Իսթեբլիշմենթ

Իսթեբլիշմենթ

Վերջին շրջանում նկատելի է տեքստերը, անկախ դրանց բնույթից, օտար տերմիններով հագեցնելու հակումը: Ընդ որում` խոսքը ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչների, այսպես կոչված` հանրային դեմքերի մասին է կամ թե հանկարծ լրջացած և ծանրումեծության հովեր առած նորաթուխ պաշտոնյաների, այլև գրական-մշակութային գործիչների, բնականաբար նաև լրագրողների մասին: Բացի այն, որ խոսքը օտար տերմիններով հագեցնելը յուրօրինակ գայթակղություն է` առավել գրագետ ու բանիմաց երևալու, դա նաև ենթագիտակցական ընդվզում է մի ժամանակ բավական հախուռն ծավալված  լեզվական մաքրամոլության կամպանիայի դեմ, որը, փառք աստծո, կարծես հանդարտվել է և մտել ողջախոհության հուն:  Հատկապես որ այլևս իշխող է դարձել այն մտայնությունը, թե օտար տերմինը, առավել ևս մասնագիտական, ե ր բ ե մ ն կարող է ավելի նշանակալից լինել, քան նրա հայերեն համարժեքը:

Բայց իմ բառապաշարի որևէ շերտում` ակտիվ, պասիվ թե դիպվածային, երբեք չի եղել վերնագրում նշված «իսթեբլիշմենթ» բառը: Օտար հնչողությունը, բաղաձայնների ոչ հայկական համադրությունը բացառել են դրա հայտնվելն իմ գրավոր կամ բանավոր խոսքում:
Բայց օրերս մի դիպվածով փորձեցի ծանոթանալ բառի ստուգաբանությանը և, անկեղծ եմ ասում, խիստ զարմացա: Իհարկե ես գիտեի բառի ընդհանուր նշանակությունը` վերնախավ (հասարակական, քաղաքական), բայց շատ զարմանալի էր բառի արմատը. պարզվեց դա անգլերեն establishment բառն է, որի արմատը լատիներեն stabilire «կայունացնել» բառն է, իսկ istabileshment փաստորեն բառացի ամենևին էլ վերնախավ չի նշանակում, այլ նշանակում է… կայունություն, հաստատունություն:

Խոստովանեմ նաև, որ բառի այդ նշանակությունն ինձ զարմացրեց այն պատճառով, որ մտովի վայրկենաբար պրոյեկտեցի հայ ժամանակակից իսթեբլիշմենթի, այսինքն` քաղաքական վերնախավի վրա` բնականաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և զարմանքով արձանագրեցի բառի բացարձակ անհամապատասխանությունն իր «նշանակյալին»: Ում` ում, բայց Նիկոլին (և նրա տարազան «թավիշներին») ամենևին չի բռնում «կայունացնողի», «հաստատունացնողի» դերն ու առաքելությունը, ընդհակառակը` նա ապակայունության, հեղհեղուկության, քաոսի ու քանդումի հոմանիշն է, հետևաբար՝  Նիկոլից ի՛նչ… իսթեբլիշմենթ: Բառն ուղղակի համառում էր (անշուշտ` իմ լեզվամտածողության մեջ) «տեղափոխվել» հայկական իրականություն, որովհետև այնտեղ չէր տեսնում իր առարկայական արտահայտվածությունը:

Եվ հիմա խոր տարակուսանքի մեջ եմ` մենք արդյո՞ք ունենք հայկական իսթեբլիշմենթ` օտար այս բառի նախաստեղծ` կայունություն, հաստատունություն իմաստներով ու նշանակությամբ…