Ընտրակեղծարարության նախկին մեթոդը՝ գործողության մեջ

Ընտրակեղծարարության նախկին մեթոդը՝ գործողության մեջ

Կյանքն անընդհատ դասեր է տալիս քեզ՝ լինես 12, 32 թե 62 տարեկան: Ու դու շարունակում ես զարմանալ, թեեւ մինչ այդ քեզ թվում էր, որ այլեւս ոչինչ չի կարող քեզ զարմացնել: Հատկապես եթե դու ոչ թե լուսնից ես իջել, այլ ապրում ես Երեւանում եւ ավելի ծանոթ ես կյանքին, քան քո բազմաթիվ հայրենակիցները: Ծանոթ ես, որովհետեւ խելացի ես, կարդացած ու շարունակում ես ակտիվ մասնակցությունդ երկրիդ հասարակական կյանքին: Ինչեւէ, երկու օր փորձում էի ըմբռնել գործող իշխանության հաղթանակի իրական մեխանիզմը եւ այսօր ոնց որ թե հասկացա ընտրակեղծարարության նիկոլական տեխնոլոգիան:

Այն, որ հունիսի 20-ի ընտրությունը կեղծվել էր՝ մեջս կասկած չկար, սակայն ինչպե՞ս՝ սա էր հարցը: Կար մի կարեւոր հուշում՝ մի շարք մարզերի բազմաթիվ ընտրատեղամասերում առաջացել էր հոսանքի խնդիր: Ճիշտ այնպես, ինչպես հին, «բարի» ժամանակներում, երբ անհրաժեշտ էր լինում լցոնումներ անել քվեատուփի մեջ կամ խաղեր տալ քվեաթերթիկների տարբեր տրցակների հետ: Թեեւ կասկածում էի՝ մտածելով, որ 2018-ից հետո երկրում հաստատված «ժողովրդի իշխանության» (որքան էլ այն լիներ կեղծ) պայմաններում ընտրատեղամասային կեղծարարությունն անցել է պատմության գիրկը: 

Պարզվեց, որ սխալվել էի: Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը վարչապետության երեք տարում մխտռել է ամեն ինչ: Եվ իշխանությունը պահպանելու համար չի կանգնում որեւէ խոչընդոտի առջեւ՝ լինի դա օրինականության կամ իր նախկին համոզմունքների տեսքով: Ինչեւէ, ներկայացնեմ նախկինում լայնորեն կիրառվող ընտրակեղծարարության մեթոդը, որը վաղուց արդեն չէր կիրառվել հենց նախկինների օրոք: Կարծում եմ, որ հունիսի 20-ին օգտագործվել է առանց որեւէ հիմքի քվեաթերթիկների անվավեր ճանաչման կամ նույնիսկ, արդեն ասված, այս կամ այն մասնակից քաղաքական ուժին տրված քվեաթերթիկների տեղափոխումը մի տրցակից մյուսը՝ բնականաբար, հիմնականում ընդդիմադիրներից դեպի իշխող կուսակցության: Եվ ավելի կոնկրետ՝ ընտրատեղամասերի մեծամասնությունում կեղծիքներն արվել են «Հայաստան» դաշինքի քվեների նկատմամբ: 

Սակայն դա դեռ ամբողջը չէ: Որոշակի քանակի (մի քանի կամ նույնիսկ մի քանի տասնյակ) ընտրատեղամասերում աճպարարություն է արվել նաեւ իշխող ուժի քվեների առումով: Դա արվել է գիտակցաբար՝ արձանագրելով այդ ընտրատեղամասերի համարները: Իսկ քվեարկության հաջորդ օրը վերահաշվարկի պահանջով անմիջապես դիմել են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Արդյունքում կստացվեր, որ տեղի է ունեցել ոչ թե կեղծարարություն, այլ թվերի մեխանիկական սխալ մուտքագրում, ինչի պատճառը եղել է ողջ օրվա աշխատանքից ու անքնությունից առաջացած հոգնածությունը: Եվ ոչ թե համատարած կեղծվել են ընդդիմադիր դաշինքի արդյունքները: Եվ գիշերային լույսերի գնալն է նպաստել դրան: Ի դեպ, վաղ թե ուշ տեղի կունենա իշխանափոխություն, եւ կպարզվի նաեւ հոսանքի անջատումների իրական մեխանիզմը. հիմա ասվեց, որ դրանք տեխնիկական էին, ու աղբյուրը Վրաստանն էր: Այս ամբողջ գործընթացում բաց է մնում մեկ հարց՝ որտե՞ղ էին երկու ընդդիմադիր դաշինքների վստահված անձինք եւ ինչո՞ւ չեն արձանագրել քվեաթերթիկների հետ խաղերը: 

Ինչեւէ, այդ ամենն արդեն անցյալ է: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները դիմելու են Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ընտրության արդյունքները: Կառաջարկեի դիմել նաեւ ընդհանուր իրավասության դատարան՝ հիմք ընդունելով այն փաստը, որ վերահաշվարկի ժամանակ բազմաթիվ կեղծված քվեներ են ի հայտ եկել, եւ պահանջել բազմաթիվ այլ ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկը: Որպես ընտրության չափանիշ ընդունել հոսանքի անջատվելը, ինչպես նաեւ «Հայաստանի» եւ ՔՊԿ-ի միջեւ քվեների մեծ տարբերությունը: Կարծում եմ, որ այդ դեպքում կարող է առաջանալ նաեւ ընտրությունը չեղարկելու հնարավորություն: