Մեր մարմնացյալ աղետը

Մեր մարմնացյալ աղետը

Թերեւս կարելի լիներ հասկանալ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանին, եթե նա շարունակեր կառավարել համընդհանուր ատելության մեջ։ Ատելության մեջ դիրքավորվելը կարող էր նույնիսկ հարգանք հարուցել։ Բայց ես դադարում եմ հասկանալ մարդուն, ով փորձում է իշխել համատարած զզվանքի մթնոլորտում։ Զզվանքի մթնոլորտում անհնար է դիրքավորվել․ կարելի է միայն ոչնչանալ։

Ասել, թե Ն․ Փաշինյանը մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր պետական անվտանգությունը բերել-կանգնեցրել է անդունդի եզրին, նշանակում է ոչինչ չասել։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ, ի լրումն բոլոր աղետների, անդունդը հիմա ինքն է՝ «ժողովրդի» վարչապետը։ Նա մեր մարմնացյալ աղետն է։ Նա իր մթամած կերպարով փակել է ապագային նայող համաժողովրդական մեր տեսողությունը․ մենք հիմա ազգովի կույրեր ենք, որ ափլփում են համատարած մթության մեջ։ 
Նիկոլը մեզ բոլորիս «շռայլորեն» նվիրել է ամբողջ կյանքի համար բավականացնող ամոթ, եւ իբր դա քիչ է՝ գումարել նաեւ ամոթներից անհանդուրժելին՝ իր գոյությունն իբրեւ առաջնորդի հանդուրժելու ամոթը։ Նիկոլը՝ ինքը, մեր ամենօրյա ամոթն է։

Նա մեր դեղին՝ ամուլ իշխանությունն է, որն առաջնորդվում է մատնություններով, քինախնդրությամբ, բանսարկություններով, որպեսզի իշխանական իր ամեն օրը հնրավորինս թանկ ծախի ՀՀ քաղաքացու վրա՝ իբրեւ յուրօրինակ «հայկական ժամանակ»։ 

Բայց Նիկոլ Փաշինյանը չի հեռանում։ Նա ուզում է, որ իր հրաժարականը պահանջի ժողովուրդը։ Իսկ ի՞նչ գիտի նա ժողովրդի մասին։ Նա ընդհանրապես պատկերացում ունի՞, թե ինչ ասել է ժողովուրդ։ Եթե ամբողջ ազգի մտավորական սերուցքը, հոգեւոր դասը, աշխարհի չորս ծագերում ապրող հայրենակիցները նրա համար ժողովուրդ չեն, ուրեմն ո՞վ է ժողովուրդը։ 
Հա՜, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սեփական չափումն ունի՝ «թիվ» է ուզում՝ մարդկանց որոշակի զանգված, որին ինքը սեփական աչքով հենց տեսնի փողոցներում ու հրապարակներում, նոր միայն կհամոզվի, որ ժողովուրդն իրեն չի ուզում։ Քանի դեռ չկա «թիվը»՝ չկա ժողովուրդը։

Բայց  մի՞թե ժողովուրդ չեն այն 5 հազար եւ ավելի զոհերի ծնողները, քույրերն ու եղբայրները, ովքեր սգի մեջ են, եւ որոնցից Նիկոլը խլել է սիրելիների նահատակությամբ գոնե հպարտանալու մխիթարանքը։ Ժողովուրդ չե՞ն այն երկու տասնյակ հազար վիրավոր տղաները, որոնց եթե ոչ կյանքը, ապա ապագան է հաշմվել։ Նիկոլ Փաշինյանը լսե՞լ է ա՛յս ժողովրդի ձայնը։ Գոնե մոտավոր հաշվե՞լ է նրանց։ Եվ մի՞թե այնքան բարոյականություն չունի, որ մտածում է, թե իր զավակին կորցրած ծնողը, իր եղբորը կորցրած հարազատը, իր սիրելիին կորցրած մտերիմը՝ հարյո՛ւր հազարավո՛ր մարդիկ, դեռ «վարչապետի» հետ են։  Չէ՞ որ ժողովուրդը, ամենից առաջ, հենց նրանք են, որովհետեւ նրանք են այս երկրին տվել ամենաթանկը՝ իրենց զավակին։