կարեւոր բան․ փող՝ բավականին շատ, եւ համապատասխան մասնագետներ։ Եթե կուսակցությունը չունի փող, չի կարող վարձել մասնագետներ, եթե չի կարող վարձել, չի կարող կուսակցական գործիչ լինել։

- Այնպես չէ, որ առաջ ունեին։

- Այո, դրա համար առաջ էլ չէին զբաղվում, հիմա էլ։ Նաեւ Հայաստանում չգիտեն, թե ինչ բան է կուսակցությունը, եւ պատկերացնում են, որ այն մի քանի մանդատ ունենալու համար է կամ Աժ-ում օրենք գրելու։