Վահրամ Կարաբախսկին և Իլհամի թելեգրամյան ալիքը

Վահրամ Կարաբախսկին և Իլհամի թելեգրամյան ալիքը

Հիշո՞ւմ եք, մի «գրագետ» կար Արցախի Հանրապետությունում, անունը` Վահրամ Աթանեսյան: Ճիշտ է՝ հիմա վաղուց այլեւս Արցախում չէ եւ Արցախում էլ հեչ լավ չեն հիշում նրան, բայց Հայաստանում էլ նա պարապ չի մնացել՝ կամ Նիկոլ է պաշտպանում, կամ սորոսականներին է ծառայություններ մատուցում, մեկ-մեկ էլ՝ Տեր-Պետրոսյանին է քծնում։ Ուրեմն, այդ Վահրամի կյանքի գլխավոր ձեռքբերումը եղավ ինձ բլոկելը, որ չկարողանամ մտնել իր էջը և տեսնել, թե ինչ մոջահեդությամբ է զբաղված ֆեյսբուքյան տիրույթում: Կարաբախսկի արմենինի խելք, էլի: Դրսում 21-րդ դարն է, այ Վահրամ, ո՞վ է հիմա թաքուն շպիոնաժով զբաղվում: Ամեն ինչ բաց է, բոլորը միմյանց տեսնում են, լսում, իմանում: Գիտեն՝ ով ինչով է շնչում, ումից է փող ստանում, ում չվանին է լվացքը փռում։ Եվ դու մտածում էիր, որ կարող ես «Հրապարակի» մասին բան գրել ու Երևանում ես չիմանայի՞: Ե՞րբ ես տարրական բաներ հասկանալու:

Տես` շատ չուշանաս, որովհետև մի գեղեցիկ օր կարող ես արթնանալ ու տեսնել, որ արդեն Ադրբեջանի քաղաքացի ես` անձնագրով, գրպանիդ փողով, մզկիթով, մոլլայով բանով... Թե որ քնած վախտդ էլ ծերիցը կտրած չեղան, լավ ա:

Անձնական գույներդ խտացնելու համար չեմ գրում այս տողերը, Վահրամ: Դու ինձ շատ քիչ ես հետաքրքրում: Ինձ անհանգստացնողը Արցախի ժողովրդի հանցավոր անտարբերությունն է «լրագրողական» մոջահեդության հանդեպ: Ինչո՞վ են զբաղված, որ քեզնով չեն հետաքրքրվում: Ադրբեջանական մամուլի քո իմացությամբ պետք է վաղուց հայտնված լինեիր պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Բայց դու արդեն այնքան ես լկտիացել, որ Բաքվի կենտրոնական իշխանության հրահանգներն ես իջեցնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, թե գնացեք, «Հրապարակին» բռնեք, որովհետև «Հրապարակը» հանդգնել է Իլհամին ծառայություն մատուցող թելեգրամ ալիքից ինֆորմացիա վերցնել ու հրապարակել: Բայց «վերլուծաբանիդ» միտքն էլ է սկսել վատ աշխատել՝ նույնիսկ չես հասկացել, որ «Հրապարակն» ընդամենը հայ ժողովրդին զգուշացրել է, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը վատ բաներ են սպասվում եւ էդ իրավիճակը քո սիրելի Նիկոլն է ստեղծել, որի դեմ դու չես համարձակվում մի տող գրես, եթե գրում էլ ես՝ սորոսական թույլատրելի շրջանակներում։

Այ տղա, էն որ օգոստոսի վերջին Մոսկվայում հանդիպում է տեղի ունենալու Պուտին-Նիկոլ-Իլհամ ձևաչափով, ձեր Բաքվի ողջ մամուլը «Հրապարակից» է իմացել: Իսկ էն, որ Ալիևը միջանցքի հարց է դնելու և կտրուկ, էդքան տեղեկատվության չէ, որքան տրամաբանական վերլուծության հարց է, որովհետև Նիկոլը մեր գլխին բոլոր խաղերը խաղացել է ու մնում է սարի սմբուլը. այսինքն` միջանցքը տալը, ինչից հետո մենք բոլորս, դու էլ մեզ հետ, հնարավոր է դառնանք թուրք-ադրբեջանական միասնական պետության քաղաքացի: «Հրապարակը» դեռ մի բան էլ գրել է` Ալիևի խոսքով` «Զանգեզուրի միջանցք», իսկ Նիկոլի խոսքով` «Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ»: Գուցե հենց այս տարբերությու՞նը քեզ դուր չի եկել, Վահրամ, որ այդպես պայքարում ես հանուն Բաքվի կենտրոնական լրատվամիջոցների առաջնայնության:

Վերջում էլ իբր հարց ես տվել. «Էս երկրում մի պետական հաստատություն չկա՞ զբաղվի տեղեկատվական անվտանգության, լրագրողական մոջահեդության հարցերով»: Կխնդրեի նեղություն քաշես ու պարզաբանես, թե «էս երկիր» ասելով ո՞ր երկիրը նկատի ունես: Հայաստա՞նը: Բայց դու ի՞նչ կապ ունես Հայաստանի հետ, դու անգամ Արցախի հետ կապ չունես: Նիկոլը չի՞ հայտարարել, որ Տեղ գյուիղ էն կողմ Հայաստան չկա: Բա մի բառ էլ Նիկոլին ասա, հարցրու` էս երկիրն ո՞ւմ ես տալիս, այ «հընգեր», դու ո՞վ ես, քանի՞ գլուխ ունես, որ որոշես, թե թուրքը ոնց գնա ու գա էս երկրով: Ընկել ես «Հրապարակի» հետևից ու ԱԱԾ-ՔՊԿ քսի ես տալիս ազատ լրատվության դեմ։ Բա էդ պետությանն ու ԱԱԾ-ին ինչի չես հիշում մյուս դեպքերում՝ կարծեմ մի շաբաթ առաջ հարազատ ես կորցրել «Սուրմալուի» պայթյունի ժամանակ, հարցրե՞լ ես՝ ԱԱԾ ինչի չես ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցերով զբաղվում: «Հրապարակից» վաղուցվանից ես վառված, բայց մի քիչ քեզ պատշաճ պահիր: Չեմ կարծում, թե Բաքվի կենտրոնական իշխանությունները դանակը վզիդ են դրել ու ստիպել մոջահեդություն անել էջումդ: