Այսօրվա ընդդիմադիրները սովորելու բան ունեն ընդդիմադիր Նիկոլից

Այսօրվա ընդդիմադիրները սովորելու բան ունեն ընդդիմադիր Նիկոլից

Հիմա շատերը կհարցնեն, թե ինչ պետք է սովորեն ստախոս, ղժղժան, պոպուլիստ Նիկոլից: Այո, նաեւ պոպուլիզմ։ Ինչ խոսք, այսօրվա իշխանությանը դեմ է Հայաստանի հիմնականում գրագետ, ինտելեկտուալ, գաղափարական հատվածը: «Տիտղոսակիր» ընդդիմադիրները հիմնականում գաղափարական մարդիկ են, ովքեր ունեն անցած կյանքի հետագիծ: Նրանցից շատերը քիչ թե շատ մասնակցել են Հայաստանի պետականաշինությանը՝ իրենց բոլոր սխալներով հանդերձ:

Բայց այսօր, որպես ընդդիմադիր, նրանք չեն կարողանում դեպի իրենց գրավել հասարակության լայն շերտերին, որովհետեւ խոսում են այնպիսի բաներից, որոնց նկատմամբ հասարակությունը չունի սրտացավություն, մտահոգություն: Այդ թեմաներն են՝ հայրենիք, Արցախ, Սահմանադրություն, պետականություն: Հասարակության մեծամասնությունն ապրում է ընդամենը ստամոքսի, սեփական անձի հարմարավետության մտահոգություններով: Ի՞նչ Արցախ, ի՞նչ պետականություն… Պատահական չէ, որ հենց Գեղարքունիքի մարզում ոչ մի ըմբոստություն չեղավ, փողոցներ չփակվեցին, ճանապարհների երթեւեկը չդադարեց, երբ շրջափակման մեջ էին արցախցիները, երբ հայրենիքի մի մասը կորցրինք այսօրվա ապիկար իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Նույն անտարբերությունն է, երբ Փաշինյանը գնում է զիջումների եւ պատրաստ է կատարել Ալիեւի բոլոր քմահաճությունները: Բայց, այ, երբ հարցը հասավ գեղարքունիքցիների ստամոքսին՝ սիգին, պարզվեց՝ այս մարդիկ մե ըմբո՜ստ, մե պահանջատե՜ր…

Բա խոպանչինե՜րը, խոպան տեղ Նիկոլին աստվածացնելով ման են գալիս, մի քանի անգամ ընտրել են նրան, բայց պարզվեց, որ Նիկոլն իրենց փայից բաժին է ուզում՝ ասում է․ պետք է ինձ էլ հարկ տաք. «Բա Նանիին ու Զանիին ինչո՞վ պիտի տանեմ աշխարհը ման տամ»։ Ու խոպանչիները դուրս եկան՝ է՛լ ճամփա փակել, է՛լ վերջնաժամկետ դնել… ու հիշեցին Նիկոլի գործած մեղքերը։ Ինչեւէ, սա է մեր հասարակությունը: Այս մարդկանց մի քանի օրում կամ ամսում չենք կարող բարձրացնել-հասցնել որոշակի գաղափարական մակարդակի: Բայց պետք է կարողանանք նրանց հետ խոսել, երկխոսել, սիրաշահել, բերել այն դաշտ, որը պետք է հայրենիքի փրկության համար։

Ի՞նչ կաներ ընդդիմադիր Նիկոլը նման իրավիճակներում. չէր ալարի, կնստեր մեքենան ու կգնար կհասներ Գեղարքունիք, կկանգներ մի բարձր տեղ ու կսկսեր էմոցիոնալ, «սրտացավորեն» խոսել ժողովրդի հետ՝ ժողովրդի լեզվով: Պատկերավոր կնկարագրեր, թե խոպանչիները ոնց են դառը քրտինք թափելով ռուսաստաններում փող աշխատում՝ ասֆալտ անելով, շինարարության վրա տանջվելով, որ բերեն՝ իրենց ընտանիքի հոգսերը հոգան, բայց վարչապետ էսինչյանը նրանցից հարկեր է ուզում, որ իր ընտանիքի հետ աշխարհով ման գա, թիկնազոր պահի, կյանքը վայելի: Նիկոլը կներկայացներ Սեւանի ձնկորսների դառը կյանքը, սոցիալական անարդար ծանր վիճակը, կխոսեր իշխանության եկած ՔՊ-ականների ձեռք բերած հարստությունների մասին, կներկայացներ տպավորիչ թվեր, փաստեր: Ու գեղարքունիքցիների սիրտը կլցվեր, որ վերջապես իրենց հոգսը հասկացող մեկը կա, իրենց դարդը լացող կա։ Թե չէ՝ մարդիկ դուրս են գալիս, մեծ-մեծ բաներից են խոսում՝ հայրենիք, պետականություն, Արցախ, որոնք հասու չեն իրենց մտքին…

Ինչ խոսք, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո եղան դեպքեր, երբ ընդդիմադիրները միացան ցուցարարներին: Օրինակ, երբ միացան անհայտ կորածների ծնողներին, իսկ վերջիններս կտրուկ արգելեցին խառնվել իրենց գործերին, ասելով՝ մի քաղաքականացրեք: Հետո այդ նույն մարդիկ խնդրում էին, որ ընդդիմադիրներն իրենց մենակ չթողնեն, իրենց կողքին լինեն, բայց արդեն ուշ էր։ Սակայն սա պատճառ չէ, որ ընդդիմադիրները չմիանան ցուցարարներին: Օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Նիկոլը գնաց եւ փորձեց ինչ-որ դերակատարում ունենալ այնտեղ: Իսկ ներսից ազդակներ եկան. Պավել Մանուկյանը կոչ արեց․ «Նիկոլին քցեք զիբիլի վեդրոն»: Բայց դա չվախեցրեց նրան՝ նա ամեն տեղ էր, բոլորի կողքին: Ընդդիմադիր Նիկոլը որտեղ երկու ցուցարար էր տեսնում, ինքը դառնում էր երրորդը: Ու չէր նայում՝ իրեն ուզո՞ւմ են այն մյուս երկուսը, թե՞ ոչ: Նույնը պետք է անեն այսօրվա ընդդիմադիրները: Նրանք պետք է մտնեն բոլոր ցուցարարների շարքերը, խոսեն մարդկանց հետ, հասկանան նրանց: Եթե ճանապարհ են փակել ջրահովիտցիները՝ իրենց գյուղի դպրոցը փակելու համար, ապա պետք է լինել ջրահովիտցիների կողքին: Կարեւոր չէ, որ այս գյուղը հպարտանում էր, թե ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ մի մարդու պես ընտրել են Նիկոլին: Պետք է լինել ցուցարար՝ տաքսիստների, վարորդների, ուսուցիչների, գյուղացիների, բոլորի կողքին, որպեսզի անջրպետը վերանա: Մարդկանց հետ պետք է խոսել այն լեզվով եւ այն թեմաներից, որոնք նրանց հասու են ու հասկանալի: Պետք է չալարել եւ մտնել բոլորի խնդիրների մեջ, որպեսզի անջրպետը վերանա: Այս մարդիկ իրենք չեն գա միավորվեն բարձր գաղափարների շուրջ: Բայց նրանց պետք է բերել համախմբման՝ իրենց հասու խնդիրներից խոսելով: