Եվ ոչ միայն կրկեսի վերածված երկիր

Եվ ոչ միայն կրկեսի վերածված երկիր

Վաղուց արդեն բազմաթիվ ադեկվատ անձինք իրենց խոսքում վկայություններ են բերում, որ Նիկոլի օրոք Հայաստանը վերածվել է կրկեսի: Նախորդ բանախոսներին չկրկնելու համար բերեմ ամենաթարմ ու ամենաանմեղ օրինակը: Ամենաանմեղ, քանի որ կոնկրետ այդ հարցում պետք է որ չդրսևորվեր այդ հանգամանքը: Խոսքը 2023-ից Մեծ Բրիտանիայի և մի շարք երկրների արտաքին գերատեսչությունների միջև բանակցությունների մասին է՝ ամենայն հավանականությամբ սևամորթ ապօրինի ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրինագծի շուրջ: Անգլիական հեղինակավոր «Times» պարբերականը հայտնել էր, որ այդ երկրների (Կոտ դ'Իվուար, Կոստա Ռիկա և Բոտսվանա և այլն) շարքում կա նաև Հայաստանը: Այդ բանակցություններում մեր երկրի ներառվելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ, կա՛մ, Հայաստանը դարձել է միջանցիկ երկիր սևամորթների երթուղում: Կա՛մ էլ ՄԲ-ի ԱԳՆ-ում բացարձակ գաղափար չունեն մեր երկրի մասին: Որովհետև հաշվի առնելով «Times»-ի հեղինակությունը՝ պետք է ենթադրել, որ մեր երկրի անվանումն այդ ցուցակում պատահաբար չի հայտնվել: 

Միաժամանակ հաշվի առնելով ՄԲ հետախուզության հետ նիկոլական վարչակազմի կապերը՝ երկրորդ վարկածն ընդունել չենք կարող: Մնում է առաջինը, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում երևույթը: Որպեսզի տվյալ գործընթացում ՄԲ ԱԳՆ-ի կողմից արձանագրվեր նաև Հայաստանը՝ պետք է, որ այդ ներգաղթյալները սկզբում և գոնե մի պահ օրինական հանգրվան գտնեին մեր երկրում: Ինչը, որքան հասկանում եմ, առանց անօրինական վարձատրության դժվար թե տեղի ունենար: Որովհետև եթե մարդիկ փախչում են աֆրիկական երկրներից, ապա այստեղ տնավորվելն անիմաստ է դառնում: Դա նույնն է, ինչ ջրից ազատվողը մրջուրն ընկնի: Հետևաբար առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդ մարդիկ հայտնվում են Հայաստանում, ենթադրաբար ստանում են մնալու ժամանակավոր վկայականներ, իսկ հետո, արդեն որպես Հայաստանից արտագաղթողներ, հայտնվում են Մեծ Բրիտանիայում: Ինչն, ի դեպ, խիստ նման է Մեքսիկայի միջոցով Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելուն: Իսկ այդ երթուղով, առանց կլորիկ գումար մուծելու, անցնելն ուղղակի անհնար է: Միակ տարբերությունն այն է, որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, տեր ու տնօրինություն է անում նարկոմաֆիան:

Իսկ հիմա անցնենք կրկեսի վերածված մեր հայրենիքին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ռուսական «ՌՒԱ Նովոստի» լրատվականին, որը ներկայացրել էր «Times»-ի տեղեկատվությունը և լրացուցիչ մեկնաբանություն խնդրել ՀՀ ԱԳՆ-ից, հայտնել է, որ «հայկական կողմը Միացյալ Թագավորության հետ ապօրինի ներգաղթյալներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ առարկայական և տեխնիկական բանակցություններ չի վարել»: «Հրապարակ»-ի ընթերցողներից ներողություն խնդրելով՝ կրկին մեջբերեմ ԱԳՆ պատասխանից մեկ հատված. «…ապօրինի ներգաղթյալներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ…»: Այնինչ, խոսքը գնում էր ոչ թե ներգաղթյալներին Հայաստան, այլ Ռուանդա ուղարկելու մասին: Ասվածը նշանակում է, որ ներգաղթյալներին Ռուանդա ուղարկելու մասին բանակցություններ, իրոք, վարվել են: Բայց փոխանակ այդ փաստն ընդունելու և բացատրելու, որ խոսքը ոչ թե հայաստանցիների, այլ աֆրիկացիների մասին է, մեր ԱԳՆ-ում որոշել են հերթական խոսքային ձեռնածությունն անել: Առանց հասկանալու, որ դա անմիջապես բացահայտվում է, և մեր երկիրը հերթական անգամ դառնում է կրկեսի արժանի տարածք: 

Հ. Գ. Ի դեպ, առկա մի երևույթ, որ, դժբախտաբար, միմյանց հետ է կապում «Հայաստան» և «Ռուանդա» անվանումները: Դա 1994-ին այդ երկրում տեղի ունեցած՝ թութսի ցեղի 500 հազարից 1 միլիոն ներկայացուցիչների ցեղասպանությունն է: