Խնդիրը մեր մեջ է
Ադրբեջանցի զինվորի` Ներքին Հանդի տարածքում վիրավորվելու հանգամանքը, այդ երկրի ԱԳՆ-ի կարծիքով, «գրեթե հինգ ամիս տեւած կայունության խախտում» էր: Ինչի պատճառով էլ իրականացվեց չորս հայ զինվորի կյանք խլած «Հատուցում» կոչված գործողությունը: Իսկ մինչ այդ միայն մեկ անգամ մեր կայքերից մեկում հրապարակվեց այն տեղեկությունը, որ թշնամին փորձել էր խոչընդոտել սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելուն: Ու մեր զինվորը (թե՞ զինվորները), բնականաբար, փորձել էր (էին) լռեցնել թշնամուն: Բայց քանի որ Հայաստանի վարչապետը երբեմնի «դուխով» Նիկոլն է, իսկ ԱԳ նախարարն էլ՝ նրա նշանակած Արոն, այդ տեղեկատվությունը չտարածվեց աշխարհով մեկ, ու ոչ ոք չմեղադրեց Ադրբեջանին: Իսկ օրեր առաջ ադրբեջանցի զինվորի վիրավորվելը մեր գլխին դարձավ իսկական պատուհաս:
Դա՝ մեկ, եւ երկրորդ. վերջին հինգ ամիսներին ադրբեջանական զինուժը բազմիցս խախտել է հրադադարը: Հիշենք, օրինակ, սահմանամերձ Երասխ գյուղի հարեւանությամբ կառուցվող մետալուրգիական արտադրամասի գնդակոծումները: Ինչի արդյունքում եղել են նաեւ վիրավորներ: Ինչպես նաեւ շինարարությունն այլ վայր տեղափոխելը (թե՞ ընդհանրապես դադարեցնելը): Բայց այդ ամենը, բնականաբար, կայունության խախտում չէր կարող համարվել, քանի որ կրակողը թշնամին էր: Իսկ նրան, ինչպես բազմիցս համոզվել ենք, դա թույլատրվում է: Ի դեպ, հենց նոր մի վարկած ծագեց ուղեղումս. Երասխի ուղղությամբ ապագա հարձակման դեպքում այդ գործարանը խանգարելու էր թշնամուն, եւ այն գրավելը լրացուցիչ զոհեր էր պահանջելու: Երեւի հենց այդ պատճառով էլ ստիպեց Նիկոլին տեղափոխել այն: Իսկ անունն էլ դրվեց բնապահպանական պահանջ՝ ճիշտ այնպես, ինչպես 2022 թվականի դեկտեմբերին Արցախը շրջափակելիս:
Անցում կատարենք Ֆրանսիային եւ արձանագրենք, որ Ադրբեջանի բռնապետն իրավունք ունի անընդհատ մեղադրել Ֆրանսիայի ղեկավարությանը եւ պահանջել` «դադարեցնել կողմնակալ մոտեցումներն» իր երկրի նկատմամբ: Որովհետեւ ինքը, նախ, լուծել է (հասցեագրել է՝ ըստ նիկոլական բառապաշարի) ղարաբաղյան հակամարտությունը պատերազմով: Եվ երկրորդ․ դա ամրագրել է թղթի վրա՝ դիվանագիտորեն, վարչապետի աթոռից կառչած անձին պարտադրելով պարտվողական խաղաղություն: Այն, ինչը, ինչպես բազմիցս է ասվել, հրաժարվում են ընդունել Ուկրաինայում: Ֆրանսիայի իշխանությունն էլ, բնականաբար, մի օր, թեկուզ որպես փաստացի հանգամանք, ընդունելու է ադրբեջանական մոտեցումները՝ լավագույն դեպքում բավարարվելով Հայաստանին զենք վաճառելով: Ինչն ընդամենը կդիտարկվի որպես բիզնես եւ ոչ ավելի:
Իսկ խնդիրն էլ, մեծ հաշվով, Նիկոլի մեջ չէ. 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո ինքնապահպանության բնազդով առաջնորդվելով՝ նա անում է այն, ինչ պետք է աներ: Խնդիրը նաեւ նրա շրջապատի մեջ չէ, որոնք, մեծ հաշվով, թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա: Եվ փորձում են վայելել կյանքը, քանի դեռ հնարավոր է: Այդպիսիք առկա են եղել նաեւ այլ ազգերի մեջ եւ այլ ժամանակներում: Իրական խնդիրը հենց մեր մեջ է: Այնքանով, որ գիտակցելով այդ ամենը՝ ոչինչ անել չենք կարողանում: Չենք կարողանում Նիկոլին հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից եւ կասեցնել անկման գործընթացը: Ընդամենը բավարարվում ենք հոդված գրելով՝ դա վերաբերում է նաեւ ինձ, եւ կամ ժամանակ առ ժամանակ հանրահավաք կազմակերպելով: Կարծես թե Նիկոլն ընդամենը մերժված Սերժն է, որ հայտարարի իր սխալ լինելու մասին եւ հրաժարական ներկայացնի: Այնպես որ, խնդիրը մեր մեջ է:
Կարծիքներ