Անցյալին վերադարձ չենք ուզում, ներկան մերժում ենք, ապագա չկա
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից մեկն ասում է, որ իշխանափոխության գործընթացն անընդհատ հետաձգում են, որովհետեւ փողոցային պայքարի ռեսուրսը սահմանափակ է: «Հաշվել ենք, որ բոլոր համախոհ կուսակցությունների հետ հազիվ 3-5 հազար մարդ կարող ենք հանել փողոց, բայց դա բավարար չէ, որ փողոցային պայքարը հաջողության հասնի: Մյուս կողմից էլ մտածում ենք, որ եթե այս անգամ էլ ինչ-որ բան սկսենք, ու չհաջողվի, հերթական անգամ հուսալքության ալիք է լինելու, իշխանությունը դրանից ավելի է ոգեւորվելու ու ավելի խայտառակ քայլերի է գնալո»,- ասում է ծանոթս: Իմ հարցին, թե ինչքան կարելի է հանդուրժել այս վիճակը, պատասխանում է. «Մինչեւ այն պահը, որ մարդիկ իրենք ինքնաբուխ փողոց դուրս չգան, ասեն` եկեք մեզ առաջնորդեք, սրանից պրծնենք: Իշխանությունը հերթական դավաճանական քայլին է գնալու, դա կարող է մարդկանց արթնացնել այս անտարբեր վիճակից»: Մարդիկ էլ համառորեն չեն հաղթահարում անտարբերությունը եւ փողոց դուրս չեն գալիս, չնայած իշխանությունը դավաճանությունը դավաճանության հետեւից է անում:
Նրա ասածի մեջ որեւէ նոր բան չկա. սոցիոլոգիական հարցումներն են փաստում, որ իշխանության վարկանիշն անընդհատ նվազում է, բայց չի աճում նաեւ ընդդիմության վարկանիշը: Մարդիկ դժգոհ են իշխանությունից, բայց չեն ցանկանում վերադարձ անցյալին: Մարդկանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը հաղթի, ապա դա լինելու է մինչ 2018 թվականների իրականության ռեստավրացիա: Ընդդիմությունը հասարակությանը ցույց է տալիս, որ իր իշխանության տարիներին Հայաստանը պաշտպանված էր, արժանապատիվ ու Արցախի թիկունքին կանգնած, իշխանությունն էլ անընդհատ թվեր է ներկայացնում, որ նախկինում կոռուպցիա է եղել, բյուջետային փողեր են մսխվել, վերնախավը հարստացել է, հասարակության ճնշող մեծամասնությունը մնացել է աղքատության մեջ: Մերժված անցյալին վերադառնալն անհնար է, ներկան՝ ստորացուցիչ, բայց ապագայի հեռանկար եւս չի երեւում:
Բոլորը հարցնում են, թե ով է լինելու նոր առաջնորդը, ինչով է նա տարբերվելու Փաշինյանից: Այս հարցի պատասխանը որեւէ մեկը չի տալիս: Ընդդիմությունն ասում է, որ առաջնորդի կամ երկրի նոր ղեկավարի հարցը կեղծ օրակարգ է, դա բաժանում է մարդկանց, չբաժանվելու համար պետք է միավորվել իշխանությանը հեռացնելու գաղափարի շուրջ: Փաշինյանին եւ նրա իշխանությանը հեռացնենք, հետո բոլորով կորոշենք, թե ով է ավելի արժանի՝ լինելու նոր վարչապետ, նոր իշխանություն. այս գաղափարը որքան տրամաբանական է թվում, նույնքան՝ անիրագործելի: Աշխարհում չի եղել մի հեղափոխություն, հանուն իշխանության պայքար, որը լինի առանց առաջնորդի, ժողովուրդն ուղղակի փողոց դուրս գա ու իշխանություն վերցնի:
1598-1612 թվականները Ռուսաստանի պատմության մեջ հայտնի են որպես «смута»-ի տարիներ: Այս բառը հայերենում բովանդակային թարգմանություն չունի` «խառնաշփոթ», «խժդժություն» կամ «իրարանցում» բառերը չեն արտահայտում բազմիշխանության կամ անիշխանության այն վիճակը, որն առկա էր Ռուսաստանում այդ տարիներին: Երկրի մի մասում իշխում էին լեհերի դրածո իշխանությունները, հետո՝ արդեն հենց լեհ օկուպանտները, մի մասը գրավել էին շվեդները, իրար հերթ չտալով՝ իրենց ցար ու երկրի փրկիչ էին հայտարարում «կեղծ դմիտրիները»: Ռուսաստանի քաղաքական էլիտան` իշխանները եւ բոյարները, չէին կարողանում կազմակերպված դիմադրություն ցույց տալ օկուպանտներին՝ ըստ իրավիճակի հարելով այս կամ այն ճամբարին: Ռուս ժողովուրդը համաժողովրդական պայքարի դուրս եկավ, երբ Արխիմանդրիտ Դիոնիսը նամակներ ուղարկեց ռուսական տարբեր քաղաքներ` կոչ անելով դուրս գալ օտարերկրյա զավթիչների դեմ, իսկ շարքային դարբին Կուզմա Մինինն իր վրա վերցրեց համաժողովրդական ապստամբությունը գլխավորելու առաքելությունը: Արտաքին թշնամուն երկրի մի մասից դուրս քշելուց եւ տարբեր կարգի ինքնահռչակ առաջնորդներին ու փրկիչներին ոչնչացնելուց հետո համառուսաստանյան ներկայացուցիչների ժողովն ընտրեց երկրի նոր ղեկավար, որն ազդարարեց անիշխանության ավարտը:
Հայկական «смута»-ն շարունակվում է արդեն հինգ տարուց ավելի: Իշխանության ղեկին կեղծ «փրկիչ» է նստած, որը փաստացի առաջնորդվում է ոչ թե սեփական երկրի շահերով, այլ կառավարվում է օտարների կողմից: Օտարերկրյա զավթիչները, օգտվելով երկրում անիշխանությունից, կտոր-կտոր են անում Հայաստանը, իսկ քաղաքական եւ տնտեսական էլիտան բաժանվել է մի քանի մասերի՝ չունենալով երկրի փրկության ո՛չ ուժ, ո՛չ կարողություն:
Ինչպես 400 տարի առաջ Ռուսաստանում, այսօր եւս բոլորի հույսը Հայ առաքելական եկեղեցին է ու հասարակ ժողովուդը: Գուցե մի օր եկեղեցին կամ եկեղեցու առաջնորդները հանդես գան ժողովրդին ուղղված նամակով՝ կոչ անելով ատելությամբ լցվել օտարերկրյա զավթիչների ու դրանց սպասարկու տեղական դրածոների նկատմամբ եւ Հայաստանն ազատագրել նրանց լծից: Որեւէ մեկը չի կարող եկեղեցուն մեղադրել քաղաքական ամբիցիաների մեջ, մեղադրել իշխանատենչության մեջ: Դրա համար է Փաշինյանն ամենաշատը վախենում եկեղեցուց՝ որպես ապաքաղաքական կառույց, խորհուրդ տալով եկեղեցուն՝ կուսակցություն ստեղծել եւ մասնակցել քաղաքական պրոցեսներին:
Սպասում կա, որ Փաշինյանը շուտով կարող է հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել, եւ դրա դեմ ընդվզման ալիքը կբարձրանա՝ «կտրելու» այն ձեռքը, որը ստորագրեց ազգային շահերը դավաճանող հերթական փաստաթուղթը: Ավելի տրամաբանական չի՞ լինի, եթե նախապես բռնեն այդ ձեռքը` թույլ չտալով, որ այն նման փաստաթուղթ ստորագրի:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ