Մանրակրկիտ հաշվված բարեգործություն

Մանրակրկիտ հաշվված բարեգործություն

Բարեգործության (ողորմածության) ոսկե կանոնը ձեւակերպված է Նոր կտակարանում՝ որպես տերունական հորդոր․ «...Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի․․․»։ 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, սակայն, իր հիմնադրման օրից ամենեւին էլ միշտ չէ, որ  հետեւել է քրիստոնեական այս կանոնին․ նրա ձախ ձեռքը համարյա միշտ իմացել է, թե ինչ է անում աջը, ավելին՝ իմացել է՝ ինչո՛ւ է անում: Հիմնադրամի գործունեությունը գրեթե միշտ եղել է քաղաքական առումով շահախնդիր, հետեւաբար նաեւ՝ շահախնդրորեն թափանցիկ, որով հստակորեն երեւակվել է կառույցի էությունը՝ ամեն ինչ անել ի պետս իշխանությունների, նրանց PR կարիքների, բարձր վարկանիշի։ Այսինքն՝ խեղաթյուրվել է բարեգործության բուն նպատակի եւ օբյեկտի՝ շահառուի սովորական պատկերացումը․ այս հիմնադրամի պարագայում, բացի ուղղակի շահառուներից, հստակ առանձնացել է գլխավոր շահառուն՝ իշխանությունը։ Մինչդեռ այդպես չպիտի լիներ, եթե խոսքն իրավամբ բարեգործության մասին է։

Հիմա էլ, երկրում կառավարման ճգնաժամի պայմաններում, երբ նույնիսկ վարչապետի աշխատակազմն է զբաղված հանրությանը «աշխատող» վարչապետ եւ  կառավարություն ցույց տալու հայրենանվեր գործով (հանրությունը սկսել է տեղեկանալ վարչապետի նույնիսկ տասներորդական կարգի որոշումների մասին, օրինակ՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի անհայտ մի «գլխավոր քարտուղարի» աշխատանքից ազատելու), «Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է նույն շահախնդիր գործունեությունը։ Իբր վարչապետն անձնուրացաբար «աշխատում» է, իբր կառավարությունը հերոսաբար «բանում» է՝ ահա այս պատրանքն ապահովելուն է հիմա էլ լծված հիմնադրամը եւ իր կողմից է ջանում ցուցադրել իշխանությունների գործունեության հատկապես «հայրենասիրական» բնույթը։

Օրերս, ահա,  հայրենասիրական մի ձեռնարկի մասին էլ իրազեկվեց հանրությունը․ «ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ եւ անհրաժեշտ պարագաներ․․․ Դպրոցականների քանակը եւ կարիքը Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները»: Թե որքանո՛վ է այս տեղեկությունը նպաստելու իշխանությունների հայրենասիրական իմիջի կատարելությանը՝ թող դատի ընթերցողը, թե որքանո՛վ է շահառու դպրոցականներին «քանակով» հաշվելը եւ «տրամադրելը»  հայերեն՝ թող փորձաքննի, ասենք, «Հայկական ժամանակ» թերթի խմբագրակազմը, իսկ թե որչափո՛վ է բարոյական դպրոցականին տրվող պայուսակի պարունակությունն անուն առ անուն հրապարակ բերելը՝ թող մեկնաբանեն հոգեբանները․ «1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ եւ այլն»: 
Ահա այսպիսի մանրակրկիտություն։ 

Իսկ «եւ այլն»-ը նույնիսկ սպանիչ է։

Ի դեպ, բարեգործական այս ձեռնարկի մասին համապատասխան տեղեկատվությունը սկզբում ներկայացված էր թե՛ հիմնադրամի, թե՛ տնօրեն Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում։ Սակայն նյութի մեկնաբանությունների համատարած սարկազմը, որ առավել սաստկացել էր տնօրենի նախորդ՝ դստեր խաղալիքները համոզելով ստեփանակերտցի երեխաներին նվիրելու մասին գրառման հիշողությամբ,  ստիպել է Ա․ Հակոբյանին՝ իր էջից ջնջել այն։ Բայց տեղեկատվությունը նույնությամբ մնացել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջին։ Խորհուրդ կտանք՝ եթե ոչ ջնջել, ապա գոնե «թեթեւացնել» նյութը անպատշաճ, փոքրիկ շահառուի համար նույնիսկ վիրավորական մանրակրկիտությունից։ 

Եվ ընդհանրապես խորհուրդ կտանք՝ չլինել այսքան մանրախնդիր։

ՀԳ․ Խորհուրդ տալով՝ չլինել մանրախնդիր, տողերս գրողը հասկանում է նաեւ, որ եթե հիմնադրամն իր գործունեությամբ ծառայում է իշխանություններին, ավելին՝ հորինված է այդ իշխանությունների կողմից եւ հարստանում է նրանց դեպրեսիվ գործողությունների արդյունքում, վերջիններիս բնույթին համարժեք՝ չի կարող չլինել մանրախնդիր։