«Նոր սահմանադրությամբ» պատմական հայրենիքը վախո՞վ ենք հիշելու

«Նոր սահմանադրությամբ» պատմական հայրենիքը վախո՞վ ենք հիշելու

Երեւանի թերթերի կրպակներում տպագիր մամուլից ամենապահանջվածը ռադիո-հեռուստատեսային ծրագրերն են ու խաչբառերը։ Հետո գալիս են քաղաքական կանխատեսումներով հագեցած թերթերը։ Թերթերի գնորդներն էլ թոշակառուներ են։ Իսկ հեռուստաեթերը լցնող քաղաքական գուշակների ամենօրյա խոսքից՝ «ես վստահ եմ», «համոզված եմ», «հավատացեք ինձ»… ոմանց նյարդերը տեղի են տալիս՝ տո դու ո՞վ ես, որ քեզ վստահեմ, մի բան էլ՝ հավատամ…

Եվ այսպես, գարնան գալու հետ աշխուժացել են բացօթյա, ոտի վրա «ծերակույտ» հիշեցնող տարեցների հավաք-քննարկումները։ Թեմաները բազմազան են՝ «նոր սահմանադրության» լինել-չլինելուց մինչեւ թանկացումներ։ Հավաքներից մեկի ժամանակ մի թոշակառու բացականչեց․ «Ասում էի, չէ՞․․․»։ Կողքին կանգնածն էլ լուրջ-լուրջ լրացրեց․ «Էլի՞ օտարն է  մեղավոր․․․ Էսպես իրար խաբելով տեսնես ո՞ւր կհասնենք»։ Թե ով ենք մենք եւ ուր կհասնենք՝ ժամանակին վերլուծել է Վանո Սիրադեղյանը։ «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։ Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։ Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ։ Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք եւ կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»։ 

Ականջդ կանչի, Վանո Սիրադեղյան, մտքովդ կանցնե՞ր, որ մի օր Անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, պատմական հայրենիքի խորհրդանիշները, հայոց  պատմությունը վերացնելու ենք, խեղաթյուրելու ենք, իսկ պատմական հայրենիք  հիշելն էլ դառնալու է «հերոսական ակցիա»։ Ի դեպ, հայոց պատմության գործող դասագրքերում ՀՀ գործող վարչապետի անունը նշված չէ։ Կարելի է ենթադրել, որ «Հայաստանի պատմություն» դասագրքերում կլրացվի այդ բացը, կնշվեն Հայաստանի առաջին դեմքի անունն ու արժանիքները՝ որպես սուբյեկտությունը կորցրած Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիր։

Դառնանք «նոր սահմանադրությանը»։ Թերեւս Երեւանում սկսել են հասկանալ, որ երկրի փրկությունը եւ կործանումը ոչ միայն պատերազմով է լինում, այլեւ՝ սահմանադրության տեսակով, առավել եւս՝ ի չարս կիրառելիս։ Այսքանով հանդերձ, «ծերակուտական» հավաքներում դեռեւս զգացմունքներով են փորձում տարբերակել երկրի կառավարման խորհրդարանական համակարգը կիսանախագահական համակարգից։ Այդպես հանպատրաստից հանրաքվեի գնալն առնվազն թեթեւամտություն է, քանզի երկրի կառավարման  ընտրված տեսակն ամրագրվում է սահմանադրության մեջ եւ կարող է երրորդ՝ վերջին ծուղակը դառնալ։ Այդ բացը լրացնելու նպատակով տեղին է հիշել ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը, թե որ դեպքում սահմանադրությունը դավադրություններ, փորձություններ  կարող է բերել ժողովրդի, անկախ պետականության գլխին եւ որ դեպքում՝ բարիք, խաղաղություն եւ հեղինակություն՝ ժողովրդին եւ պետությանը։ «Երկրի կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարական պետություններում։ Մինչդեռ մեզ նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարման ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ  վտանգավոր է, հետեւաբար՝ անթույլատրելի։ Դրան պետք է վերադառնալ մի քանի տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո»։

Աներկբա է, որ հայաստանյան քաղաքական մտքի ֆիդայական «պայծառատեսությամբ» Հայաստանի հանրությանն այլեւս չես կերակրի։ 25 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից անտեսվեցին իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդը՝ ամենագլխավորը․ ժամանակի անշրջելիությունը։ Թեեւ 25 տարի կորցրինք, սակայն իրատեսական սկզբունքների եւ մոտեցումների փնտրտուքը շարունակական է։

ՀԳ․ Կա իրավիճակ, երբ մարդու համար մահը մեծագույն փրկություն է։ Վանո Սիրադեղյանն այն «երջանիկներից» է, որ չի զգում այն գոյակցությունը, որի մեջ ողջերս հայտնվել ենք։ Ներող կլինես, Վանո Սիրադեղյան…

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ