Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ այդ մեղադրանքները

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ այդ մեղադրանքները

Հակակոռուպցիոն  կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՅԴ կուսակցության անդամների կողմից 2021 թվականին անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքով։

Քննչական կոմիտեն հաղորդել է․ «Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:․․․Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»:  

Փաստորեն՝ ապացույցը ինչ որ գրառումներ են, նոթատետրեր, ինչը շատ է հիշեցնում Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ հարուցված քրեական գործերը եւ այն մասնավոր գրությունները, որոնք հայտնաբերել էին Գագիկ Ծառուկյանի սեյֆերից, որոնցից մեկի հեղինակն, օրինակ, Սերգեյ Բագրատյանն էր, ով հավատարմության երդումներ էր տվել Ծառուկյանին, իսկ հիմա ՔՊ-ական պատգամավոր է։

Hraparak.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն է ստացել ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանից։

«Բացարձակ սուտ է, ճշմարտությանը չի համապատասխանում  դա։ Դա իշխանությունների ճիգերն են։ Նրանք փորձելու են մեր ընկերներին, մեզ բոլորիս վախեցնել, մեր շարժումը կասեցնել, որը իրենց, իհարկե, չի հաջողվելու։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների ժամանակ արված ծախսերին, բնականաբար ընտրական ծախսերի համար՝ պաստառներ, տպագրական նյութեր և այլն, եղել են, բայց ընտրակաշառք բացառվում է։ Սուտ է, դա մեր՝ դաշնակներիս, սկզբունքներին դեմ է եղել միշտ։ Որովհետև այսօրվա վիճակը, որ կա ժամանակի՝ ուղիղ դրա հետևանքն է։ Մենք միշտ դեմ ենք եղել դրան և դեմ ենք լինելու։ Մեղադրվողներն այն անձիք են, ովքեր, որ մի մեծ հարուստ կենսագրություն ունեն՝ Գետաշենից սկսած 90-ականներին ամբողջ Ղարաբաղի պատերազմով անցած, ապրիլյանով անցած մարդիկ են։ Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ այս մեղադրանքները որպես ՀՅԴ ԳՄ անդամ»,-ասաց Տարոն Տոնոյանը։