Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ կմեկնեն «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Սբ Էջմիածին», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին» գրական գործակալությունը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի հրատարակչություններին՝ հայ դասական եւ ժամանակակից գրականություն հրատարակելու համար։ Տեղի կունենան նաեւ շնորհանդեսներ, քննարկումներ: Մասնավորապես «Frankfurt Authors Stage»-ում տեղի կունենա «Գրականությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները» թեմայով քննարկում: Բանախոսներն են արձակագիր Նորայր Սարգսյանը եւ բանաստեղծ, լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը: Գերմանախոս ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալ հեղինակների ստեղծագործությունների գերմաներեն հատվածական թարգմանություններին:

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա նաեւ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գրքի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել ավստրիական «Wolfgang Hager» հրատարակչությունը. թարգմանիչ՝ Ագապի Մկրտչյան, խմբագիր՝ Հելմութ Մալոնեկ: Գրքի նկարազարդումների հեղինակները գերմանացի եւ հայ դպրոցականներ են:

Նախատեսված է նաեւ «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի հրատարակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների տուփ-գրքի շնորհանդեսը: Հիսունչորս բացիկները ներկայացնում են արցախցիների առօրյա կյանքից դրվագներ: Հավաքածուում ներառված են Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի եւ Փիրուզա Խալափյանի լուսանկարները: