Բաց նամակ Սերգեյ Լավրովին

Բաց նամակ Սերգեյ Լավրովին

Չնայած Ի. Ստալինի հեռագրին ՌԿՊ(բ) Կովբյուրոյի եւ Կովկասյան ճակատի ՌԽ անդամ Գ. Օրջոնիկիձեին 8 հուլիսի 1920թ. «Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ մանեւրել կողմերի միջեւ, հարկավոր է պաշտպանել կողմերից մեկին որոշակի, այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին՝ Թուրքիայի հետ միասին: Ես խոսել եմ Լենինի հետ, նա չի առարկում. Ստալին» (տես՝ док. № 473):
Գ. Չիչերինին հաջողվեց չբավարարել Սովետական Ադրբեջանի նկրտումները, ընդհուպ մինչեւ սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբեր 1920թ.): XI Կարմիր բանակի հրամանատարությունը եւս հրաժարվեց բավարարել Սովետական Ադրբեջանի պահանջները, իսկ Զանգեզուրը կարողացան պաշտպանել հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այսպիսով Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքային միացման ծրագրի իրականացումը XX դարի 20-ական թվականներին տապալվեց:

Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա, առանց նույնիսկ մեկ կրակոցի, Ադրբեջանին տրամադրեց ՌԿՊ(բ) Կովկասյան բյուրոն՝ իր 1921թ. հուլիսի 5-ի որոշումով, երբ նույն բյուրոն մեկ օր առաջվա որոշումով (4 հուլիսի) Լեռնային Ղարաբաղը համարեց Հայաստանի անբաժան մասը: Չարագործ դեր խաղաց Ի. Ստալինը, որը, հավանաբար, չէր մոռացել Օրջոնիկիձեին ուղղված իր հեռագիրը:
Հետագայում Արցախի հայերի համար առավել ահավոր գտնվեց Կովբյուրոյի որոշման բ) կետը․ «Հանձնարարել Ադրբեջանի կենտկոմին՝ որոշել ինքնավար մարզի սահմանները եւ ներկայացնել Կովբյուրոյի հաստատմանը»:

Փոխանակ նոր ձեւավորվող մարզի մեջ մտցնելու Ղարաբաղի այն տարածքները, որոնք կային Ռուսաստանի հետ Ղարաբաղի միացման պահին (1813թ.), կամ կազմեին խառը հանձնաժողով՝ բաղկացած ռուսներից, ադրբեջանցիներից եւ հայերից, որը կորոշեր մարզի ծավալը եւ սահմանները, այդ հարցերի լուծումը վերապահեցին Ադրբեջանի Կենտկոմին: Օգտվելով բ) կետից, առանց համաձայնեցնելու Կովբյուրոյի հետ, որը պահանջվում էր, ադրբեջանական իշխանությունները, հեռահար նպատակով, կտրեցին Լեռնային Ղարաբաղից եւ ինքնավար մարզի մեջ չմտցրին Շամխորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները՝ 97-98% հայ բնակչությամբ, հյուսիս-արեւմուտքում, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները՝ արեւմուտքում, եւ մայր Արաքսի երկայնքով ամբողջ հարավային շրջանները, որոնք կազմում էին Դիզակի մելիքությունը: Այս ամենը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի առաջին լուրջ տրոհումը:

Արդյունքում՝ 1923թ. կազմավորված Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ) հետագայում վերանվանվեց ԼՂԻՄ, դարձավ լիովին իզոլացված Հայաստանից եւ բոլոր կողմերով շրջափակված միայն Ադրբեջանով:

Դա թույլատրեց Ադրբեջանին ժամանակի ընթացքում արտագաղթի հասցնել բոլոր այն հայկական բնակավայրերը, որոնք դուրս էին թողնվել ԼՂԻՄ-ից, եւ Արաքս գետի երկայնքով հնարավորինս մոտենալ Թուրքիային: 

Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի եւ ԼՂՀ ապագան առանց Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջանների: Այդ արհեստականորեն ստեղծված սեպը (այսպես կոչված՝ Կարմիր Քուրդստան) Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի միջեւ, հանդիսանալու է լարվածության մշտական աղբյուր, մասնավորապես՝ նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի համար, քանզի բազմակի չափով մեծացել է սահմանը, որն անհրաժեշտ է պաշտպանել:

Դուք կարող եք հակաճառել, չէ՞ որ այդպես եղել է եւ ԽՍՀՄ օրոք: Դուք ճիշտ եք, բայց ստալինյան ռեժիմի դեպքում նրան ո՞վ կհամարձակվեր ազգային հողի վրա վիրավորել, դիմացինին սպասվում էին ընտանյոք հանդերձ Սիբիրի խուլ անկյունները: Դրությունն արմատապես փոխվեց, հատկապես Մ. Գորբաչեւի օրոք, օրինակներ՝ որքան ցանկանաք: Այսօր Ձեզ հայտնի այլ վիճակ է:

ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ 3 ապրիլի 1990 թ., ընդունվեց ԽՍՀՄ օրենք՝ «Կապված ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ խնդիրների լուծման կարգի մասին»: 1991թ. հիմնվելով դեռեւս գործող այդ օրենքի, միջազգային իրավական նորմերի վրա՝ կազմավորվել են երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն: Ռուսական կողմը, ցավոք, ոչ մի ձեւով չի շեշտադրում ԽՍՀՄ այդ օրենքը: Նոր կազմավորված Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես քայլեր ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Տիրանալով Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի զինանոցին՝ ԱՀ զինվորական ստորաբաժանումները ձեռնարկեցին հարձակողական լայնամասշտաբ գործողություններ ԼՂՀ-ի դեմ: Առաջին ամիսներին ունենալով խոշոր քանակի սպառազինության միջոցներ՝ ադրբեջանցիները հասան տպավորիչ հաջողությունների:

Գրավվեց, թալանվեց եւ ավերվեց ԼՂՀ տարածքի կեսից ավելին: Նախագահ Էլչիբեյը ցինիկորեն հայտարարեց, որ շուտով ինքը Սեւանի ափին ոտքերը կլվանա»: Չստացվեց: Հերոսական ջանքերով հայերին հաջողվեց կանգնեցնել թշնամուն, իսկ այնուհետեւ նրան դուրս շպրտել Արցախի տարածքի մեծ մասից: Չօգնեց նաեւ իշխանափոխությունն ԱՀ-ում:  Ալիեւ ավագի խնդրանքով միջամտեց Ռուսաստանը: Հայկական կողմը, հարգելով Ռուսաստանի միջնորդությունը, 1994թ. մայիսին համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները: ԼՂԻՄ-ի շուրջն ազատագրված տոհմիկ հայկական տարածքները հանդիսացան արժանի պատասխանը ադրբեջանական հարձակման (տես, օրինակ, ОБСЕ Մինսկի խմբում Ռուսաստանից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը в «Ноев Ковчег», № 2, փետրվար, 2021թ.):

Ցավոք, 1994թ. հետո Ադրբեջանը շարունակեց նվաճողական քաղաքականությունը եւ անցած ժամանակահատվածն օգտագործեց իր բանակի մոդեռնացման, նոր հարձակողական զենքերի մեծ քանակի ձեռքբերման համար՝ արհամարհելով իրենց հազարամյա տարածքների վրա հայերի ապրելու իրավունքը, տարածքներ, որոնք ողողված են հրաշակերտ ամրոցներով, քրիստոնեական կառույցներով, որոնց քարակերտ պատերին հայերենով փորագրված է երկրամասի փառավոր պատմությունը: Այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները կարող են հակադրել գեթ մի արժեքավոր կառույց, թեկուզ ուշ շրջանի:

Աշխարհի քրիստոնյաների համար ամոթալի է, որ թույլատրեցին Ադրբեջանին գտնել ինչ-որ ուդինի, որն այսօր ստիպված է պղծել հայկական ճարտարապետության հրաշալիքներից մեկը՝ Դադիվանքը: Ի՞նչ է սպասվում ԼՂՀ Հադրութի շրջանի 34 հայկական եկեղեցիներին: Շնորհակալություն Ձեզ, որ դիմել եք UNESCO, բայց ադրբեջանցիները չեն թույլատրում UNESCO-ի ներկայացուցիչներին այցելել տարածաշրջան: Ակնհայտ է, որ UNESCO-ն կհաստատի հայերի ճշմարտացիությունը:
Մեր կարծիքով, այս ամենին նպաստել է մեր դիվանագետների, ինֆորմացիայի միջոցների անատամ եւ ոչ ադեկվատ կեցվածքը, արցախյան հիմնախնդրի ոչ պատշաճ ներկայացումը համաշխարհային անալիտիկ կենտրոններին եւ տեղեկատվություն տարածող միջոցներին, հանրապետության, նրա բանակի, անվտանգության մարմինների ղեկավար անձնակազմերի ցածր մակարդակի պրոֆեսիոնալիզմը, հատկապես՝ վերջին տարիների:

Ինչպիսի՞ն է Ռուսաստան-Թուրքիա տանդեմը: XX դարի քսանական թվականներին Ռուսաստանից ստանալով ամենը եւ փրկվելով կործանումից՝ Թուրքիան անմիջապես դավաճանեց Ռուսաստանին՝ 1922թ. ֆիզիկապես ոչնչացրեց թուրք կոմունիստների լիդերներին եւ հատուկ որոշումով արգելեց կոմունիստական կուսակցությունը: Բոլշեւիկյան հեղափոխություն «տարածողը» Միջին Ասիայում, հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Էնվեր փաշան միայն ստեղծեց Բուխարական բասմաչական էմիրությունը եւ սպանվեց Կարմիր բանակի կորպուսի հետ բասմաչների մենամարտում: Ճակատագրի հեգնանքով՝ կորպուսի հրամանատարն էր հայ սպա, ծագումով Լեռնային Ղարաբաղից Հակոբ Մելքումովը:

Ռուսատան-Թուրքիա այժմյան տանդեմի արդյունքում Հայաստանին հասցվեց վիթխարի հարված, եւ իմ հայրենիքը կանգնեց վատագույնի եւ ամենավատագույնի միջեւ երկընտրանքի առջեւ:
Անալիտիկ վերլուծաբաններն իրադրությունը բացատրում են Ռուսաստանի ձգտումով՝ տարածաշրջանում ստեղծել ալյանս, որն ի վիճակի կլինի դիմակայել ԱՄՆ-ին ու Եվրոպային: Գինը՝ բավարարել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի պահանջը՝ Լեռնային Ղարաբաղ: Այսօր այն բավարարված է: Սակայն պատմությունը հուշում է՝ կարճ ժամանակ անց Թուրքիան նորից կդավաճանի ու կվերադառնա Արեւմուտքի գիրկը: Կսպասենք: 
Ռուսաստանը մի՞թե այլ տարբերակ չուներ….

Ի վերջո, ի՞նչ է Ղարաբաղը հայերի եւ Հայաստանի համար: Լսենք ռուսին՝ (док. № 275)․
«Ամեն երկրի, ամեն ազգի մոտ առկա են իր բաղձալի պատվարները: Երբ պատմությունը դասավորվում է երջանիկ, նա դառնում է կրթվածության եւ քաղաքական կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, նա դառնում է ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածննդի երաշխիք: Հենց վերջին դերն է խաղացել ու խաղում է հայ ժողովրդի համար Ղարաբաղ լեռնային երկրամասը:

Տնտեսական եւ լեզվական տեսանկյունից լինելով միասնական էթնիկ՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թեւը: Այդպիսին է նա եղել անցյալում, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի միշտ, քանզի Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, անհնար է պաշտպանել՝ չտիրանալով Ղարաբաղին»:

Սերգեյ Գորոդեցկի, «Кавказское слово», 23.III.1919թ.
Աստված մեզ բոլորիս դատավո՛ր

ՀԳ․ Նամակի ռուսերեն տարբերակը ս.թ. մարտի 12-ին ուղարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինին, խնդրանքով, որ այն փոխանցի ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովին:

Լենսեր ԱՂԱԼՈՎՅԱՆ
ԳԱԱ ակադեմիկոս, 
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր