Հաճելի անակնկալներով լեցուն մրցաշրջան
Օլիմպիական խաղերին նախորդած լայնածավալ իրադարձություններն աստիճանաբար «թեւերն» ավելի լայն են տարածում՝ ընդգրկելով ոչ միայն մեծ թվով փորձառու, այլեւ խոստումնալից ու իրար արժանի նորահայտ մրցակիցների, որոնց գլխավոր երազանքն է՝ նվաճել փարիզյան պատկառելի մարզական փառատոնի ուղեգրեր: Պատահական չեն նաեւ անսովոր անակնկալները: Դրանցից զուրկ չէին նաեւ Հայաստանի պատվիրակները, որոնք այս օրերին հասան շռնդալից հաջողությունների՝ դրսեւորելով իրենց պոտենցիալը: Ի դեպ, եթե ամբողջ անցյալ տարվա ընթացքում մեր առաջատար մարզիկները միջազգային հեղինակավոր ասպարեզներում նվաճել էին 9 ոսկե մեդալ, ապա միայն այս տարվա փետրվար ամսին արժանացել են նույնքան մրցանակի, ինչը նշանակում է, որ հայկական սպորտի իմիջը նկատելիորեն բարձրացել է:
Այս առումով հատկապես հաճելի էին Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրանցված ցուցանիշները, մի ստուգատես, որտեղ, օրինակ, 96 կգ քաշայինների մրցավեճը, ըստ էության, վերածվեց… Հայաստանի առաջնության: Ինքներդ դատեք` համաձայն նախնական պատվերների, կիլոգրամների ծանրությունը ներկայացնողների ցուցակն ավարտվում էր երկու մասնակից հայաստանցիների` Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի ազգանուններով, իսկ երբ ավարտվեցին մրցումները, ըստ ամփոփիչ արդյունքների, ցուցակն արդեն գլխավորում էին նույն հայ դյուցազունները: Այո, մեր տղաները միմյանց արժանի մրցակից եղան․ պոկում վարժությունում լավագույնը Դավիթն էր՝ 169 կգ ցուցանիշով, երկրորդ տեղում՝ Հակոբը` 166, հրում վարժությունում Մկրտչյանը գլխավերեւում կարողացավ պահել 209 կգ, Հովհաննիսյանը` 205: Եվ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը, զիջելով ընդամենը մեկ կգ, զբաղեցրեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանը: Ինչպե՞ս չասես` երկու հայ ու իրար արժանի դյուցազուններ, գերազանցության հասնելով իրենց բոլոր մրցակիցների նկատմամբ, արժանացան ոսկե եւ արծաթե մեդալների՝ մեծ բավականություն պատճառելով հայ սպորտասերներին։
Պատվո պատվանդանի աստիճանները միաժամանակ զբաղեցրին եւս երկու հայ ծանրորդ` 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը: Ճիշտ է` մի փոքր ավելի համեստ ցուցանիշներով: Նրանցից առաջինը երկամարտի 396 կգ (180+216) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ թիմակիցը, 394 կգ (182+212) գրանցելով, արժանացավ բրոնզե մրցանակի:
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 55 կգ քաշային կանանց մրցումներում, պարզապես հիացրեց բոլոր ներկաներին: Վերջին՝ հրում վարժության երրորդ փորձն էր որոշելու չեմպիոնուհուն, եւ այդ պատվին արժանանալու համար 19- ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին անգամ պետք է հրեր 115 կգ ծանրաձողը: Անշուշտ, բարդ էր առաջադրանքը, սակայն նա հիանալի դրսեւորեց իրեն՝ ցուցադրելով ոչ միայն աներեւակայելի ուժ, այլեւ՝ տոկունություն: Երկամարտի196 կգ- ն էլ գրանցվեց որպես ամենաբարձր արդյունք:
Նույն կարողությունները դրսեւորեց նաեւ Գոռ Սահակյանը (67 կգ): Մեր երիտասարդը երկրորդ անգամ ապացուցեց, որ Եվրոպայում իր քաշային կարգում չունի հավասարը, երկամարտի 301 կգ ցուցանիշն էլ դրա վկայությունն է: Իսկ առաջնության վերջին օրը, երբ իրենց մրցավեճն ավարտեցին գերծանր քաշայինները, վերստին պատվո պատվանդանի վերին աստիճանները զբաղեցրին եվրոպական խոշորագույն ստուգատեսի գլխավոր հերոսները` ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը՝ 455 կգ արդյունքով (205+250), եւ փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը` 437 կգ (190+247): Փայլուն, պանծալի ցուցանիշ, մանավանդ եթե դրան գումարենք նաեւ թիմային բացահայտ առավելությունը: Այսպիսով, բացի վերոնշյալ չորս չեմպիոններից, մենք ունեցանք երեք փոխչեմպիոն (Դավիթ Հովհաննիսյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան) եւ նույնքան բրոնզե մեդալակիր (Հռիփսիմե Խուրշուդյան, Ռաֆիկ Հարությունյան եւ Գարիկ Կարապետյան):
Երկու չեմպիոն եւ մեկ բրոնզե մրցանակակիր` այսպիսի արդյունքներ գրանցեցին հունահռոմեական եւ ազատ ոճերի մեր ըմբիշները Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում: Բայց եթե առաջինները նվաճեցին նաեւ թիմային հաշվարկով երրորդ մրցանակային տեղը, ապա ազատ ոճայինները բավարարվեցին չորրորդ տեղով, ինչը, հարկավ, նույնպես լավ արդյունք է։ Իսկ անհատապես, անտարակույս, վերստին փայլեց մեր թիվ մեկ մարզիկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Բավական է ասել, որ, ի պատիվ եվրաասպարեզներում նրա նվաճումների, յոթերորդ անգամ հանդիսավորությամբ հնչեց Հայաստանի օրհներգը, եւ սա, էլ չխոսենք նրա այլ հրաշալի նվաճումների մասին, վկայությունն է այն բանի, որ մենք ավելի քան տասը տարի առիթ ենք ունեցել հիանալու նրա հրաշալի վարպետությամբ։ Դրա պերճախոս փաստն է եւ այն, որ Բուխարեստում մեր ըմբիշը 29:5 ընդհանուր հաշվով գերազանցության հասավ թուրք Բեյթուլա Կայսիդագի, նիդերլանդացի Թայրոն Շտենկելբուրգի, բելառուս Արաբակար Խառլախարովի եւ ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիեւի նկատմամբ:
Նման հաղթարշավով աչքի ընկավ նաեւ նրա թիմակից Մալխաս Ամոյանը (77 կգ): Նա նույնպես, դրսեւորելով նախանձելի համառություն, առավելության հասավ իր բոլոր չորս մրցակիցների նկատմամբ, եզրափակիչ գոտեմարտում էլ 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք Յունուս Բաշարին, երրորդ անգամ անընդմեջ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչման:
Եթե ազատ ոճային Արման Անդրեասյանը (70 կգ), դրսեւորելով անսովոր կամք, առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, ապա նրա թիմակից Արսեն Հարությունյանը (57 կգ) այդ պատվին արժանացավ չորրորդ անգամ, ընդ որում՝ դա ուղղակի ֆուրոր էր: Ինքներդ դատեք` ունեցած բոլոր երեք գոտեմարտերում գրանցելով 10:0 հաշիվ՝ նա ժամկետից շուտ հասավ հաղթանակի: Եվ դեռ ավելին՝ եզրափակիչ գոտեմարտում մրցելով թուրք Մուհամեդ Կարավուսի հետ՝ նա 10:0 հաշիվ գրանցեց՝ աներեւակայելի 52 վայրկյանում: Նման նվաճումներով ինչպե՞ս կարելի է չհպարտանալ:
Ուրախալի լուր ստացվեց նաեւ Կահիրեից: Այստեղ անցկացվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլը: Ինչպես կարելի էր ենթադրել, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նորից կցուցադրի իր բարձր վարպետությունը հատկապես հենացատկերում: Այդպես էլ եղավ` գրանցելով 14,933 միավոր, նա գրավեց առաջին տեղը: Նրա թիմակից Վահագն Դավթյանն արծաթե մրցանակի արժանացավ օղակների վարժությունում:
Այս օրերին մեր մարմնամարզիկները Գերմանիայի Կատբուս քաղաքում մասնակցում են աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը: Մարզասերներին հայտնենք նաեւ, որ մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունն անցկացվելու է Երեւանում:
Հաճելի է նաեւ, որ յոթ տարվա ընդմիջումից հետո բասկետբոլի աշխարհի առաջնության C ընտրական ենթախմբում վերստին հանդես է գալու Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Այս խմբում ընդգրկված են երեք ենթախմբի բաժանված 10 երկրների հավաքականներ: Ենթախմբերի հաղթողները եւ լավագույն ցուցանիշներ գրանցած ու երկրորդ տեղ գրաված մեկ թիմ իրավունք կստանան շարունակելու պայքարը՝ ավելի բարձր խումբ տեղափոխվելու համար: Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցներն են Ավստրիայի եւ Ալբանիայի թիմերը: Հինգշաբթի օրը Վիեննայում մեր թիմը մրցեց ավստրիացիների հետ: 106:91 հաշվով հաղթեցին ավստրիացի բասկետբոլիստները: Իսկ կիրակի օրը մեր թիմն ընդունելու է ալբանացիներին:
Միսակ Նազարյան
Կարծիքներ