Մանե Գրիգորյան. Սեւ Թռչուն

Մանե Գրիգորյան. Սեւ Թռչուն

***
ասա ինձ, սա ականջ է, թե էմբրիոն,
ետծննդյան փափուկ հիշողությունը
ոսկրացած ականջում

ահա տես, մի թեւը դուրս է շրջվել,
մյուսը՝ ներս,
փոթորկից մազապուրծ մի տերեւ
քաշում է երկինքը հողից
բաժանող գիծը,
ավազահատիկները խառնվել են
աստղերին,
ցողունը դուրս մղեց
սեփական սերմնահատիկի 
կեղեւը

սա ձկան պոչ է, թե փետուր,
ցամաքում մեռնող ցավի 
ջղաձգում է,
թե կործանիչ առատություն
ջրերի 

հարեւան շենքի պատշգամբից
կնոջ ձեռքը սեւ թաշկինակ է 
թափահարում,
թե սեւ թռչուն

- այս ինչ հանգույց է ծառին,- 
հարցրեց նա, 
- թռչուններն են բույն հյուսել, տեր,-
պատասխանեց ծառան

- քանդեք հանգույցը, -հրամայեց տերը,
եւ ճյուղերից դեղին լորձեր թափվեցին.
այդ արեւն էր ծուլորեն ծորում,
թե հեղուկ մարմինը որդիների

ասա ինձ, մեղվիկ, 
դու, որ մոտենում ես նրանց
ծաղկունքի պարարտ օրերին, 
այս ինչ նժար է բարձրացրել ցողունը.
կյանքի դյուրաբեկ թերթեր են սրանք,
թե մահվան սեւեռուն կուտակումներ 

 

***
- իսկ վերջում խոստացված լույսն է,-
բղավեց առաջնորդը,
եւ ելեւէջները ձայնի՝
սառցալուլաները կլանող
շողեր, 
երկնքի մթագնած քիվերից,
հանդիպելով օդի տենդագին
դիմադրությանը,
կաթացին՝ խառնելով 
հերթականությունը
շիկացած շարքերի

առաջնորդը կարծեց՝ արեւ է,
ստորգետնյա խողովակների միջով
ճողոպրած շող, 
թեպետ ականատեսները վկայում են՝
եղածը 
մի ծածկի տակ կուտակված
բմբուլների թշվառություն էր
ընդամենը,
եւ թռչունն էլ թռչուն չէր

- ոտքս ծանրացել է,- 
բոլորի համար անսպասելի 
ասաց այն մեկը, որն այլեւս 
չէր կարողանում զսպել
ծակոտիներից ցայտող
կեղտաշիթերի
հեւքը

ամբոխը ալեկոծվեց՝
փորձելով գտնել 
ձայնի աղբյուրը

- հանգիստ,- պոռթկաց առաջնորդը,- 
կտրել ապստամբող ոտքը,-
նյարդային դողից
ցնցվեց առաջնորդը,
եւ նրա ձայնից էլ բարձր 
լսվեց արձագանքը բառերի՝
ոոոտքը
ոոտքը
ոտքը

միջադեպը ընդմիջեց
բաց վերքից անխնա հոսող 
արյունը.
- ով էր այսպիսի բան տեսել.
այս ձմռան օրով 
անձրեւը տեղում է,
ինչպես ամռանը,
կեցցե՛ առաջնորդը,-
աղաղակեց ամբոխը, 
ու խառնվեցին ուրախության 
արցունքները
արյան հետ,
ու
ձմռան այդ ցուրտ 
օրվա միջօրեին
աղ ու արյուն թափվեց

- առա՛ջ,- գոռաց առաջնորդը, 
եւ վիրավոր ամբոխը միահամուռ
դոփեց միեւնույն տեղում.
- դըմփ, դըմփ, հո՛ւ,-
ոգեւորեց նրանց առաջնորդը
- հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ,-
արձագանքեց ամբոխը

ականատեսները վկայում են՝
ամեն մի դոփյունի 
ու զարկի հետ 
նոր բառեր ծնվեցին,
եւ զարմանալի չէ,
որ այդ բառերի 
ճշգրիտ
արձագանքը,
առանց մի վայրկյան 
հապաղելու,
լսվեց հարեւան երկրից

ոչ ոք չէր սպասում, որ
այդ համակենտրոն ուրախության
պահին
ինչ-որ մեկը հանկարծ 
կնկատի, որ 
ամայի ծառի
միայնակ ճյուղից 
դեռատի,
վարդագույն պտուղ է
կախվել

- կրակե՛լ,- հրամայեց առաջնորդը,
եւ փամփուշտից խոցված
փխրուն պտուղը 
մի ակնթարթում
պայթեց՝
օդում թողնելով 
հետագիծը 
կարմիր ճիչի

- հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ,- գոռաց ամբոխը,-
- դըմփ, դըմփ, հո՛ւ,- ի պատասխան 
ասաց առաջնորդը 

բոլորը հասկացան, որ պահը եկել է, 
նրանց հայացքները մեկ դարձան
եւ ուղղվեցին առաջնորդին,
առաջնորդը դանդաղ ու հանդիսավոր 
գրպանից հանեց լապտերը,
եւ էլեկտրական նոսր լույսը,
մարտկոցի վերջին ճիգով,
ծով նետված քարի օղակաձեւ 
հետագծի պես աննշան,
լուսավորեց նրա 
առանցքը

- այ քեզ հրաշք,-
աղաղակեց ձմռան այդ 
ցուրտ օրվա միջօրեին՝
անդունդի պռնկին խմբված
ամբոխը 
  
արցունքները խառնվեցին 
արյանը,
արյունը խառնվեց մտքին,
մոլորյալ ամբոխը,
ցնցված առաջնորդի պարգեւած
պարարտ լույսից,
ենթարկվելով առաջնորդի
առաջ հրամանին՝
կատարեց իր առաջին եւ
վերջին քայլը

 

***
սառցե գերեզմանը ճեղքեց
կենդանի ջրի մի պղպջակ,
մարմինը ցնցվեց թեւաբախյուններից,
քամին տարուբերեց պաստառը թիվ մեկ
մեղավորի, 
հաղարջի պտուղները այնքան մնացին
անձրեւի ու հողմի տակ,
որ վերածվեցին փոքր երկնաքարերի, 
իսկ գուցե մոխրացած ժայռերի 
մնացորդների

ցեխաջրում ընկած 
ոլոռի հատիկի մեծության
սաղավարտը
հագցրեցի ճկույթիս, 
փորձեցի առաջ շարժվել,
սակայն,
բաժանվելով երեք մասի,
ծալվեցի ներս 

ժպիտը,
գավաթի հատակին չորացած գինի,
կենդանացավ,
ու ծփալով աջ, ու ծփալով ձախ,
թափվեց ասֆալտին

մոտակա երկնքից իջած 
թռչունները
քայլեցին ժպիտում,
կտցահարեցին ժպիտը,
խեղդվեցին ժպիտից

դանակի շեղբից լեզվովս սրբեցի այն,
ինչ մնացել էր անցյալից

նայեցի շուրջս, 
երիտասարդ կինը երկար 
դադարից հետո տեսավ
սեփական դեմքը՝
կարմիր օրերի խտացում, 
տղան փորձեց սահել ցեխի վրայով՝
մտքում պահելով ձյան անբիծ
առատությունը.
- ուշադրություն,- գոռաց նա՝
բերանքսիվայր մխրճվելով 
ցեխի մեջ

քամին շարունակեց տարուբերել 
պաստառը թիվ մեկ մեղավորի,
բիբերը սեւ քարկտիկ ճերմակ ափում,
որտեղ նոսր, ճկուն ավազի փոխարեն 
լռության թանձր մառախուղեր են,
գլորվեցին աջ, գլորվեցին ձախ,
ու, հասնելով ափեզրին,
սայթաքեցին

ականատեսները վկայում են՝
պայթյունի հետեւանքով սկիզբ առած
ճահիճը
րոպեներ շարունակ կախվել էր օդում
անշարժ ավելի, 
քան ամենաանհանգիստ տերեւը
ամենասովորական բնանկարում 

նայեցի շուրջս, 
երիտասարդ կինը գոռում էր.
- այսքան էլ մածուցիկ հող,-
կարմիր ժպիտում ընկած 
մարմինը  
ցնցվում էր թեւաբախյուններից

 

Լուսանկարը` Մանե Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ