Այս ցունամին Հայաստանում ստեղծել է ծերունի Խոտտաբիչը, որը խոստանում է գործել Ռոբեսպիերի վճռականությամբ

Այս ցունամին Հայաստանում ստեղծել է ծերունի Խոտտաբիչը, որը խոստանում է գործել Ռոբեսպիերի վճռականությամբ

Դանթեի հռչակավոր ստեղծագործության մեջ դժոխքի մուտքին գրված  խոսքերը կարող են վերաբերելի լինել նաեւ Հայաստանի առաջիկա ընտրություններին։ Զուր չէին ծերունի ավազակները վախենում Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններ կազմակերպելու հանգամանքից եւ փորձում ամեն գնով կանխել դա։ Իհարկե, ընդդիմադիրների հիմնական մտավախություններն ամենեւին էլ հնարավոր ընտրակեղծիքները չեն, այլ սպասվող ընտրությունների տոնայնությունն ու տեմպը, տեխնոլոգիաներն ու գործիքակազմը, որոնք կիրառվելու են։

Բնականաբար, հին աշխարհի մարդիկ ոչ թե ցանկանում էին ազատվել Նիկոլ Փաշինյան ընտրությունների կազմակերպչից, այլ՝ առհասարակ ընտրարշավի մասնակից Նիկոլից։ Ծեր բոսերը, իհարկե, բաց են թողել ժամանակի թելը եւ քաջ գիտակցում են, որ սպասվող ընտրությունները դժոխքի են վերածվելու իրենց համար։ Գալիք  արտահերթ ընտրությունների մասին ազդարարումը կարծես բոլորին ուղղված մարտահրավեր լինի՝ «Բարի գալուստ նոր աշխարհ» կարգախոսով, այլ կերպ ասած՝ բարի գալուստ պոստմոդեռնի դարաշրջան։ Այստեղ ամեն-ամեն ինչ ջլատվում, կազմաքանդվում, մասնատվում եւ, ի վերջո, փոշիացվում է։ Ազգային գաղափարախոսություն, կրոնապաշտություն, ավանդապաշտություն, թիթեռի կյանք անգամ չունեն այստեղ, իսկ հեղինակությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Պոստմոդեռնը, իհարկե, ունի որոշակի նիհիլիստական բաղադրիչներ եւ միեւնույն ժամանակ  լիարժեքորեն գերազանցում է բոլոր նախկին աշխարհընկալումներին, եւ, որ ամենակարեւորն է՝ այն միանգամայն հասանելի է ցանկացած մահկանացուի։ Բնականաբար, պոստմոդեռնի քաղաքական դրսեւորումները կարելի է բնութագրել որպես ձախակողմյան, եթե փորձում ենք այս գերժամանակակից երեւույթին տալ մեզ համար հասկանալի որակումներ, եւ չի բացառվում, որ հենց դա է պատճառներից մեկը, որ այն այդպես շռնդալից ներխուժեց մեր իրականություն։ Պոստմոդեռնն առհասարակ չի ենթարկվում դասական  տրամաբանության նորմերին, եւ, ինչպես տիեզերքում են այլ օրենքներ ու կանոններ գործում՝ Երկիր մոլորակին ոչ բնորոշ, այնպես էլ այստեղ են անկարող դառնում իդեոլոգիական դոգմաներն ու մտացածին արժեքները։ Պոստմոդեռնում չկա սուտ կամ ճիշտ, չկա լավ կամ վատ, չկա հասկանալի եւ անսականալի։ Այսինքն, իսպառ բացակայում են գաղափարական բոլոր հենման կետերը։ Անգամ մինչ այժմ հանճարեղ համարվող գիտնականներն այստեղ ընկալվում են պարզապես որպես արհեստավարժ մարդիկ, եւ դա հիմնավորվում է նրանով, որ գիտությունն ինքնըստինքյան՝ ժամանակի եւ մարդկային գիտակցության էվոլյուցիային համահունչ, դանդաղ բացում է իր գաղտնիքները դրանով զբաղվողների առջեւ՝ անկախ նրանց վերագրվող մտածողության յուրահատկություններից։

Դա նաեւ ակնհայտ է դառնում, երբ վերցվում է որպես օրինակ որեւէ հայտնագործություն կամ գյուտ եւ մանրամասն ուսումնասիրվում դրա առաջացման ողջ գործընթացը, ինչից անպայման ակնհայտ երեւում է, որ դա ամենեւին էլ հանճարեղ հրաշագործություն չէ, այլ այն միանգամայն տեսանելի  թելերով կապված է նախկինում արված մի շարք հայտնագործությունների հետ։ Եթե հանճարեղ գիտնականներն են վերածվել ճարպիկ գործարարների, ապա ինչ գաղափարների կամ պատմական կարծրատիպերի վրա հիմնված ազգային իղձերի մասին կարող է խոսք լինել։ Ազգային տարազներով, պարկապզուկներով, դուդուկներով, պահպանողական-ազգայնականների ընտրարշավը, հավանաբար, նմանվելու է անտիկ դարաշրջանի բարքերն արտահայտող թատերական ներկայացման։

Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ժողովուրդն անմիջական մասնակիցը դարձավ քաղաքական գործընթացների, եւ մարդիկ, ովքեր երբեք՝ նաեւ խորհրդային ժամանակներում, միայն դիտորդի եւ ենթարկվողի դերում էին (կարեւոր չէ, թե ինչին ենթարկվողի՝ դատարկ իդեաներին, թե այս կամ այն ստահակի հիվանդագին ֆոբիաներից բխող գործընթացներին)։ Ավարտվել են այդ ժամանակները, այժմ մարդիկ իրենց իսկական մարտիկներ են զգում՝ ռազմի դաշտում՝ կոնկրետ դերով եւ հստակ առաքելությամբ ու պատասխանատվությամբ։ Նիկոլը՝ ծերունի Խոտտաբիչի նման, ամենքիս համար մի գնդակ իջեցրեց երկնքից, եւ բոլորս սկսեցինք խաղալ։ Ամեն օր վիճակախաղ է մեզանում, եւ կարեւոր չէ՝ շահա՞ծ են մասնակիցները, թե՞ պարտված, մասնակցում ենք, ապրում ենք, եւ դա էլ կարծես բավարար է։ Ամենեւին զարմանալու կարիք չկա, որ մեծ հաշվով երիտասարդների ձեռնարկած գործը՝ «Նիկոլ, վարչապետ» պրոյեկտը, մեծ տարածում գտավ նաեւ ավագ սերնդի մոտ, եւ նրանք եւս շատ արագ բռնեցին այս թելից՝ պրոցեսներին անմիջական մասնակցություն ունենալու ակնկալիքով։ Միայն տխմարները կարող են բացասական էպիտետներով բնութագրել մեզ՝ ժողովրդիս։

Ի՞նչ ենք պարտք ձեզ՝ հայհոյողներիդ, ի՞նչ եք տվել մեզ, որ չեք կարողանում ետ ստանալ։ Չէ՞ որ մեր ողջ կյանքում միայն տառապելու, չարչարվելու եւ լռելու իրավունք ենք ունեցել մենք։ Հիմա այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ մեր շենքի տիկին Օֆելյան, օրինակ, հայտնվել է իր կողմից շատ սիրված սերիալներից մեկում եւ այնտեղ ունի ռեալ դեր, դերակատարում՝ քոմենթներ է գրում Ֆեյսբուքում, շենքում գլուխ բարձրացնող ընդդիմադիր տրամադրություններն է չեզոքացնում, վիրավորում է քաղաքական գործիչներին՝ հրապարակայնորեն համեմատելով նրանց տարբեր տիպի էկզոտիկ բույսերի եւ կենդանիների հետ։ Կարծում եմ՝ նա իր դառը կյանքով եւ կրած չարչարանքներով այդ իրավունքը վաստակել է, որքան էլ դա ամպագոռգոռ է հնչում։ Այդ տարեց կինն իրեն իրոք խրամատում է զգում, որ պիտի շատ արագ ոչնչացնի իրենց ճամբարին մոտեցող ցանկացած ոսոխի՝ թեկուզ սուր խոսքով, վիրավորանքով, այդ կինը վերջապես ստացել է պայքարելու իրավունք։ Եթե կուզեք՝ ապրելու իրավունք, եւ կարծել, թե դա հնարավոր է նրանից խլել վախի սպառնալիքով, առնվազն անմտություն է։ Մի մոռացեք, որ մենք՝ ժողովուրդս, ամեն ինչ տեսել ենք՝ բազմաթիվ պատերազմներ, ցուրտ, սով, արհամարհական վերաբերմունք մեր իսկ երկրում, եւ այդքանից հետո մենք ինչի՞ց պիտի վախենանք՝ ֆեյքային նորությունների՞ց, իրո՞ք այդքան պարզ եք պատկերացնում ամեն ինչ։ Այս պայքարն ամենեւին էլ նյութականի մասին չէ եւ, իհարկե, Նիկոլի համար չէ, հավատացեք, բարեկամներ, սա մեր  մասին է, եւ այն միանգամայն էկզիստենցիալ բնույթ է կրում։ Շատ մեծ զգացմունքներ են արտահայտված այս ամենի մեջ․ չէ՞ որ մենք բոլորս էլ մոտավորապես նույն կերպ ենք զգում ամեն ինչ, հետո ի՞նչ, որ մի պարապ դատարկախոս ճռճռան դարձվածքներով է իր մտքերն  արտահայտում, իսկ մյուսը, օրինակ՝ անեծք ու կրակով, եւ ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ, այ, դու լավ չես հասկանում, թող մենք քո տեղը ասենք ու գործենք։

Իսկ մենք ի՞նչ անենք, չապրենք, որ դո՞ւք ապրեք, ավելի ճիշտ՝ իշխեք, լռենք, որ դո՞ւք խոսեք։ Ինչի՞ համար։ Չէ՞ որ այդքան երկար բոլորս լուռ էինք, կարելի է ասել՝ ողջ պատմության ընթացքում, ու ի՞նչ արեցիք, ի՞նչ կյանք ապահովեցիք դուք՝ խոսելու եւ գործելու իրավունքը միայն ձեզ վերագրածներդ։ Հնարավոր չէ մեղմել այս ալիքը, ինչ պատճառաբանություն էլ որ բերվի, բոլորս այլեւս մտել ենք այս պրոցեսի  մեջ եւ հաճույքով ենք մասնակցում, ու մեր բոլորիս կյանքն ինչ-որ չափով իմաստավորվել է դրանից։ Մեզ հնարավոր չէ ետ քշել  խոհանոցներ ու բակային զրուցարաններ։ Մենք բոլորս արդեն քաղաքական գործոն ենք, եթե կուզեք՝ քաղաքական գործիչներ, եւ այդ՝ կարեւորի զգացողությունը, գործընթացի բաղադրիչ-մասնիկը լինելու գիտակցումը կամ գուցեեւ խաբկանքը շատ մեծ բան արժեն ցանկացած կենդանի էակի համար։

Ձեզ չի վերաբերում՝ սուտ է դա, թե ճիշտ, խաբկանք, թե իրողություն, միրաժ, թե մղձավանջ, դա մեր զգացողությունն է, եւ այն մեզ նախկինում անծանոթ էմոցիաներ է պարգեւում։ Սա շատ նման է մեծ արագությամբ եւ վայրիվերումներով շարժվող կարուսելի։ Այս ալիքը՝ ցունամին, Հայաստանում ստեղծել եւ հեծնել է ծերունի Խոտտաբիչը, որն այլեւս խոստանում է գործել Ռոբեսպիերի վճռականությամբ, այո, մի զարմացեք հակասությունների վրա, հենց այսպիսին է այս ժամանակաշրջանը, եւ այլեւս տարօրինակ չեն հնչում «բարի պատժող», «չարությամբ սիրող», «հպարտ քրիստոնյա», «մեծահարուստ աղքատ» բառակապակցությունները, քանզի այստեղ չեն գործում անգամ գրավիտացիայի օրենքները՝ այստեղ ամեն ինչ շարժվում է միանգամայն կամայական ուղղություններով (եւ միանգամից մի քանի), դեռ շարժվելիս էլ մասնատվում եւ տարանջատվում է՝ միանալով մեկ այլ ասիմետրիկ շարժվող էլեմենտի հետ՝ այնուհետեւ միասին փոշիանալու հեռանկարով։ Այդ ալիքի վրա նաեւ մենք բոլորս ենք, ու այստեղից մեզ իջեցնելը պարզապես անհնար է, հատկապես ափից գոռգոռալով ու հայհոյելով։ 

ՀԳ․ Հասկանալի է, որ  քաղաքական գործընթացները շատ ու շատ կողմեր ունեն՝ տեսանելի եւ ոչ այնքան, արտաքին ֆակտորներ, շախմատային կոմբինացիաներ հիշեցնող քայլեր, գաղտնի պայմանավորվածություններ եւ այլն, սակայն ունի եւ վերը շարադրված՝ մարդկային կողմը՝ հասարակ քաղաքացու կողմը, եւ կարծում եմ՝ երբեք ավելորդ չէ խոսել նաեւ նրա՝ առանձին մարդու մասին, նրա ճակատագրի, տառապանքների եւ աշխարհընկալումների մասին, այլապես խրոխտ բառերի տակ՝ ազգ, պետություն, հայրենիք, բռունցք, կազմակերպվածություն եւ այլն, սրանցով դուք պարզապես լռեցնում ենք նրան՝ կամա թե ակամա պարտադրելով նրան շարժվել ձեր կողմից նախանշվող ճանապարհով։

Պողոս ՊՈՂՈՍՅԱՆ