Իշխանափոխություններն ավելի հաճախ լինում են դրսի պատվերով եւ աջակցությամբ

Իշխանափոխություններն ավելի հաճախ լինում են դրսի պատվերով եւ աջակցությամբ

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել, որ անցած տարվա սեպտեմբեր- հեկտեմբերին Ռուսաստանը փորձում էր Հայաստանում հեղաշրջում անել: France24-ին-ին տված հարցազրույցում նա ասում է. «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ եւ հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ եւ տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը», եւ ավելացնում է, որ իր դեմ իրականացվող քարոզչությունը չի թուլացել: Փաշինյանը ոչ միայն ուզում է, որ Արեւմուտքում իրեն ընկալեն որպես Ռուսաստանի թշնամի եւ դրանից ելնելով ավելացնեն տրամադրվող աջակցության չափը, նա իսկապես վտանգ է տեսնում, որ Ռուսաստանը կարող է աջակցել այն ուժերին, որոնք Հայաստանում պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել: Ռուսաստանի մայրաքաղաքում Փաշինյանի դեմ տրամադրված հայ գործիչների համախմբում է տեղի ունենում, ձեւավորվում է, այսպես կոչված, ընդդիմություն տարագրության մեջ, ինչը չի կարող չանհանգստացնել Փաշինյանին: 

Տեւական ժամանակ Հայաստանի ընդդիմության տարբեր ուժեր եւ գործիչներ Փաշինյանին հեռացնելու հարցում աջակցություն էին փնտրում Ռուսաստանում: Թե ինչու Ռուսաստանում` պարզ է. նրանց տրամաբանությամբ՝ եթե Արեւմուտքն անթաքույց աջակցում է Փաշինյանին, նրան համարելով իր դրածոն, Հայաստանում իր շահերի առաջմղման գործիք, քանի որ Փաշինյանը վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, Ռուսաստանն էլ պետք է Հայաստանի ընդդիմությանն ընկալի որպես իր բնական դաշնակից եւ պետք է օգնի Հայաստանի ընդդիմությանը` հեռացնելու Արեւմուտքի դրածո Փաշինյանին: Այդ դեպքում Ռուսաստանը կարող էր ակնկալել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի ավելի հավասարակշռված կամ ավելի պրոռուսական: Բայց Կրեմլում աջակցություն գտնելու բոլոր փորձերը հանդիպում էին ռուսական իշխանությունների մերժմանը. կա՛մ Ռուսաստանի իշխանություններն այնքան էլ չէին վստահում հայ ընդդիմադիրների անկեղծությանը, կա՛մ չէին ուզում ընդդիմությանն աջակցելով հարաբերությունները փչացնել Փաշինյանի իշխանության հետ, լեգիտիմ հնարավորություն տալու` արդարացնել Հայաստանի հակառուսական քաղաքականությունը:

Միայն այն, որ ՌԴ նախագահը 2020 թվականի խայտառակ պարտությունից եւ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարեց, թե չի համարում, որ Փաշինյանը դավաճան է, բավարար էր հասկանալու համար, որ Ռուսաստանը շահագրգռված է Փաշինյանի իշխանության երկարաձգմամբ: Որովհետեւ եթե ոչ դավաճանություն, ապա էլ ինչպե՞ս կարելի է բնորոշել մի ղեկավարի վարքագիծ, ով կարող էր պատերազմը կանգնեցնել Հայաստանի համար ավելի շահավետ պայմաններով` անհամեմատ ավելի քիչ մարդկային եւ տարածքային կորուստներով, բայց դա չարեց՝ երկիրը հասցնելով աղետի, ինչի մասին բազմիցս փաստել է հենց ՌԴ նախագահն իր հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում:

Ռուսաստանը շահագրգռված էր Փաշինյանի թույլ ու կամազուրկ իշխանության պահպանմամբ՝ հույս ունենալով, որ կկարողանա այդ թուլությունն օգտագործել ի նպաստ իր շահերի` Փաշինյանից պոկելով այն, ինչ իրեն անհրաժեշտ է: Մասնավորապես, Պուտինն ակնկալում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերի կատարում, որից ամենակարեւորն իր համար Ռուսաստանի հսկողության տակ Ադրբեջանին ճանապարհի կամ միջանցքի տրամադրումը պետք է լիներ: Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի եւ դրա իշխանության նկատմամբ կտրուկ փոխվեց, երբ Կրեմլում հասկացան, որ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման, անգամ Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնել, բայց չկատարել համաձայնագրի 9-րդ կետը, որի հիմնական շահառուն Ռուսաստանն էր, որովհետեւ հսկողություն էր ստանալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության նկատմամբ, հսկողություն էր ստանալու հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նկատմամբ: Հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը՝ Արեւմուտքի եւ Ալիեւի հետ համաձայնեցրած, ամեն ինչ արեց, որ համաձայնագրի մյուս բոլոր կետերն էլ փաստացի չեղարկվեն, որ ինքը կարողանա հայտարարել, որ նման պայմաններում համաձայնագրի 9-րդ կետը եւս չի կարող գործել: 

Ի տարբերություն Հայաստանում գործունեություն ծավալող ընդդիմադիր գործիչների, որոնց նկատմամբ Փաշինյանն ունի ազդեցության եւ վերահսկողության բազմաթիվ լծակներ` բանտարկությունից մինչեւ ֆինանսավորման աղբյուրների արգելափակում, Ռուսաստանում հայտնված եւ իրենց ընդդիմություն հռչակած գործիչներն ավելի պաշտպանված են. Ռուսաստանը նրանց ապահովում է ոչ միայն գործունեության ազատությամբ՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը, այլեւ ֆինանսավորում է, պաշտպանում է ՀՀ իրավապահներից: Ռուսահայ գործարարները Ռուսաստանի իշխանությունների թույլտվությամբ եւ հորդորով պատրաստակամ են փող տալ իրենց պատմական հայրենիքում արդարություն հաստատելու նվիրյալներին: Այս մարդկանց մեծ մասը 2018-ին ֆինանսավորել է Փաշինյանի հակասահմանադրական հեղաշրջումը, թերեւս դարձյալ Ռուսաստանի իշխանությունների առնվազն թույլտվությամբ, եթե ոչ` հանձնարարությամբ:

Այո, երկրներում իշխանությունները փոխվում են ոչ միայն այդ երկրների ժողովուրդների կամքով եւ ցանկությամբ, այլեւ ավելի հաճախ՝ դրսի ուժերի միջոցով եւ աջակցությամբ: Օրինակները բազմաթիվ են, եւ շատ հեռու պետք չէ գնալ: Միացյալ Նահանգները վերջին մի քանի տասնամյակում իշխանափոխություն են իրականացրել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այնտեղ, որտեղ դա հնարավոր է եղել, նրանք արել են գունավոր հեղափոխությունների միջոցով, այսպես կոչված` ոչ բռնի, թավշյա մեթոդներով: Բայց որտեղ ռեժիմները դիմադրել են, դրսի ուժերը դիմել են ամենաբռնի մեթոդների: Հարավսլավիայում՝ Միլոշեւիչը, Իրաքում` Հուսեյնը, Լիբիայում` Քադաֆին, Աֆղանստանում` թալիբների իշխանությունը տապալվեցին ամերիկյան հրթիռների, ավիառումբերի եւ ամերիկյան զինվորականների հարվածների տակ, որովհետեւ այդ երկրներում հնարավոր չեղավ իրականացնել ոչ բռնի, թավշյա իշխանափոխություն: Միացյալ Նահանգները թե՛ թավշյա եւ թե՛ բռնի հեղաշրջումներն իրականացնում է, այսպես կոչված, հանուն ժողովրդավարական արժեքների հաստատման, հանուն այդ երկրների եւ դրանց ժողովուրդների բարօրության, իսկ թե արդյունքում ինչ է տեղի ունենում, տեսանելի է բոլորին:
Ռուսաստանն իր նորօրյա պատմության մեջ բռնի հեղաշրջումներ իրականացնելու փորձ չունի, բայց կամաց- կամաց ձեռք է բերում: Ուկրաինայի դեմ սկսած պատերազմը, մեծ հաշվով, այդ երկրում պրոռուսական վարչախումբ իշխանության բերելու համար է: Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքը չի պատրաստվում Արեւմուտքին զիջել նաեւ Հայաստանը եւ պատրաստ է պայքարել: Արեւմուտքը հանուն Հայաստանի չի կռվի Ռուսաստանի դեմ, բայց կարող է զինել, եթե Հայաստանը պատրաստ լինի կռվել Ռուսաստանի դեմ: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք մեկ անգամ գրելու, Արեւմուտքը Հայաստանին կզինի միայն մի դեպքում, երբ վստահ լինի, որ այդ զենքն ուղղվելու է Ռուսաստանի դեմ: Այդ վստահությունը գնալով մեծանում է, դրա համար էլ զենքի մատակարարումներն ավելանում են:

Ավետիս Բաբաջանյան