Establishment

Establishment

Ահա, թե ինչ է անհրաժեշտ՝ Հայաստանի անկասելի առաջընթացի համար:

Երջանկահիշատակ Լևոն Սարգսյանը գրել է .

«…օրերս մի դիպվածով փորձեցի ծանոթանալ establishment բառի ստուգաբանությանը և, անկեղծ եմ ասում, խիստ զարմացա: Իհարկե ես գիտեի բառի ընդհանուր նշանակությունը` վերնախավ (հասարակական, քաղաքական), բայց շատ զարմանալի էր բառի արմատը. պարզվեց դա անգլերեն establishment բառն է, որի արմատը լատիներեն stabilire «կայունացնել» բառն է, իսկ istabileshment փաստորեն բառացի ամենևին էլ վերնախավ չի նշանակում, այլ նշանակում է… կայունություն, հաստատունություն: Խոստովանեմ նաև, որ բառի այդ նշանակությունն ինձ զարմացրեց այն պատճառով, որ մտովի վայրկենաբար պրոյեկտեցի հայ ժամանակակից իսթեբլիշմենթի, այսինքն` քաղաքական վերնախավի վրա` բնականաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և զարմանքով արձանագրեցի բառի բացարձակ անհամապատասխանությունն իր «նշանակյալին»:

Չնայած Լևոն Սարգսյանի խորաթափանցությանը, նա, թյուրիմացաբար, քաղաքական վերնախավ էր դիտարկել Նիկոլ Փաշինյանին, ով քաղաքական ոլորտի հետ որևէ աղերս չունի, ինչպես նաև նրա շրջապատը: Ուղղակի կարելի է ծափահարել Հայաստանի համար ոչ այնքան լուսավոր, ուրվագծվող նախագծի իրագործման համար այս թիմին ընտրողներին…

Անցած լինի: Ներկայում կարևոր է ապագայի հիմքերը դնելը: Եթե քաղաքական վերնախավը դեռ պետք է ձևավորվի՝ 30 տարիների ընթացքում ապականված, ամեն տեսակի վիրուսներով ախտահարված քաղաքական դաշտի առողջացմամբ, ապա գործարար վերնախավը գրեթե ձևավորվել է: Կարծես, առնվազ 4 խոշոր սեփականատեր կարող են սկզբնավորել վերնախավային ավանդույթը Հայաստանում: Նրանց անունները հայտնի են բոլորին, բայց նպատակահարմար չէ հրապարակավ այդ մասին ասել: Եթե Հայաստանը կրկին վերադառնա ճշմարիտ ուղի, ապա առաջին հերթին հարկ կլինի մշակել գործարար վերնախավի բարոյական կոդեքսը, իսկ ապա՝ քաղաքականը:
Ի լրումն դրա, այսուհետ որևէ պետական մարմին իրավունք չպետք է ունենա հրապարակավ վարկաբեկել վերնախավին: Եթե ինչ-ինչ խնդիրներ էլ առաջանան, ապա դրանք պետք է կարգավորվեն անաղմուկ:

Ընդհանուր առմամբ, այսպիսի մոտեցումը թվում է նպատակահարմար, իսկ ավելի մանրամասն մշակումների անհրաժեշտություն կլինի: Իսկական քաղաքական և գործարար իսթեբլիշմենթի ձևավորումը կերաշխավորի երկրի կայունությունը՝ անկախ պատահաբար, բախտի բերմամբ, թե արտաքին ուժերի կողմից ներդրված իշխանության:

Գագիկ Վարդանյան