«Չագուճ» ես բռնել՝ «կասկա» էլ դիր 

«Չագուճ» ես բռնել՝ «կասկա» էլ դիր 

Պատկերացրեք, որ մեզ հայտնի կամ անհայտ մի երկրի վարչապետ, որ քարոզարշավ է անցկացնում վերընտրվելու ակնկալիքով, բեմահարթակից մուրճ է թափահարում օդում` հոխորտալով, թե սրանով պատին է մեխելու, դուրս է քաշելու, ու նման այլ մանկամտություններ, եւ արժանանում է ունկնդիրների ծափողջույններին: 

Նաեւ հպարտությամբ նշում է, որ այդ մուրճը ճանապարհին իրեն է նվիրել ժողովուրդը: Եթե ժամանակ առաջ հեռուստացույցով տեսնեինք այդ պատկերը, արհամարհանքով ծիծաղելու էինք՝ ասելով, որ սա վայրենի ցեղապետ է, իսկ սրա ժողովուրդը՝ ջունգլիներում բնակվող ցեղ: Բայց տեսնում ենք, որ այդ «չագուճը» մեր երկրի վարչապետն է թափահարում, իսկ նրան «չագուճ» տվողն ու «չագուճով» հիացողը մեր ժողովուրդն է:  

Երկրի վարչապետը հրապարակավ սպառնում է ոչնչացնել էլիտան` սույն հասկացությունը դիտարկելով ծուռ հայելու մեջ, թե՝ էլիտան թալանչի քաղաքական գործիչներն են ու էլ չգիտեմ ովքեր: Էդ մի հոգուն կողքից բացատրեք, որ էլիտան ազգի միտքն է: Երկրի ղեկավարը երկրում միտքը ոչնչացնելու սպառնալիք է հնչեցնում եւ արժանանում է ծափահարության: Ոչնչացնելու հաջորդ թիրախը եկեղեցին է, դարձյալ փնթի կերպով շահարկելով, թե կան կոռումպացված բարձրաստիճան հոգեւորականներ: Դարձյալ արժանանում է ծափերի: 
Եթե սա հնչեր Ադրբեջանում, մենք արհամարհանքով եւ քմծիծաղելով ասելու էինք, թե ոչխարներից հազիվ էլ էդքան: Բայց այդ մտավոր, հոգեւոր ջարդի սպառնալիքը հնչում է Հայաստանում՝  հայերի մասին, հայերի ներկայությամբ, եւ հնչեցնողը մեր երկրի ղեկավարն է: Իսկ մենք փառավորվում ենք եւ մատաղ անում, ոչխար մորթում ոտքերի տակ: 

1915-ին է թուրքը ոչնչացրել մեր էլիտան, մեր հոգեւորականներին: Ցեղասպան ծրագիր էր, որ իրականացվեց՝ առաջին հերթին թիրախավորելով միտքն ու հոգին: Ցեղասպանության սպառնալիք է հնչեցվում մեր երկրում՝ մեր նկատմամբ, եւ մենք հրճվում ենք: Ես չեմ կարող սրա որակումը տալ, թողնում եմ մասնագետներին: 

Մուրճի գործունեության հնարավորություններն օր-օրի, հանդիպումից հանդիպում ընդլայնվում են: Մինչ թափահարում է մուրճն օդում եւ սպառնում, որ դատարկ գլուխներին է իջնելու, եւ կոչ է անում իր ընտրողներին` մուրճով գնալ ընտրատեղամաս, Թուրքիան պաշտոնապես մտնում է Շուշի: Այդ իրադարձությունը վավերացնում են Էրդողանը եւ Ալիեւը` ստորագրելով համաձայնագիր: Մուրճն օդ է բարձրանում մեր ուղղությամբ, իսկ այդ նույն պահին Ալիեւի ձեռքն է օդ բարձրանում Ստեփանակերտի ուղղությամբ` Էրդողանին ցույց տալով, որ այնտեղ հյուրանոց է կառուցելու: Այս երկու թրքական երկրների ղեկավարները վերահաստատում են, որ Սյունիքով միանալու են իրար, իսկ մեր երկրի ղեկավարը մեզ վրա մուրճ է թափ տալիս: 

Թշնամին սպառնում է դրսից, մեր երկրի ղեկավարը սպառնում է ներսից: Երկու կողմերի թիրախը նույնն է, մենք ենք` հայն ու Հայաստանը:

Սա մղձավա՞նջ է, գիշերվա սեւ երա՞զ, կյանքի աննորմալ դիպվա՞ծ, խելագարությո՞ւն... ցանկացած նման բնորոշում, որ չի տեղավորվում առողջ բանականության մեջ, կարող է ընդունելի լինել: Իսկ խելագարությունը մե՞ր մեջ է, թե՞ մեր թշնամու: Օդում թափահարվող մուրճը մի օր իջնելու է, եթե ոչ մեր գլխին` թափահարողի ձեռքով, ապա թափահարողի գլխին` թշնամու ձեռքով: Եթե «չագուճ» ես բռնել, համենայնդեպս՝ «կասկա» էլ դիր: Ամենահավանականն այն է, որ սեփական ձեռքով ես խփելու գլխիդ: Իսկ մեր գլխին, որպես «չագուճ», դու արդեն խփվել ես:

Հուսիկ Արա