Վարչապետի ակնարկը՝ Բաբաջանյանին

Վարչապետի ակնարկը՝ Բաբաջանյանին

ԱԺ ԼՀ խմբակցությունից անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ամուլսարի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցուպատասխանը բավականին ուշագրավ ընթացք ստացավ՝ փոխադարձ ակնարկներով լի։ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, եւ արդյոք չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը»,- հարցրեց Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով, որ 2 տարի է՝ վարչական դատարանում վիճարկվում է «Լիդիանին» տրված լիցենզիան։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց, որ Բաբաջանյանի արտաբերածն ավելի շատ պնդման էր նման, քան թե հարցի, ապա անցավ բուն պատասխանին։

«Ես, եթե թույլ կտաք, նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված Ձեր հարցից։ Ինչո՞ւ եք, օրինակ, Դուք կիսում նախորդ ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով ձեւավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր։ Հիմա Ձեր ասածին ի պատասխան ասեմ, որ իրականությունն այնպիսին չի, ինչպես Դուք նշում եք, որովհետեւ, եթե Դուք ուշադիր եք եղել իմ վերջին ուղիղ եթերին, այնտեղ հստակ նշված է, որ Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Եվ իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ապա հատուկ ընդգծեց, որ իրենք մշտապես հետամուտ են լինում ճշմարտության բացահայտմանը, եւ իր համար ճշմարտությունը՝ Հայաստանի ազգային եւ պետական շահը, եղել եւ շարունակում է լինել առաջնահերթություն։

Վերջում էլ մի ակնարկ արեց՝ ուղղված Արման Բաբաջանյանին․ «Եթե մենք ապօրինի ձեւով փակենք հանքը, վաղը ապօրինի ձեւով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձեւով կփակենք արտադրամասը, էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ»։ Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը տարիներ շարունակ ղեկավարել է լրատվամիջոց, որն ակտիվորեն լուսաբանել է նաեւ «նախկին հանցավոր ռեժիմին»։

Արման Բաբաջանյանը, թերեւս ընկալելով Նիկոլ Փաշինյանի ակնարկը, փորձեց նրա հարցին հարցով հակադարձել՝ հարցնելով, թե ինչու իրավաքաղաքական գնահատական չի տալիս նախկին 20 տարիների հանցավոր ռեժիմին։ Վարչապետն այստեղ էլ պատասխան ուներ՝ նույն ոճով։ «Իմ պատասխանն էլի նույնն է՝ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետեւ Ձեր նշած ռեժիմի պայմաններում Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։

Նշանակում է՝ ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության պայմաններում, մենք պետք է էդ ամեն ինչն արմատախի՞լ անենք։ Օրինակ՝ նախկին իշխանության օրոք բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք թոշակառուների ձեռքից հավաքե՞նք էդ թոշակները»,- ասաց նա։ Փաշինյանն այնուհետեւ հիշեցրեց, որ այսօր տասնյակ քրեական գործեր են հարուցված, դեռ տասնյակ մարդիկ էլ պիտի ներգրավվեն որպես մեղադրյալ՝ որքանով որ ինքը տեղյակ է, ուստի հռետորաբար հարցրեց․ «Բա գնահատականը պոզով-պոչո՞վ ա լինում»։

Վարչապետի ասածը, իհարկե, տրամաբանական է, որ չի կարելի ամբողջությամբ մերժել հինը եւ առանց իրավական հիմքերի քայլեր իրականացնել։ Եվ հարց է ծագում՝ ինչպե՞ս է որոշվում, թե հնի ինչը մերժել, ինչը թողնել, եւ եթե կարմիր գիծ են քաշում, ինչո՞ւ այդ գիծը բոլորի ու ամեն ինչի վրա չի տարածվում։ Ի դեպ, հնարավոր է նաեւ, որ հենց այս ոչ բարեկամական հարցուպատասխանն էլ լինի սցենարի մի մասը՝ իշխանություն-Արման Բաբաջանյան համագործակցության մասին կասկածները փարատելուն ուղղված։