Հանրային խորհրդի արտահերթ նիստում հնչել է ՀԽ-ից դուրս գալու առաջարկ

Հանրային խորհրդի արտահերթ նիստում հնչել է ՀԽ-ից դուրս գալու առաջարկ

Նոյեմբերի 19-ին Հանրային խորհուրդը նիստ է հրավիրել եւ «անընդունելի համարել իշխանական շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքը խորհրդի նկատմամբ»։ ՀԽ օրակարգում եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետեւանքով խորհրդում ստեղծված իրավիճակի եւ խորհրդի հետագա գործունեության հարցը։ «Բարձր գնահատելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանի 10-ամյա գործունեությունը, նրա հեղինակությունն ու դերը՝ խորհրդի անդամներն ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Մանուկյանի հրաժարականի եւ դրա պատճառների առնչությամբ։ Քննարկվել է նաեւ Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսեւորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ»,- հաղորդում են ՀԽ-ից։ 

Ի վերջո, ի՞նչ  է արձանագրվել ՀԽ անդամների ելույթներում։ Հարցն ուղղեցինք ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձեւավորելու խնդիրներով զբաղվելու համար ձեւավորված աշխատանքային խմբի անդամներից մեկին՝ Արծրուն Պեպանյանին։ Ի դեպ, աշխատանքային խմբի անդամներն են՝ Անահիտ Աղոյանը, Հարություն Մեսրոբյանը, Արծրուն Պեպանյանը, ով ասաց․ «Արձանագրվեց այն, ինչ տեսել եք․ իշխանական որոշ շրջանակներ Հանրային խորհրդի մասին հրապարակային տեսակետներ են արտահայտում եւ շատ դեպքերում՝ իշխանական կառույցներին ոչ հարիր։ Գիտեք՝ ինչեր են ասել։ Դա վրդովեցնում էր։ Գիտեք՝ «անիմաստ», «ժամկետանց», նշվեց, որ իշխանության ներկայացուցիչներին պատիվ չի բերում էդ բառերով խոսել կառավարության խորհրդակցական մարմնի հետ։ Մարդիկ էլ ասում էին՝ կարող էին դիմել, այստեղ 15 հանձնաժողով է աշխատում, մենք ձեզ կտայինք հատորներով արած գործերը։ Կարելի էր տեղեկանալ եւ ոչ թե հրապարակային բաներ անել»։

Հիշեցնենք, որ «Վերնատան» համաժողովի անդամներին էլ որակեցին նման պիտակներով։ Եվ, առհասարակ՝ «անիմաստ», «ժամկետանց» պիտակներն ու որակումները վերջին շրջանում մշտապես գործածվում են «սիրո եւ համերաշխության» ալիքի տակ  իշխանության եկած երիտասարդ պաշտոնյաների կողմից, որոնցից շատերը հեղափոխությունից հետո բարձրագույն պաշտոնների նշանակվեցին առանց բավարար փորձի ու գիտելիքի։ Շատ նախարարների, փոխնախարարների ու պատգամավորների կենսագրության միակ տողը բուհում ստացած կրթությունն է։ Բայց դա 2018-ին «մեծերի» կողմից դիտվում էր ոչ որպես թերություն, այլ՝ առավելություն։

Արծրուն Պեպանյանից տեղեկացանք, որ վրդովված է եղել մեծամասնությունը։ «Ո՞ւմ դուրը կգա, եթե ասենք՝ Ազգային ժողովն անիմաստ կառույց է, ԱԺ-ում կլինե՞ն մարդիկ, որ կասեն՝ այո։ Չէ որ իրենց թվում է, որ գործ են անում։ Նույնը՝ Հանրային խորհուրդը, որտեղ մարդիկ առանց վճարի աշխատում են»,- մեկնաբանեց Պեպանյանը։ Վրդովված ելույթները շատ են եղել, թեեւ Պեպանյանը  խուսափեց անուններ նշելուց։ Այլ աղբյուրից իմացանք, որ ելույթներ են ունեցել Անահիտ Աղոյանը, Աիդա Թոփուզյանը։ Հաշվի առնելով, որ Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարական է տվել, արդյոք այս նիստը ճաշից հետո մանանեխ չէ՞ր։ Արծուն Պեպանյանը համաձայն չէ․ «Գիտե՞ք, ստեղծվել է հետեւյալ  իրավիճակը․ Հանրային խորհրդի նախագահը հեռացել է, եւ Հանրային խորհուրդն ուզում է հասկանալ՝ ինչ կատարվեց, եւ այս պահին իրենք ինչ են անում»։ Անգամ հնչել է առաջարկ՝ «եկեք թողնենք դուրս գանք, եթե մեր խորհուրդներն իրենց պետք չեն»։ Թեեւ շատերն էլ առաջարկել են՝ եկեք հարթենք խնդիրն ու փորձենք օգտակար լինել կառավարությանը։

Նիստին ներկա չի եղել Ստյոպա Սաֆարյանը։ Զրուցեցինք նաեւ ելույթով հանդես եկած Անահիտ Աղոյանի հետ։ Նա ասաց, որ որեւէ մեկի թեկնածության հարց չի քննարկվել, քանի որ այդ հարցն ամենակարեւորը չէր, եւ նշեց, որ ավելի շատ խոսք է եղել ոչ թե այն մասին, որ իշխանությունն անհարգալից է, այլ որ անտարբեր է եղել։ «Եվ, առհասարակ, խնդիրը, ընդհանուր, վերաբերում է Հանրային խորհրդին, ոչ թե Վազգեն Մանուկյանին ու ոչ միայն Վազգեն Մանուկյանին»,- ասաց նա։ Մեկնաբանելով Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը, թե ՀԽ-ն վարչապետին հանրային խորհրդատվություն մատուցող մարմին լինելով՝ չի կարող դեմ արտահայտվել նրան, ասաց․ «Ես չգիտեմ՝ Ստյոպա Սաֆարյանն այդ ձեւակերպումը որտեղից է  հայտնաբերել։ Եվ մենք երբեք իշխանություններին չենք հակադրվել։ Գոնե դա փաստ է։ Ես, իհարկե, 2016-ից եմ, բայց մենք միշտ փորձել ենք իշխանություններին ինչ-որ մի ուղի ցույց տալ։ Եվ այս քննարկումն առաջին հերթին պետք էր Հանրային խորհրդին, իսկ թե իշխանությունները դրանից ինչ կքաղեն, մենք էդ հարցը չենք էլ քննարկել»։