Ինչի՞ց են «ճնշվում» բնապահպանական ՀԿ-ները՝ ազատ խոսքի՞ց 

Ինչի՞ց են «ճնշվում» բնապահպանական ՀԿ-ները՝ ազատ խոսքի՞ց 

Հայաստանում արդեն երկար տարիներ ամենատարբեր, այդ թվում, գուցե ոչ այնքան բարեկամ երկրների գրանտներով ապրող և գործունեություն ծավալող ՀԿ-ները հերթական անգամ «տղա են բերել»` այս անգամ հայաստանյան մամուլի դեմ։ Մի քանի միջազգային կազմակերպություն վերջերս հայտարարություն էինն տարածել, թե հայ բնապահպանների վրա ճնշում են գործադրում հայաստանյան հանքարդյունաբերական կազմակերպությունները, որոնք դատական հայցեր են ներկայացրել բնապահպանների դեմ և…հայաստանյան լրատվամիջոցները: 

Հանքարդյունաբերական ընկերությունները թող իրենք իրենց ուղղված մասին պատասխանեն, իսկ մենք խոսենք լրատվամիջոցների մասին։ Հայտարարության մեջ, որը տարածում էին «ճնշված» ակտիվիստներն ու բնապահպանները, ասվում է, թե հայաստանյան լրատվամիջոցները և սոցիալական մեդիա հարթակները ճնշում են գործադրում հայ բնապաhպանների վրա` նրանց մեղադրելով Ադրբեջանին նյութեր տրամադրելու մեջ, որը հետո օգտագործվում է Հայաստանի դեմ։ 

Հայտարարության մեջ ուղիղ մեղադրանք է հնչում լրատվամիջոցների նկատմամբ, թե դուք փորձ եք անում «լռեցնել բնապահպաններին» եւ Հայաստանը «ադրբեջանացնել»` թույլ չտալով, որ նրանք անեն իրենց գործը` բարձրաձայնեն եւ պայքարեն բնապահպանական խնդիրների մասին: 

Բայց նախ` լրատվամիջոցներն էլ են օգտվում խոսքի ազատությունից եւ ազատ են գրելու այն, ինչ ճիշտ են համարում եւ ներկայացնելու տարբեր տեսակետներ: Եթե այդ տեսակետները որոշ բնապահպանների սրտով չէ, դա չի նշանակում, որ մարդիկ իրավունք չունեն այն արտահայտելու, քանի որ հայ բնապահպանները սովոր են միայն իրենք խոսել` վերջին ճշմարտությունը ասողի կարգավիճակում: Եւ երկրորդ` մենք ընդամենը հանրության ուշադրությունն ենք հրավիրել նրա վրա, որ հայ բնապահպանների տարածած նարատիվներից օգտվում է Ադրբեջանը եւ դիմում է միջազգային հանրությանը` աղաղակելով տարածաշրջանում Հայաստանի ստեղծած «բնապահպանական աղետի» մասին, դիմում է արբիտրաժային դատարաններ` պահանջելով դադարեցնել Հայաստանի այս կամ այն հանքի գործունեությունը եւ այդ նյութերը ներկայացնելիս հենվում է հենց հայ բնապահպանների տրամադրած տեղեկատվության վրա, որը հաճախ չափազանցված է:

Մի խոսքով, բնապահպանների հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ հայկական լրատվամիջոցները խանգարում են հայ բնապահպաններին օգնել Ադրբեջանին՝ Հայայստանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու գործում։ Այս հայտարարության մեջ մեջբերվում են նաեւ «Հրապարակի» որոշ հոդվածներ։ 

Հետաքրքիր զուգադիպությամբ, այս հայտարարությանը նախորդել է անցյալ շաբաթ գրեթե նույն ոճով ու նույն բառապաշարով գրված մի հոդված` ադրբեջանական պրոպագանդիստական մամուլում, որտեղ ադրբեջանցի հոդվածագիրը հայ բնապահպաններին է «պաշտպանում» հայաստանյան մամուլից և հանքարդյունաբերողներից: 
Միանգամայն բնական է, որ ադրբեջանական իշխանությունը եւ մամուլը չեն ուզում, որ Հայաստանում մի թթու խոսք ասվի այն մարդկանց հասցեին, ովքեր կամա թե ակամա այդքան մեծ ծառայություններ են մատուցում իրենց։ 
Երեք օր առաջ էլ այս բնապահպանները հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, բողոքելով իրենց վրա գործադրվող «ճնշումներից»։ Վերջինս էլ հայտարարություն էր տարածել, որտեղ ասում է, թե հետևողական է լինելու այս հարցում։ Արդյո՞ք հենց սա չի ճնշումը մամուլի եւ ազատ խոսքի նկատմամբ։ Ի՞նչ հարցում է հետևողական լինելու մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մինասյանը; մամուլի բերանը փակելո՞ւ, ճշմարտությունն ասելու արգելքի՞։ Թե՞ ամեն ինչ անելու է, որ ոմանք անարգել իրականացնեն ադրբեջանական շահերից բխող գործունեություն հենց Հայաստանի ներսում:

Կարծում ենք, ոչ ոք չի կասկածում, որ եթե մամուլի հրապարակումներում լիներ որևէ զրպարտություն կամ կեղծիք․ այս ակտիվիստները և նրանց հովանավորները չէին հապաղի հայցեր ներկայացնել մամուլի դեմ։ Խնդիրն այն է, որ այդ հրապարակումներում չկա զրպարտանք, կա ճշմարտության, փաստերի արձանագրում եւ պարզ վերլուծություն։ Մամուլը, այդ թվում՝ մենք արձանագրել ենք փաստ՝ ադրբեջանական կազմակերպությունները հրապարակային աջակցում են հայ բնապահպաններին, թողած իրենց երկրի բնապահպանական խնդիրները և դա փաստ է։ 
Ադրբեջանում պարբերաբար կոչ է արվում արգելել Ամուլսարի շահագործումը, փակել Զանգեզուրի, Սոտքի, Ագարակի հանքերը, և դրա համար նրանք ակտիվ հղում են անում հայ բնապահպանների հայտարարություններին, դա եւս փաստ է։ 

Աբրեջանցիները ուղղակի մեջբերում են հայ բնապահններին և դա նույնպես փաստ է։ Հայ բնապահպանները միջազգային կազմակերպությունների հետ մոնիտորինգներ են իրականացնում Հայաստանում, սակայն չեն հետաքրքրվում Ադրբեջանի բնապահպանական իրավիճակով, չեն պահանջում, որ այդ կազմակերպությունները մոնիտորինգ անեն նաեւ Ադրբեջանում։ 

Այն հասարակական կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ լռել են հայ ժողովրդի համար օրհասական ամենատարբեր խնդիրների շուրջ, այս պահին անում են հայտարարություններ, որոնք չեն բխում Հայաստանի եւ Հայաստանի տնտեսության շահերից։ Եւ իրենց նկատմամբ «ճնշումների» անվան տակ իրենք են ուզում գրաքննություն կիրառել եւ ազատ խոսքը սահմանափակել մեր երկրում:Եւ նրանց այս կոչին ըստ էության միանում են նաև Ադրբեջանի տարբեր մեդիա ռեսուրսներ, իսկ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոստանում է հետևողական լինել բնապահպանների իրավունքների պաշտպանության հարցում, մինչդեռ նրանց իրավունքները, ի տարբերություն հազարավոր այլ քաղաքացիների, ոչ ոք չի խախտել։ 

Անցյալում մենք հազարավոր հրապարակումներ ենք արել բնապահպանական թեմաներով եւ նույն բնապահպանների ամեն մի քայլը բարեխղճորեն լուսաբանել ենք, սակայն այս պահին` երբ մեր երկիրը ոչ ստանդարտ իրավիճակում է հայտնվել եւ նրանց գործություները կարող է վնասել մեր պետությանը, մենք պարտավոր ենք նաեւ մեդալի մյուս կողմը ներկայացնել եւ ցույց տալ, որ այս ՀԿ-ները ադրբեջանական շահերի հետ սինխրոն գործելով վնասում են մեզ, մեր պետությանը, մեր տնտեսությանը: «Դեմոկրատական արժեքների» տակ քողարկվելով` փորձել սահմանափակել այլոց ազատ խոսքի իրավունքը, միաժամանակ չվախենալ սեփական պետությանը վնասելուց եւ թշնամու շահերը սպասարկելուց...ուղղակի դժվար է այս երեւույթին անուն տալ:

Արեգ Մարգարյան