Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը կոնկրետ քայլ անելու փոխարեն դիմում ՍԴ

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը կոնկրետ քայլ անելու փոխարեն դիմում ՍԴ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական դիմումն է ուղարկել Սահմանադրական դատարան, այս անգամ՝ կապված ԲԴԽ անդամի թեկնածուի նշանակման հետ։ Սարգսյանն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չի ընտրում ԲԴԽ անդամ, որի 2 թափուր տեղ կա այժմ, նշանակում է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ ԱԺ-ն կամ դատավորների ժողովն իր թեկնածուները կընտրեն։ Դա ամրագրված է Սահմանադրության 130-րդ հոդվածով։ Բայց Արմեն Սարգսյանը ԺՊ նշանակելու փոխարեն դիմել է ՍԴ, քանի որ իրավական բաց է հայտնաբերել՝ մոտավորապես հետեւյալ մտավախությամբ՝ «բա որ հետո ԱԺ-ն այլ թեկնածու առաջադրի եւ ընտրի, եւ իր նշանակած ԺՊ-ն մնա անգո՞րծ»։

Նախագահի նշանակած ԲԴԽ անդամը պետք է լինի գիտնական-իրավաբանների հատվածից, ինչն այսօր հեշտ գործ չէ, հատկապես որ հնարավոր է՝ որոշ ժամանակից այդ անձը մնա դրսում․ ԱԺ-ն կարող է լրիվ այլ մարդու ընտրել։ Սա, հիշեցնենք, առաջին դեպքը չէ, երբ հանրապետության նախագահը գնում է այս ճանապարհով՝ դիմելով ՍԴ։ Նման մի դեպք էլ եղավ հոկտեմբերի 2-ի խնդրահարույց օրենքի ընդունումից հետո, երբ նախագահը պետք է ստորագրեր, որ օրենքն ուժի մեջ մտներ, բայց ուղարկեց ՍԴ՝ ծառայություն մատուցելով նոր իշխանություններին։ Ամիսներ անց ՍԴ-ն եզրակացրեց, որ օրենքը Սահմանադրությանը համապատասխանում է, բայց գնացքն արդեն անցել էր։

Ասում են, ՍԴ դիմելով՝ Արմեն Սարգսյանը բացահայտում է նախագահի ինստիտուտին առնչվող իրավական ու սահմանադրական բացերը, որոնք փորձում է ՍԴ-ի միջոցով լուծել, հարթել։ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում նախագահի՝ ՍԴ դիմելու փաստն այսպես բացատրեց․ «Տեսեք, Սահմանադրության 130-րդ հոդվածում ամրագրված է աներկբա պահանջ, որ եթե ձեւավորվում է կարիք, որ ԱԺ-ն չի կարողանում իր ժամկետի մեջ ընտրի, ապա նախագահը պետք է ներկայացնի ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմա, եթե օրենքներով ենք նայում, ապա դատական օրենսգրքով եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված է, որ որեւէ կարգ պետք է լինի, բայց այդ կարգն այսօրվա դրությամբ չկա։ Հիմա, եթե մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ պատկեր կձեւավորվի այսօրվա դրությամբ, ապա կարող ենք հանգել մի սցենարի, որտեղ նախագահը պետք է ինչ-որ մեխանիզմներով հանդիպի տարբեր գիտնական իրավաբանների հետ, համոզի, որ «ձեզ նշանակում եմ ժամանակավոր պաշտոնակատար», այդ մարդը պետք է իր աշխատանքից, փաստորեն, որը կունենա այդ րոպեին, հրաժարվի, քանի որ չի կարող այլ աշխատանքով զբաղվել ԲԴԽ անդամը, նշանակումն ստանա՝ առանց սոցիալական երաշխիքների, ու մեկ էլ մի քանի օր հետո Ազգային ժողովը գործընթաց է սկսում եւ ընտրում իր թեկնածուին»։

Այս դեպքում, ըստ Պողոսյանի, նախագահի նշանակած ԺՊ-ն կդադարի պաշտոնավարել որպես ԲԴԽ անդամ, արդյունքում կկորցնի ե՛ւ նախկին աշխատանքը, ե՛ւ ԲԴԽ անդամի կարգավիճակը։

- Պարզապես տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը մի փոքր բարդ իրավիճակներում, երբ պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, գնում է հեշտ ճանապարհով՝ դիմում է ՍԴ՝ իր վրայից գցելով պատասխանատվությունը։

- Նոր ես բացատրեցի՝ արդյոք սա հե՞շտ վիճակ է, թե՞ սա նպաստել է, որ ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ստանա լուծում՝ դիմելով ՍԴ։ Հիմա դու կարող ես որեւէ մեկին համոզել, բերել, բայց վերջում լիակատար այլ թեկնածու ընտրվի եւ աշխատի։ Էդ ո՞ւմ ենք մենք տանելու մի քանի օրով ԲԴԽ-ում աշխատելու, ասելու, որ դրա համար ինքը հրաժարվի իր էսօրվա աշխատանքից, որ հետո մնա դրսում, որ որեւէ մեկը երաշխիք չի տալու, որ կվերականգնվի իր նախկին աշխատանքին։ Ուստի, այդ բոլոր բացերի համար է, որ նախագահը նամակ է ուղարկել ՍԴ՝ այսօրինակ խնդիրների համար լուծումներ փնտրելով։

- Ձեր ասածից կարող ենք եզրակացնել, որ կա իրավական բաց, նաեւ երկու ինստիտուտների՝ նախագահի եւ օրենսդիրի միջեւ համագործակցության խնդիր ունենք, որ նմանատիպ իրավիճակներ չառաջանան։

- Նախ, մենք Հայաստանում ունենք իշխանության 3 ճյուղ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Օրենսդիրն իր աշխատանքը կատարում է իր ժամկետներով։ Բայց ձեւավորվել է մի բան, որն իշխանության այս 3 ճյուղերից դուրս է, որ թողել են նախագահի վրա, թե՝ Դուք նշանակեք։ Բայց այդ նշանակման հետեւանքները ոչ միայն իրավական, այլ նաեւ մարդկային դաշտում շատ բացեր ունեն։

- Այ, այդ մարդկային դաշտում ինչո՞ւ չի ստացվում համագործակցությունը։

- Համագործակցությունը ո՞նց եք պատկերացնում, պետք է գնալ լոբբինգ անել, որ մենք մի այսպիսի ԺՊ թեկնածու ունենք, խմբակցություննե՛ր, խնդրում ենք դուք անպայման այդ թեկնածուի՞ն առաջարկեք։

- Ինչո՞ւ ոչ։

- Բայց դա էլ կլինի խառնվել օրենսդիրի աշխատանքի մեջ։ Օրենսդիր մարմինն անկախ իշխանություն է, որի աշխատանքին չի կարելի խառնվել։ Հիմա մենք օրենքո՞վ ապրող երկիր ենք ուզում դառնալ, թե՞ այլ մոտեցում ունենք։ Դրա համար լուծումը տեսնում ենք այսպես՝ նախագահականը դիմել է ՍԴ՝ այս հարցերի վերաբերյալ պարզաբանման խնդրանքով, որից կգտնենք ավելի ճիշտ լուծում այս իրավիճակին, որ ապագայում նմանատիպ հարցերում կունենանք կարգավորված իրավիճակ։