Հաջիեւը ճիշտ է հասկացել

Հաջիեւը ճիշտ է հասկացել

Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, որ փաստացի կատարում է ԱԳ նախարարի պարտականությունները, ծավալուն անդրադարձ է արել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը: Հաջիեւի «նկատառումներն» ուշադրության արժանի չէին լինի, եթե այնտեղ չհանդիպեինք մի դիտարկման: Նա հատուկ ուշադրություն է դարձրել փաստաթղթի պատմական հիմնավորումներին, որտեղ մեջբերում կա Վահան Տերյանից.

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես / Անհետ կորել անցել է-չար մշուշի պես,- ինչից Իլհամ Ալիեւի օգնականը եզրահանգման է եկել, որ այդ բանաստեղծությունը «բացահայտում է հայկական տեռորիզմի էությունը»: Այսինքն, Հայաստանին վերագրում է Բաբելոնի կործանման եւ դրանով հպարտանալու «շովինիստական ինքնություն»:

Այն դեպքում, երբ Ադրբեջանի պաշտոնական պատմագիտությունը մերժելով մերժում է Հայկական լեռնաշխարհում հայկական պետության երբեւէ գոյություն ունեցած լինելը, Հաջիեւի տվյալ դիտարկումն, ընդհակառակը, Հայաստանին վերապահում է պետական հզորություն, այնքան, որ կարողացել է կործանել Բաբելոնը: Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնականը փորձել է կարծիք ձեւավորել, որ Հայաստանը միշտ է «նվաճողական քաղաքականության վարել հարեւանների դեմ» եւ հայտնվել է իր իսկ լարած ծուղակում: Պետական պաշտոնյայի մակարդակով արձանագրվում է իրողությունը՝ Հայաստանը հնագույն քաղաքակրթության երկիր է, հայ ժողովուրդը ծանոթ է Բաբելոնին, Ասորիքին, պետություններ, որոնք պատմության թատերաբեմից հազարավոր տարիներ առաջ են իջել, իսկ Հայաստանը կա:

Ի դեպ, Վահան Տերյանի բանաստեղծության իմաստն էլ դա է. Եգիպտական բուրգերը փոշի կդառնան/ Արեւ պես, երկիր իմ, կվառվես վառման:- Հաջիեւին, երեւում է, խիստ անհանգստացրել է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս Հայաստանը հղում է անում քաղաքակրթական արժեքներին: Դա այն հարթությունն է, որտեղ Ադրբեջանը պարզապես ասելիք չունի:

Հաջիեւին մնացել է մի հուսահատ քայլ անել՝ Վահան Տերյանին մեղադրել «տեռորիզմ քարոզելու» մեջ եւ նրան համեմատել ներկայումս Մերձավոր Արեւելքում վաղնջական քաղաքակրթական արժեքները ոչնչացնողների հետ: Սա արդեն «օրիգինալության գագաթ» է:

Որովհետեւ Մերձավոր Արեւելքում Հին աշխարհի քաղաքակրթական հետքերը բնաջնջում են Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումները, որոնց անդամակցում են հազարավոր ադրբեջանցիներ: Նպատակը մեկն է՝ Մերձավոր Արեւելքի պատմությունը վերաշարադրել ըստ «օսմանյան ընդհանուր քաղաքակրթության»: Նույն ձեռագիրն ունի պաշտոնական Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղի պատմա-քաղաքակրթական դիմանկարը ներկայացնել սկսած 18-րդ դարի 60-70-ական թվականներից՝ Փանահ-Ալի ավազակից: Այս քաղաքակրթական նենգափոխման դեմ է սկսվել արցախյան Շարժումը: Այն, ինչ Հաջիեւն անվանում է «օկուպացիա»՝ Արցախի քաղաքակրթական դիմանկարի վերահաստատում է: Մի դեպքում  նա ճիշտ է՝ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդն այս հարցում որեւէ զիջման երբեէ  չեն գնալու: Այո, Արցախը Հայաստան է եւ վերջ: Քաղաքակրթական ընդհանրությունն իրավա- քաղաքական միասնության հիմքն է՝ ամրապնդված անվտանգության ազգային համակարգով: Հաջիեւը ճիշտ է հասկացել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը: