Նիկոլականությունը աղանդ է

Նիկոլականությունը աղանդ է

Նիկոլական աղանդը ձևավորվեց 2018-ի ապրիլին փողոցում, հրապարակում` թափանցելով տներ ու հոգիներ՝ որպես մթագնում: Ինչպես ցանկացած աղանդ, այնպես էլ նիկոլականությունն, ուղղված էր և է կանոնիկ արժեքները ոչնչացնելու մոլուցքին: Առաջնահերթ` միտքը, ոգին, հավատը առ սրբություններ: Այն բոլոր արժեքները, որ տասնամյակներով, հարյուրամյակներով, անգամ հազարամյակներով էին ձևավորվել մեր մեջ, ինչպես Հայ Առաքելական Եկեղեցին, դարձան այդ մոլեռանդության թիրախները, և կանոնիկ կերպով սկսվեց ավերելու հետևողական այլասերումը, պարականոնը: Ինչպես ամեն մի աղանդ, այնպես էլ նիկոլականությունը կույր է և խուլ, միայն ճղճղում է, ճարտասանում և հետևորդների կողմից ընդունվում որպես անքննելի «ավետարան», որ պետք է անշեղորեն իրագործվի: 

Առաջնորդն ասում է, որ մեր պատմությունը սկսվում է 2018 թվականից և այն կոչվում է նոր Հայաստան, հետևորդներն ընդունում են: Ասում է, որ ամեն ինչ սկսում է զրոյից, իր կետից, այդպես էլ ընդունվում է` որպես պատմական մեկնարկ: Ասում է, որ պատերազմում գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր, բայց պարտվել են նախկինները, և բացարձակ ճշմարտություն է ընկալվում: Առաջնորդը մեղադրում է բոլորին, անգամ Աստծուն, թե երես է թեքել մեզանից, որ միակ արդարն ինքն է երկրի վրա, և միայն իրեն պետք է երկրպագեն, եթե ուզում են ապագա ունենալ: Հետևորդներն ավելի քան համոզված են առաջնորդի ճշմարիտ լինելու մեջ: Այդպես միայն աղանդն է լինում, որը կապ չունի քաղաքականության, պետության և կառավարման հետ: Առաջնորդի կուրությամբ են տեսնում հետևորդները: 

Այդ մարդկաց ուղեղների վրա չի կարող ներգործել որևէ երևույթ բացի այն ամենից` ինչ ասում է Առաջնորդը: Այդ մարդիկ ասում են` թեկուզ Հայաստանը կործանվի, միայն թե Նիկոլը մնա վարչապետ: Եթե Երևանն անգամ հանձնի Նիկոլը, միևնույնն է, մեր վարչապետն ինքն է: Այդ մարդկաց վրա չի ազդում կորցրած Արցախը, կորստյան մատնվող Սյունիքն ու Գեղարքունիքը: Չի ազդում անգամ մի ամբողջ զոհված ու խեղված սերնդի ողբերգությունը: Գերեվարվածների ու անհայտ կորածների ճակատագիրը: Նրանք ապրում են Նիկոլի իրականության մեջ, նրանց համար իրական է այն ամենը, ինչը պտտվում է Նիկոլի շուրջը, իսկ ինչը չի պտտվում` իրական չէ: Այս մարդիկ հանուն իրենց առաջնորդի պատրաստ են ամեն ինչի, միայն թե հրամայի: 

Աշխարհում մեր խայտառակ կարգավիճակը հպարտությունն է այդ մարդկանց համար, որովհետև Նիկոլը հպարտանում է խայտառակ պարտությամբ: Այդ մարդիկ ուղղակի վայելում են իրենց առաջնորդի խրոնիկ խեղկատակությունները և այլ կերպ չեն պատկերացնում երկրի վարչապետին: Նրանց մտավոր կարողությունների մեջ չեն տեղավորվում պետությունը, պետականությունը, հայրենիքը, միայն Նիկոլն է տեղավորվում: 

Հունիսի 20-ին ընտրապայքար է լինելու ոչ թե իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև, այլ նիկոլական աղանդի և կանոնիկ արժեքներ դավանողների միջև: Նիկոլի պարտվելու դեպքում էլ նիկոլականությունը շարունակելու է գործել: Ակտիվ են մնալու հետևորդներն, անգամ առանց առաջնորդի: Ընտրություններով չի ավարտվելու նիկոլականությունը, քանի որ այն ոչ թե քաղաքական պայքարի կողմ է, այլ աղանդ: 

Հուսիկ Արա