«Ժամը ժամից անցել է», «Խաղահրապարակ»,  «168, ուտես մի վագոն թութ» ու այլ «լրատվամիջոցների լրագրողներ» հարցեր տվեցին Թանդիլյանին

«Ժամը ժամից անցել է», «Խաղահրապարակ»,  «168, ուտես մի վագոն թութ» ու այլ «լրատվամիջոցների լրագրողներ» հարցեր տվեցին Թանդիլյանին

Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա առիթով «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները երեխաներ են, որոնք ձևափոխել են հայաստանյան լրատվամիջոցների անվանումներն ու հարցեր տալիս նրան։ Փոքրիկ լրագրողները ներկայացնում են «Ժամը ժամից անցել է», «Առաջին խաղալիք»,  «168, ուտես մի վագոն թութ», «Խաղահրապարակ» լրատվամիջոցները։

«Բարև Ձեզ։ Ես Մարի Ծատուրյանն եմ, «Ժամը ժամից անցել է» լրատվամիջոցից։ Ուզում եմ հարցնել՝ ինչ էիք անում Դուք փոքր հասակում, երբ հեռախոս չկար»,- ասաց երեխաներից մեկը՝ դիմելով Թանդիլյանին։

«Այո, ճիշտ եք։ Երբ ես փոքր էի, հեռախոս չկար ու մենք հիմնականում բակային խաղեր էինք խաղում, տարբեր խաղեր։ «Հալամուլա» էինք խաղում, էլի շատ այլ տարբեր խաղեր։ Ես միշտ՝ առավոտից երեկո, բակում էի խաղում, իսկ ծնողներս հաճախ ինձ չէին գտնում։ Մենք ոչ միայն խաղում էինք ավանդական խաղեր, այլ նաև մեր խաղերն էինք հնարում։ Ես մեծ հույս ունեմ, որ դուք նույնպես իջնում եք բակ ու ձեր ընկերների հետ տարբեր խաղեր եք խաղում»,- արձագանքեց Թանդիլյանը։

Փոքրիկ լրագրողներից մեկը Թանդիլյանից հետաքրքրվեց՝ Մասի՞սն է ավելի շատ սիրում, թե՞ Արագածը։

«Դա նույնն է, որ հարցնեք՝ մայրիկիդ ես շատ սիրում, թե հայրիկիդ։ Չեք սիրում, որ ձեզ նման հարց են տալիս, չէ՞»,- պատասխանեց Թանդիլյանը։

Մյուս լրագրողը Թանդիլյանից խնդրեց պարզաբանել՝ ինչու են ինչ-որ մարդիկ ասում, որ Արցախը Հայաստան չէ, հատկապես, որ իր տատիկը և պապիկը Արցախից են։ «Լավ չեն անում այդ մարդիկ, որովհետև Արցախը հայկական է և մենք պետք է անենք ամեն բան, որ այն մնա հայկական։ Բացի դա, մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, որ ձեր սերունդը, որ գալու է մեզանից հետո և լինելու է կարևոր դերակատար, կարողանա հայկական Արցախի համար ապագային նայող որոշումներ կայացնի, այնպիսի որոշումներ, որոնք ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրապնդող ճանապարհ կկերտեն»,- պատասխանեց Մանե Թանդիլյանը։