Այդ նավ-պետության մեջ մենք բոլորս ենք

Այդ նավ-պետության մեջ մենք բոլորս ենք

Կադրեր էի դիտում, թե ինչպես է խորտակվում Եմենի հութիների կողմից հրթիռային հարված ստացած բրիտանական նավը, որը ռազմական ու այլ կարգի օգնություն էր տանում Իսրայելին՝ Գազայում ցեղասպանությունը շարունակելու համար։ Նայում էի այդ կադրերն ու հիշում Չեխովի հանրահայտ պատմվածքի հերոս Բելիկովին թաղելու դրվագը, երբ հեղինակն ասում է՝ «Այնպիսիներին, ինչպիսին Բելիկովն է, թաղելը մեծ հաճույք է»։ Այդ պահին ես նույն զգացողությունն ունեցա՝ այսպիսի նավեր խորտակելն իսկապես մեծ հաճույք է։

Երիցս հարգանքի են արժանի հութիները, որ այսօր ձեռնոց են նետել աշխարհի հզորներին, ու նրանք, իրենց կյանքը վտանգելով, այդկերպ պաշտպանում, սատարում են իրենցից հեռու եւ ոչ ազգակից պաղեստինցիներին։ Այն դեպքում, երբ մի այլ ժողովուրդ առաջնորդվում էր «Արցախը տանք, որ լավ ապրենք» սկզբունքով ու տվեց Արցախը եւ հիմա ինքն է հայտնվել զոհասեղանին։ Սա՝ իմիջիայլոց։

Հետաքրքիրն այն է, որ հութիները յուրացրել են կամ իրենցից անկախ, մենթալիտետով պայմանավորված, անգլոսաքսերի դեմ պայքարում են հենց սրանց կենսակերպով, որը հիմնված է ուժի, զենքի իրավունքի մշակույթի վրա՝ թե՛ իրավական, քաղաքական ու թե՛ մարդկային հարաբերություններում։

Մարդկանց մոտ զենքի առկայությունն է, որը հավասար հնարավորություններ ու իրավունքներ է տալիս բոլորին: Զենքն է, որը ստիպում է ոստիկանին ոստիկան լինել, դատավորին ու քննիչին՝ իրենց գործն անել, իսկ զոհին էլ՝ հույս ունենալ արդարության վրա:

Շարքայինի մակարդակներում եթե որեւէ պահի զիջվեց արդարությունը, ապա հաջորդ իսկ պահին դատավորի, քննիչի, իշխանավորի դեմ է դուրս գալու մի այլ, բայց զինված շարքային, որը նախադեպի ուժով հույսը կտրած է լինելու եւ անձնական հաշվեհարդար է իրացնելու: Առաջին հայացքից զարմանալիորեն, իսկ իրականում շատ էլ հիմնավորված է դետեկտիվի ժանրի հարուստ մշակույթի առկայությունը հենց անգլիական կյանքում, որի հիմնադիրներն ու կարկառուն ներկայացուցիչներն են Էդգար Ալան Պոն, Կոնան Դոյլը, Ագաթա Քրիստին եւ այլք։

Դետեկտիվը գոյություն չէր ունենա, եթե զենքն առկա չլիներ, եւ, հետեւաբար, երկու կողմից էլ հարցերը տրամաբանված չլինեին: Հայկական ամբողջ բեսպրեդելը՝ իշխանականը, կենցաղայինը, ախպերականն ու ազգայինը, հետեւանք է զենքի մշակույթի եւ նույնիսկ դրա գիտակցման իսպառ բացակայության: Դա է պատճառը, որ երկիրը լցվել է մարդակեր ոստիկաններով, դատավորներով ու քննիչներով, թիկնապահ աշխատող սափրագլուխ արարածներով ու այլ կենդանիներով: Այս կործանարար վիճակի տեսականը, ապա եւ գործականն ապահովող ու հավերժացնող անտեղյակներն ու տեղյակներն են մեր ազգային եւ պետական գահավիժման մեղավորները:

Նույնիսկ Ռուսաստանն անցավ զենքի մշակույթի ներդրմանը, իսկ մեզանում այն տաբու է, որի արդյունքում էլ պետությունը երեք տասնամյակ է՝ զանազան բախտախնդիրների, արկածախնդիրների, գործակալների, սրանց թայֆաների, ոհմակների թատերաբեմ է դարձել։ Ու սրանց իբր հակակշիռ, իբր պայքարաձեւ են դարձել ամուլ հանրահավաքները, որոնք արդեն պարզապես հայկական, ազգային շոուների անվերջ շղթա են իրենցից ներկայացնում՝ համեմված ճառերով ու անատամ հայտարարություններով։ Մի պաշտոնյա էլ, վկայակոչելով արեւելյան հայտնի առածը, սրանց մասին արհամարհանքով ասում էր՝ թող հաչան, շունը հաչում է, քարավանը գնում է։ Բայց մեր պարագայում իրականում քարավանը չէ, այլ նավն է գնում։ Ու ոչ թե գնում, այլ դանդաղ խորտակվում է։ Իսկ այդ նավ-պետության մեջ մենք բոլորս ենք։

Գարեգին Վարդանյան