Շիրակի մարզը՝ առանց ընդդիմադիր պատգամավորների, իշխանական 1-2 պատգամավորի հույսին

Շիրակի մարզը՝ առանց ընդդիմադիր պատգամավորների, իշխանական 1-2 պատգամավորի հույսին

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորների ցանկը 7-րդից տարբերվելու է թվաքանակով՝ մոտ 2 տասնյակից ավելի կրճատվելու է պատգամավորների թիվը։ Ուշագրավ է, որ ԱԺ անցած 2 ընդդիմադիր քաղաքական ուժերից Շիրակի մարզն այս ԱԺ-ում անգամ 1 ընդդիմադիր պատգամավոր չունի։ Մինչդեռ նախորդ ԱԺ-ում 3 ընդդիմադիր պատգամավոր ուներ՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` երկու, «Լուսավոր Հայաստանից»` մեկ ներկայացուցիչ: Այս անգամ թեև ԲՀԿ-ից  եւ ԼՀԿ-ից  առաջադրված թեկնածուների պակաս չկար, կուսակցությունների՝ խորհրդարան չմտնելու պատճառով մարզը զրկվեց ներկայացուցիչներ ունենալուց։ «Հայաստան» դաշինքը մարզից որևէ թեկնածու չէր առաջադրել: Դաշինքի Գյումրու շտաբի համակարգող Հովհաննես Ասոյանի խոսքով՝ առաջարկներ շատերին է արվել, այդ թվում՝ իրեն, բայց բոլորն էլ հրաժարվել են, քանի որ Ազգային ժողովում իրենց չեն տեսել։

«Պատիվ ունեմ» դաշինքին ԱԺ-ում հատկացվելու է 7 մանդատ: Շիրակի մարզից անցողիկ տասնյակում ընդգրկված էր ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, սակայն նա ցուցակում 8-րդն է։ Նրա՝ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը քննարկվում է միայն այն համատեքստում, եթե մանդատից հրաժարվի դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը կամ ցուցակում առաջատար թեկնածուներից որևէ մեկը։

Կրճատվելու է նաև իշխանական պատգամավորների թիվը՝ նախկին 4 պատգամավորների փոխարեն կլինեն 2-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցողիկ տեղերում Շիրակի մարզից  ընդգրկված են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը եւ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզպետն ու պատգամավորը հնարավոր է պաշտոններով տեղափոխվեն՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվի Շիրակի մարզպետ, Հովհաննես Հարությունյանը` մուտք գործի ԱԺ։ Թե Բաղդասարյանի, թե Հարությունյանի` մարզպետ նշանակվելու դեպքում նրանցից մեկը մանդատից հրաժարվելու է, եւ ահա նրանց փոխարինող է գալու ծանոթ դեմքերից մեկը՝ ՔՊ ցուցակի 72-րդ տեղը զբաղեցնող Էմմա Պալյանը։

Խոստովանենք, որ հանրապետության սոցիալապես ամենից խնդրահարույց մարզը միայն «փորձված» իշխանական  պատգամավորների հույսին թողնելն իրապես արդարացի չէ։