«Գիտնականներ Հայոց երկրի, միացե՞ք», թե՞ «Ով հայ գիտնականների համայնք, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

«Գիտնականներ Հայոց երկրի, միացե՞ք», թե՞ «Ով հայ գիտնականների համայնք, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

Լրագրողի եւ գիտնականի տասնամյակների փորձս վկայում է, որ ԳԱԱ եւ ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների գիտնականները, ինչպես նաեւ բուհերի դասախոսները երեխաներից հետո երկրորդ ամենաանպաշտպան եւ իրենց իրավունքների ոտնահարման դեմ չպայքարող խավն են: Մյուսները՝ կանայք, հաշմանդամները, նույնիսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, վաղուց արդեն բարձրաձայնում եւ պայքարում են իրենց իրավունքների համար եւ հասել են որոշակի հաջողությունների: Նրանց հետ սկսել են հաշվի նստել, հարգել իրավունքները, բարելավել նրանց կյանքը:  

Երեխաները, այնուհանդերձ, ինչ-որ իմաստով ավելի բարվոք վիճակում են, քան գիտնականները, որովհետեւ գոնե կան նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ: Կան նույնիսկ վայրի կենդանիների, Կարմիր գրքում հայտնված բույսերի եւ միջատների, թափառող շների, նույնիսկ առանձին վերցված սարի պաշտպաններ, որոնք պնդում են, որ «Ամուլսարը պետք է սար մնա»: Միայն գիտնականներն ու դասախոսներն են մնացել անպաշտպան: 

Հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ նրանք իրենք իրենց չեն պաշտպանում: Ինչո՞ւ, երբ ԳԱԱ ինստիտուտներից մեկի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքեցին, որ իրենցից շենք են խլում, ԳԱԱ մի քանի հազար մնացած աշխատակիցները չպաշտպանեցին նրանց շահերը: Ֆրանսիայում, օրինակ, երբ աշխատավորների կամ մեկ այլ խմբի իրավունքների ոտնահարում է լինում, ամբողջ Ֆրանսիան է փողոց դուրս գալիս եւ բողոքում այնքան, մինչեւ վերականգնվեն ոտնահարված իրավունքները: Ո՜ղջ Ֆրանսիան, ներառյալ՝ ուսանողներն ու դպրոցականները: 
Հայերն այդպես չեն վարվում: Թե ինչու, կբացատրեմ մեկ այլ հոդվածում: Իսկ գիտության եւ կրթության նվիրյալնե՞րը: Նրա՞նք ինչու են այդպես երկչոտ: Դա, երեւի, նրանից է, որ, ինչպես ժողովուրդն է նկատել, մարդ ինչքան շատ գիտելիք ունի, այնքան ավելի անվստահ ու անօգնական է դառնում: Կամ, ինչպես իր ժամանակի ամենագետներից մեկը՝ Սոկրատեսն է ասել. «Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ»: 

Գիտնականներն ու դասախոսները լուռումունջ համակերպվում են իրենց պարտադրված ստորացուցիչ աշխատավարձերին: Նույնիսկ այն դեպքում են լռում, երբ այդ մինիմալ դրույքաչափերը դառնում են կոտորակային: Այդպես եղավ, երբ մի քանի տարի առաջ ԳԱԱ գիտաշխատողների դրույքաչափերը, իբր, բարձրացրին: Ինչո՞ւ իբր: Որովհետեւ նրանց ինստիտուտների աշխատավարձերի ֆոնդը համապատասխան չափով չավելացվեց: Եվ հիմնարկների ղեկավարները կանգնեցին այլընտրանքի առջեւ. կա՛մ կրճատել որոշ գիտնականների, որ կարողանան մյուսներին վճարել նոր դրույքաչափերով, կա՛մ մի դրույքի վրա պահել Հայաստանի ապագայի համար պիտանի երկու այդպիսի մարդու: 

Իշխանություններն իրենց հերթին, տեսնելով, որ բողոքներ չեղան, չբավարարվեցին դրանով: Հայտարարվեց, որ եղել է խարդախության դեպք. ինչ-որ մի ինստիտուտում մեկ դրույքի վրա ձեւակերպել են ութ (՞) գիտությունների դոկտորի, որպեսզի նրանք ստանան իրենց կոչումի համար նախատեսված հավելավճարը` 50 հազար դրամը, որը շատ ավելի բարձր է, քան այդ մեկ ութերորդ դրույքաչափը: Եվ, փոխանակ պատժեն այդ խարդախության մասնակիցներին, որոշեցին պատժել ոչ լրիվ դրույքաչափով աշխատող գիտական կոչում ունեցող բոլոր գիտնականներին՝ զրկելով նրանց կոչումների համար նախատեսված հավելավճարներից: Ի դեպ, լրիվ դրույքաչափով իր մասնագիտությամբ աշխատող գիտությունների թեկնածուի հավելավճարը կազմում է 25 հազար դրամ: 

Հիմա գիտնականների գլխին կախվել է «դամոկլյան սուրը», եւ նրանք լուռումունջ սպասում են, որ այդ սուրն իջնի, եւ հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը փակվեն նրանց ինստիտուտները, կրճատվեն աշխատատեղերը, եւ իրենք գլուխները կախ հեռանան կամ անցնեն թոշակի: Այսինքն՝ մատնվեն թշվառության: 

Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է այդ սուրն իջնելու: Այն հիմնավորմամբ, որ համարյա 3 տասնամյակ չքավորության մատնված եւ գիտնականի աշխատանքի համար անհրաժեշտ համարյա բոլոր պայմաններից զրկված մեր գիտնականների մի մասը չի կարողանում բավարարել հազարավոր դոլարների աշխատավարձ ստացող եւ գիտնականի աշխատանքի համար բոլոր պայմաններն ունեցող Արեւմուտքի ամենազարգացած երկրների իրենց գործընկերներին ներկայացվող պայմաններին: 

Հետաքրքիր է՝ եթե այսօրվա մեր չեմպիոն ծանրամարտիկներին եւ ըմբիշներին ոչ թե տասնամյակներ, այլ մի տարի սոված պահենք եւ զրկենք մարզվելու համար անհրաժեշտ պարագաներից ու սարքավորումներից, կկարողանա՞ն նրանք հաղթել որեւէ մեկին:
Տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն ու դասախոսներն ապրել են՝ հետեւելով «էշ, մի սատկիր, գարուն կգա» կարգախոսին: Իսկ մեր իշխանությունները հետեւել են այն անեկդոտի հերոսի օրինակին, որն անընդհատ կրճատել է իր էշին տրվող կերը՝ պարզելու համար, թե նա ինչքան կդիմանա:

Սիրելի գիտնականներ եւ դասախոսներ: Հերիք չէ՞ նմանվեք այդ երկչոտ կենդանուն եւ սպասեք, թե ձեր տերն ինչքան կքչացնի ձեր «կերը»: Ժամանակը չէ՞, որ սկսեք ապրել Կարլ Մարքսի վերափոխված կարգախոսով. «Գիտնականներ Հայոց երկրի, միացեք»: Կամ, եթե Մարքսը ձեր սրտով չէ, մեր սիրված բանաստեղծ Եղիշե Չարենցի վերափոխված կարգախոսով.  «Ո՜վ հայ գիտնականների համայնք, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:


Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ