Այս կառավարությունը կարող է իրեն վերագրել նաեւ այն, որ արևը ծագում է և մայր է մտնում

Այս կառավարությունը կարող է իրեն վերագրել նաեւ այն, որ արևը ծագում է և մայր է մտնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ  Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Խոսելով հայ-վրացական բարեկամական հարաբերություններից, վարչապետը ի զարմանս նաև իրեն, (այդպես հենց ինքն է արտահայտվել հանդիպման ընթացքում), նշել է, որ «նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 97 տոկոս առևտրաշրջանառության աճ՝ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում»: Թե ինչպես կարող էր առեւտրաշրջանառությունը 97 տոկոսով աճել եւ դա արդյոք նշանակո՞ւմ է, որ 2021-ին զրոյական առեւտրաշրջանառություն ենք ունեցել մեր հարեւան երկրի հետ, զրուցել ենք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

-Պարոն Մանասերյան, որպես տնտեսագետ, ինչպե՞ս կմեկնաբանեք 97 տոկոսի աճը, ինչքանով են իրատեսական այդ թվերը եւ ինչի հաշվին է նման թռիչք գրանցել հայ-վրացական առեւտրաշրջանառությունը:

-Նախ և առաջ պետք է իրատեսորեն մի քիչ նայենք, թե նախորդ տարիներին ինչ է տեղի ունեցել: Իսկ նախորդ տարիներին գրեթե երեք անգամ մեզ մոտ կրճատվել է  առևտրաշրջանառությունը, և ընդհանրապես առևտրատնտեսական կապերը բավական թույլ են մեր երկու երկրների միջև: Եթե չխոսենք այն մասին, որ կառավարության անդամ-նախարարները, բացի տրանսպորտի նախարարից, միգուցե և արտաքին գործերի նախարարից, մնացածը շատ հազվադեպ առիթներով են իրար հետ շփվում, և պարզապես այդքան էլ ծանոթ չեն մեկը մյուսին: Նման բարեկամություն չի կարող լինել երկրների միջև, հատկապես հայ և վրացի ժողովրդների միջև: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի պետությունը կապ չունի, թե ով է վարչապետը, ով է նախագահը, պետք է հետևողական լինեն բարեկամներ ձեռք բերելու, դրանց պահպանելու դրանց հետ զարգացնելու այդ բարեկամությունը, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում։ Ըստ էության, բարեկամ երկիր այսօր չունենք, նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեր ռազմավարական դաշնակիցն է՝ ես չեմ կարծում, որ ձևավորվել են արժանապատիվ հարաբերություններ ՀՀ և ՌԴ միջև։ Մի կառավարություն փորձում է շողոքորթել, ինչ որ ձևով հաճոյանալ, մյուս կառավարությունը փորձում է կսմիթներ անել Արևմուտքին՝ դուր գալու համար, բայց իրական բարեկամություն չկա: Նույնը կարելի է ասել Իրանի մասին և այլն։ Այսինքն, բարեկամությունը հիմքն է առևտրատնտեսական կապերի առանց որի անհնար է օրինաչափ զարգացումներ ակնկալել: Եվ այն, ինչ որ մենք այսօր ունենք, եթե խոսքը վերաբերում է հարյուր տոկոսանոց աճին՝ դա այն ֆոնի վրա, որ համավարակի պայմաններում երկու տարի շարունակ եղել են կրճատումներ՝ սահմանափակումների, լոքդաունի պայմաններում: Ընդհանրապես չմոռանանք, որ արգելված էր անգամ մուտքը Վրաստան Հայաստանից, և այս պայմաններում 97 տոկոսը, որպեսզի պատկերացնեք՝ դա ընդամենը միանիշ թվով աճ է այն սահմանափակումների և այն վնասների, որը մենք կրել ենք ընդամենը նախորդ 2 տարիների ընթացքում։ Խոսելով պոտենցիալի մասին, այն ներուժի, որը ունեն երկու երկրները՝  ընդամենը մեզ հաջողվել է այս երեք տասնամյակների ընթացքում մի քանի ոլորտներում համագործակցել՝ զբոսաշրջություն՝ այն էլ շատ քիչ տոկոսով՝ մասամբ է հաջողվել, դեղագործություն, և էլի մեկ- երկու ոլորտներ: Այսինքն, անհրաժեշտ են խորքային ուսումնասիրություններ և փորձագիտական հանրությունը պետք է անպայման այս հարցում կառավարության հետ միասին տեսնի, թե որ ոլորտներում և ինչպես կարելի է համագործակցել, որպեսզի դա առավելագույն արդյունքներ տա։ 

 -Ոչ միայն քովիդի սահմանափակումերն են եղել, այլ նաև 44-օրյա պատերազմ ենք ունեցել, որտեղի՞ց վարչապետին նման տվյալներ:

-Ես միտումնավոր դրան չեմ անդրադառնում, որովհետև մենք ունենք բավականին «լուրջ վարպետներ» վիճակագրական գեղանկարչության ասպարեզում, որոնք ինչ թիվ ասես կարող են նկարել, և ոնց ասես կարող են իրենց ասածի տակից դուրս գալ: Այստեղ կարևորն այն է, որ հայ և վրացի ժողովուրդները հասկանան, թե իրականում այդ արդյունքները կան արդյո՞ք, և որքանո՞վ են դրանք օրինաչափ և ոչ պատահական։ Ճիշտն այնպես, ինչպես Հայաստանում գրանցված տնտեսական աճը, որը տնտեսական դոպինգի արդյունք է: Այստեղ շատ կարևոր է, որ կառավարությունը ազնիվ լինի և նշի, թե հատկապես ինչի արդյունքում է գրանցվել այդ աճը, և արդյոք իրենք մաս են կազմում դրան, այսինքն, մասնակից են, թե այդպես պատահմամբ եղել է, և կողքից իրենք արձանագրողի դերում են, դիտորդի կարգավիճակում։

- Զբոսաշրջության ոլորտը եթե նայենք, ապա եթե դա է տնտեսական աճի հիմքերից մեկը, պետք է փաստենք, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ քաղաքացիների մեծ հոսք չի մեկնել Վրաստան՝ հանգստանալու: 

- Ամեն ինչ հնարավոր է: Ես վաղուց դադարել եմ զարմանալ ներկայիս կառավարության քայլերից, որն անգամ գյուղատնտեսության նախարարություն չունի։ Ես չեմ ասում, որ դրանով է պայմանավորված գյուղատնտեսության զարգացումը, բայց գյուղատնտեսության նախարարություն, պարզվում է, շատ անտրամաբանորեն պահպանում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը և այն երկրներ: Այս պետությունները, որոնք այսօր եղանակ են ստեղծում համաշխարհային տնտեսությունում, պարզվում է Նիկոլ Փաշինյանի ընկալումները չունեն, չեն հասել դեռ այդ մակարդակին, և դեռ պահում են գյուղատնտեսության նախարարությունները: Եթե ինքը նշանակում է էկոնոմիկայի նախարար, որը ընդհանրապես տնտեսագիտական կրթություն չունի, և աջ ու ձախ ծիծաղի առարկա է դառնում, բայց որ ավելի վատ է հսկայական, միլիարդների վնասներ է պատճառում տնտեսությանը, այս պայմաններում որևէ օրինաչափություն չկա, և զարմանքի առիթ էլ չի լինի: Այսինքն, եթե կառավարությունը տիրապետեր որևէ հաշվարկի, թե ինչի հաշվին դա կարող է տեղի ունենալ, կամ կանխատեսումներ աներ՝ ասելով, որ մեր սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում մենք այս էս արդյունքներն ենք գրանցել, դա ուրիշ բան: Բայց ինչպես տեսնում եք, երբ որ արևը ծագում է և մայր է մտնում՝ այդ ամեն-ինչը կարող է վերագրվել կառավարությանը։