Շատ բան կախված է ԱՄՆ դեսպանի, ԵՄ դեսպանի և նաև Դանիելսոնի գործոնից. վրացագետ

Շատ բան կախված է ԱՄՆ դեսպանի, ԵՄ դեսպանի և նաև Դանիելսոնի գործոնից. վրացագետ

Հարևան Վրաստանի Հանրապետությունում նույնպես հասունացել է քաղաքական ճգնաժամ։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցութան և ընդդիմադիր ուժերի միջև հակամարտությունը ոչ մի կերպ լուծում չի գտնում։ Իրավիճակն ավելի էր սրվել փետրվարի 23-ին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից ու կալանավորումից հետո։

Քաղաքական գործիչը մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ընդդիմադիր առաջնորդի կալանավորմանը դեմ արտահայտված նախկին վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 18-ին թիմակիցների հետ այդ հարցով տարաձայնությունների ֆոնին որոշում էր կայացրել հրաժարական տալ։

Իրավիճակի հանգուցալուծմանը խառնվել էր նույնիսկ Եվրոպական Միությունը՝ հատուկ բանագնաց Կրիստիան Դանիելսոնին Վրաստան գործուղելով։ ԵՄ դիվանագետը Վրաստանը լքել էր մարտի 19-ին, սակայն չէր հաջողվել շոշափելի արդյունք գրանցել։ 

Մարտի 22-ին Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ հաշվի առնելով «Վրաստանում միջնորդության ոլորտում Դանիելսոնի հետ արդեն ձեռք բերված առաջընթացը՝ ժամանակն է անհրաժեշտ փոխզիջումների գնալ՝ ի շահ Վրաստանի քաղաքացիների»։

«Դեսպանը հետ կուղևորվի՝ միջնորդությունը շարունակելու համար», - իր թվիթերյան էջում գրել էր ԵԽ նախագահը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

- Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում հիմա ի՞նչ քաղաքական իրավիճակ է։ Եվրոպական Միությունը բանագնաց գործուղեց, Դանիելսոնը ժամանեց, բայց, կարծես թե, ընդդիմության և իշխանության միջև բանակցությունները ձախողվեցին։ Առաքելությունը չստացվեց, Միշելը հայտարարեց, որ նորից բանագնացը կգա Վրաստան։

- Իմ կարծիքով՝ խորը քաղաքական ճգնաժամ է, որից դուրս գալու համար պետք է, որ կողմերը գան որևէ կոնսենսուսի։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ կողմերը կոնսենսուսի չեկան։ Եվ այստեղ միգուցե ոչ այդքան կոնստրուկտիվ է ընդդիմությունը, քանի որ իրենք, ըստ եղած հայտարարությունների, պահանջում են արտահերթ ընտրություններ, այսպես կոչված «քաղբանտարկյալների» համաներում և այլն, ինչն ուղղակի փակուղային իրավիճակում է դնում այսօրվա գործընթացները։ Իշխանությունները որոշ կոնսենսուսների կողմ են խոսում։ Եվ նույնիսկ ասում են, որ միգուցե ապագա ընտրությունների հետ կապված նաև կարող են ընտրաշեմը փոխել և այլն։

- Այսինքն՝ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ կրկին արտահերթ ընտրություննե՞ր կայանան։

- Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը նոր բան չէ, բայց եթե համեմատում ենք 2019-20 թվականների հետ, տարբերությունը հետևյալում է՝ մինչև անցյալ տարվա հոկտեմբերի ընտրություններն այդ ամենը քաղաքական գործընթացների մի մասն էր։ Ընդդիմությունը՝ հանձինս Սաակաշվիլու կուսակցության [«Միացյալ ազգային շարժում»] դժգոհ մնաց պառլամենտական հերթական ընտրություններից, ըստ որի՝ Սաակաշվիլիի կուսակցությունը կարողացավ այլ փոքր ընդդիմադիր կուսակցություններից ձայն փախցնել, հավաքել էր մինչև 27 տոկոս։ Մնացած 4-5 կուսակցությունները մի քանի տոկոսով, քանի որ օրգանական անցումային շեմ էր, գրեթե 0-ին հավասար, դրա հաշվին 9 քաղաքական ուժ էին մտել։ Նույնիսկ կար մի քաղաքական ուժ, որը 1 տոկոս հավաքելով՝ մեկ մանդատ էր ստացել։ Ընդդիմությունը բոյկոտի գնաց, չնայած հետագայում 2 կուսակցություն ի վերջո միացավ պառլամենտական աշխատանքին, ինչով, իմ կարծիքով, լեգիտիմացրեցին 10-րդ գումարման այս պառլամենտը։ Խաղադրույքներն ավելի բարձրացան, և այսօր ընդդիմությունը փորձում է հասնել նոր ընտրությունների, չնայած որ թե՛ նրանց եվրոպական, թե՛ ԱՄՆ գործընկերները հուշում են, որ անցած ընտրություններն իրենք ճանաչում են, եղել են մրցակցային, և որոշ վերապահումներով՝ նաև արդար։ Չնայած իրենք ֆիքսում են, որ եղել են խնդիրներ, որոնք պետք է շտկվեն՝ պետք է թե՛ դատարանների բարեփոխում, թե՛ ընտրական օրենսգրքի փոփոխություն և այլն։ Իրավիճակը հասել է այն կետին, որ նույնիսկ Արևմուտքը չի կարողանում մի սեղանի շուրջ նստեցնել ընդդիմությանը և իշխանություններին, նաև փոխզիջումների հաշվին ինչ-որ մի ընդհանուրի բերել։ Դրա համար միգուցե Դանիելսոնի մասնակցությամբ 2-րդ ռաունդն ավելի առարկայական լինի։ Բայց տեսնենք՝ ինչ զիջումների կգնան իշխանությունները, միգուցե 2024 թվականին ընտրություններին շեմը 5-3 տոկոսի իջեցնեն։ Եվ մի քանի այլ զիջումներ միգուցե տեղի ունենան իրենց կողմից։ Բայց հստակ է, որ ընդդիմության կողմից պահանջվող փոփոխությունների համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնության քվեարկությունը։ Այսօրվա իշխանությունները չունեն այդ մեծամասնությունը, և դրա համար հարկավոր է, որ ևս մի քանի քաղաքական ուժ մտնեն պառլամենտ՝ ինչով կապահովեն 113 ձայն, որ նույնիսկ ընդդիմությանն օգուտ տվող սահմանադրական բարեփոխումներն իրականացվեն։ Պետք է տեսնենք, թե Սաակաշվիլին որքանով կկարողանա իր շուրջ պահել կուսակցություններին, որոնք անցել են պառլամենտ, բայց չեն մասնակցում աշխատանքներին։ Եվ միգուցե Արևմուտքը կարողանա այլ կուսակցություններին համոզել մտնել պառլամենտ, ինչով իրենք կապահովեն այդ 14-15 ձայնը այդ հնարավոր բարեփոխոումների համար։

- Թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ եվրոպական ամենախոշոր կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, մտահոգություն հայտնեցին ընդդիմադիր առաջնորդի ձերբակալության հետ կապված, այս առումով ի՞նչ զարգացումներ կլինեն։ Ազատ կարձակվի՞։

- Այստեղ փակուղային իրավիճակ է։ Քանի որ մի կողմից ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ իրենք վերահսկում են դատական համակարգը, և մյուս կողմից՝ պահանջում, որ իշխանությունները դատական համակարգի միջոցով ազատ արձակեն Մելիային, մյուս կողմից Սաակաշվիլիի հետ կապ ունեցող Ռուլուային, ով դատապարտվել է, ինչը նոնսենսային իրավիճակ է։ Քանի որ եթե իշխանություններն այդ քայլին գնում են, ապացուցում են, որ իրենք վերահսկում են դատական համակարգը։ Մյուս կողմից ընդդիմությունն ասում է, որ դա իրենց պահանջն է, որ իշխանությունները պետք է իրականացնեն։ Դրա համար եթե Վրաստանի իշխանությունների կարմիր գիծը գծում ենք, ապա առաջինը, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, երկրորդը՝ քաղբանտարկյալ չեն ճանաչում։ Մելիայի դեպքում գրավ պետք է վճարվի, դատապարտվածի դեպքում համաներում կիրառվի։ Հիմա այսօր այդ փակուղային իրավիճակն է, և շատ բան կախված է ԱՄՆ դեսպանի, ԵՄ դեսպանի և նաև Դանիելսոնի գործոնից։ Ինչքանո՞վ են իրենք կարող համոզիչ լինել բանակցություններում և համոզեն ընդդիմությանը, քանի որ, ինչպես հասկանում եմ, իշխանությունները, գիտակցելով բարդ իրավիճակը, զիջումների են գնում։